Լրահոս
Օրվա լրահոսը

Մաքսավորներն անօրինակա՞ն են մաքսազերծել

Ապրիլ 22,2008 00:00

Թեեւ մաքսատան ղեկավարները պնդում են, որ ապրանքների մաքսավճարները չեն ավելացել, բայց առեւտրականները պետք է

ավելի շատ գումար մուծեն:

Երեկ «Այրարատ», «Հրազդան», «Մալաթիա» եւ «Ֆիրդուսի» տոնավաճառների մի խումբ վաճառականներ կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիա էին կազմակերպել՝ ընդդեմ Մաքսային պետական կոմիտեի: Նրանց խոսքերով, նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ եկած-չեկած, ներկրվող ապրանքների մաքսերը բարձրացրել է: Առեւտրականների հավաստմամբ, ներմուծվող ապրանքի հարկն այնքան է բարձրացել, որ իրենք չեն կարողանում տակից դուրս գալ ու հենց դրա համար էլ եկել են ցույցի: Նրանց անհանգստացնում էր այն, որ մինչ այսօր, օրինակ՝ տրիկոտաժի համար վճարվող նախկին մեկ կիլոգրամի դիմաց $3-ը դարձել է $8-10: Ցուցարարների խոսքերով, մաքսերի կրկնակի-եռակի թանկացումը խփում է վաճառականների գրպանին. «Իշխանությունները մանր եւ միջին բիզնեսին խթանելու փոխարեն այնպիսի հարկեր ու տուրքեր են սահմանում, որ այն մեր երկրում ոչ մի կերպ չի զարգանա»: «Մալաթիա» տոնավաճառի աշխատակից Մարինեն մեզ հետ զրույցում բողոքեց, որ իրենք իրենց աշխատանքով օրվա հացի գումար են վաստակում. «Առանց այդ էլ ստորացուցիչ պայմաններում ենք աշխատում»: «Հրազդան» տոնավաճառի առեւտրականներից մեկն էլ ավելացրեց, որ մեր երկրում ժողովրդի իրավունքները պաշտպանված չեն:

«Ֆիրդուսիում» առեւտուր անող Վիկտորյան էլ ասաց. «Ընդհանրապես ճիշտ կլիներ այս հարկերը չվերաբերեին սոցիալապես անապահով խավին, քանի որ միջին աշխատավարձով ապրող մարդը ոչ մի դեպքում չի գնա այլ տեղերից թանկ գնով ապրանք բերի, թանկ գնով մաքսազերծի ու մի փոքր ավել գնով վերավաճառի»: «Այրարատ» տոնավաճառում աշխատող Գայանեի խոսքերով՝ իրենց հրահրում են այլ միջոցներով պայքարել, քանի որ իրենց թույլ չեն տալիս հանգիստ ապրել: Երեկ վաճառականները վճռական էին տրամադրված, որ եթե կառավարությունն իրենց հարցը չկարգավորի, չորեքշաբթի ավելի մեծ բանակով են հավաքվելու եւ անգամ հացադուլ են անելու:

Երեւանի տոնավաճառների աշխատակիցների այն պնդումներին, թե Մաքսային պետական կոմիտեն բարձրացրել է արտերկրից ներկրվող ապրանքների մաքսազերծման սակագները, Մաքսային պետական կոմիտեի լրատվական բաժնից «Առավոտին» պարզաբանեցին, որ մաքսային արժեքի ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել, բացի այդ, ըստ մաքսայինի, նույնն են մնացել նաեւ մաքսային դրույքաչափերը. «Պարզապես, ՀՀ մաքսային պետական կոմիտեում քայլեր են ձեռնարկվում՝ մաքսանենգության դեմ պայքարը խստացնելու եւ առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ»:

Այսինքն՝ մաքսայինի պարզաբանումից կարելի է ենթադրել, որ մինչ այժմ մաքսավորները առեւտրականների հետ «համագործակցել» են եւ նրանց բեռները մաքսազերծել են ոչ թե սահմանված արժեքով, այլ վաճառականներին եւ իրենց ձեռնտու սակագներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել