Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ՒՐ ԵՆ ՑԵՄԵՆՏՆ ՈՒ ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԸ

Ապրիլ 22,2008 00:00

\"\"Տիգրան Ուրիխանյանն ընդդիմություն է դառնում

«Հետընտրական շրջանում իշխանությունը կորցրեց ավելի շատ վստահության քանակ, քան վաստակել էր այս տարիների ընթացքում: Ինչպե՞ս կարելի էր մեկ-երկու ամսվա ընթացքում կորցնել այդքան, ընդ որում, բացահայտ սխալներ չկատարելով, որեւէ նոր քաղաքականություն չվարելով, բացի քաղաքականից, այլ ճգնաժամի մեջ չլինելով՝ առաջացնել դժգոհություն հենց տարատեսակ ոչ քաղաքական հարցերի հետ կապված»,- «Առավոտի» հետ զրույցում նման հայտարարություն արեց Հայաստանի առաջադիմական կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը, ով տարբեր առիթներով իր հավատարմությունն է արտահայտել Սերժ Սարգսյանին, իսկ նախագահական ընտրություններին պաշտպանել է նրա թեկնածությունը:

Տիգրան Ուրիխանյանն ասում է, որ Սերժ Սարգսյանին սատարելու ողջ ընթացքում ինքը չի առաջնորդվել «շեֆի աչքին երեւալու» տարբերակով, ինչը ընդունված է մեզանում, այլ անկեղծորեն հավատալով եւ վստահելով նրան՝ փորձել է իր կուսակիցների, ընկերների, համակիրների շրջանում, ովքեր վարչական լծակներից կախված չեն, խիստ անձնական շահ չունեն իշխանությունից՝ առաջընթացի, նոր մոտեցման, նոր կադրերի հույսեր արթնացնել: Նա համոզված է, որ նախընտրական շրջանում նման միտում կար եւ շատերն էին Սերժ Սարգսյանի հետ հույսեր կապում: Այս իրավիճակն էլ մեր զրուցակցին մղել է ավելի ակտիվ աշխատանքի: Այսուհետեւ նա իր կուսակիցներով ու համակիրներով լծվելու է հենց այդ հուսախաբ եղած զանգվածի միավորման ու պաշտպանության գործին՝ ընդդիմություն դառնալով ե՛ւ կառավարությանը, ե՛ւ գործող ընդդիմությանը՝ ի դեմս Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմի: «Մենք՝ հետեւողական մեր դավանած ցենտրիստական գաղափարախոսությանը, սատարեցինք, աջակցեցինք, օժանդակեցինք՝ հասարակական հենարան եղանք, հիմա որքան սատարել, աջակցել, օժանդակել ենք՝ այդքան էլ հետեւողական եւ պահանջատեր պետք է լինենք,- ուրախություն հայտնելով, որ ի կատար է ածվել իրենց վաղեմի երազանքը եւ Սերժ Սարգսյանը այլեւս ՀՀ նախագահ է, ասում է երիտասարդ գործիչը,- Հիմա եկել է գործադիր իշխանությանը թափ տալու եւ, առհասարակ, իշխանությանն այլընտրանք դառնալու ժամանակը: Վերջին հաշվով, կարելի է համարել, որ սկսվեց նոր նախընտրական պայքար եւ այս ընթացքում ՀԱԿ-ը կձեւավորվի որպես հստակ այլընտրանք ներկա եւ նախկին իշխանություններին»:

«Առավոտի» հարցին՝ ինչո՞ւ է ՀԱԿ-ը ընդդիմություն բոլորին, բացի Սերժ Սարգսյանից, Տ. Ուրիխանյանն ասում է, որ պարզապես նոր Սահմանադրությամբ նախագահի լիազորությունները սահմանափակ են: Սրանով հանդերձ ասում է, որ Սերժ Սարգսյանից էլ պատասխան են պահանջելու կադրային քաղաքականության համար՝ արդեն իսկ դժգոհելով նորանշանակ կադրերից, այդ թվում նաեւ՝ վարչապետի նշանակումից:

Իր պայքարը ՀԱԿ-ը սկսելու է մայրաքաղաքից՝ սկսած բացակայող կամ ուր որ է անցորդների գլխին ընկնող ճանապարհային երթեւեկության նշաններից, վերջացրած շինարարական եւ կանաչապատման աշխատանքներով: «2-3 տարի առաջ սալիկապատվեցին մի քանի տասնյակ հազար քառակուսի մետր մայրաքաղաքային մայթեր եւ զբոսայգիներ: Այսօր կա՞ մեկը, ով պատասխան կտա, որ այդ սալիկապատված տարածքների մեծ մասը քայքայվել է՝ բետոնի մեջ ցեմենտի անբավարար քանակի համար: Տեղական իշխանությունների եւ պատվեր կատարող կազմակերպությունների միջեւ կնքվե՞լ են պայմանագրեր, ի՞նչ պայմաններով, ի՞նչ կողմնակի շահագրգռվածություն է եղել, որ անորակ աշխատանք է կատարվել, ո՞վ է պատասխան տալու այն անորակ աշխատանքի համար, որի դիմաց վճարել ենք բոլորս: Կամ՝ գյուղնախարար վերանշանակվեց մի մարդ, ում անձի հետ մի շարք խնդիրներ կան կապված իր պաշտոնավարման տարիներին: Ասենք՝ հակակարկտային կայանների հարցը, որը բարձրացրել է «ՍԱՊՕ-ինտերնեյշնլ» արգենտինական ընկերությունը եւ վիճարկելու են Միջազգային տնտեսական դատարանում: Ասում ենք՝ բերք չկա, նվազում է, բնակլիմայական պայմանները հարվածում են առանց այդ էլ խեղճ գյուղացուն ու տապալում ենք այդ կարեւոր խնդրի լուծումը, մինչդեռ կնքվել են պայմանագրեր, հատկացվել են ֆինանսներ, կայանների կեսը հասել է տեղ՝ մնացած կեսի ճակատագիրն անորոշ է: Բայց եթե մենք պահանջատեր լինենք բոլոր հարցերում, պաշտոնյաներն իրենց կամայականություններ թույլ չեն տա: Հենց մենք՝ ամենավերին իշխանությունից պահանջելու ենք պատասխաններ, քանի որ որպես իրենց սատարող, մեզ վրա էլ պատասխանատվություն կա: Ես ի՞նչ պատասխանեմ մարդկանց՝ եթե չլինի փոփոխություն, բարելավում»,- ասում է նա: Նման գործունեությամբ ՀԱԿ-ը ակնկալում է հաջորդ խորհրդարանում խմբակցություն ունենալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել