«Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների գործունեության մասին» բանաձեւից ելնելով՝ ՀՀ իշխանությունները պետք է դադարեցնեն ընդդիմադիրների հետապնդումն «առերեւույթ արհեստական ու քաղաքական շարժառիթներով պայմանավորված» մեղադրանքներով: Սակայն դատարանը երեկ եւս 2 ամսով երկարաձգեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի կալանքը: Վերջինիս պաշտպանը՝ փաստաբան Հովիկ Արսենյանն «Առավոտին» հայտնեց. «Ես մինչ օրս չեմ ասել, բայց հիմա ուղղակիորեն եւ միանշանակ պնդում եմ, որ Սմբատ Այվազյանի նկատմամբ իսկապես իրականացվում է քաղաքական հետապնդում, եւ նա քաղբանտարկյալ է: Այնքանով, որքանով որ դեռեւս 2008-ի փետրվարի 24-ին նրա նկատմամբ ընդամենն իրականացվել է դիմադրության շատ վատ բեմադրություն: Այդ հիմքերով կալանքի էին վերցրել: Եվ վարույթն իրականացնող մարմինն առանց որեւէ հիմքի այժմ նորից միջնորդել էր նրան 2 ամիս ժամկետով կալանքի տակ պահելու վերաբերյալ: Այս անգամ մեջբերում էին արել այն տրաֆարետից, որ Քր.օր.-ի 300 հոդվածով՝ պետական իշխանությունը յուրացնելը, մյուսների համար էլ էին մեղադրանք առաջադրել»: Փաստաբանը մի քանի մեջբերում արեց այդ միջնորդությունից. «Պատճառաբանում են, թե նախաքննությամբ բավարար տվյալներ են ձեռք բերվել, որ Ս. Այվազյանը «ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ պարտություն կրելուց հետո, ներգրավվելով նրա համախոհների խմբում եւ նրանց հետ համաձայնության գալով», ՀՀ-ում պետական իշխանությունը փորձել են յուրացնել՝ Սահմանադրության խախտմամբ: Ըստ այս միջնորդության՝ Սմբատ Այվազյանն այլ անձանց հետ համատեղ իրականացրել է նշված հանցավոր մտադրություններն իրագործելուն ուղղված ակտիվ գործողություններ»:
Ըստ Հովիկ Արսենյանի՝ «Ինձ համար շատ տարօրինակ է. եթե իսկապես այսպիսի բավարար ապացույցներ են ձեռք բերվել՝ ի՞նչն է պատճառը, որ մինչ օրս այդ հոդվածով մեղադրանք չեն առաջադրել Սմբատ Այվազյանին: Է, առաջադրե՛ք: Գրում են, թե այսպիսի բաներ է արել՝ համախոհների հետ հանցավոր համաձայնությո՜ւն, պետական իշխանությունը յուրացնե՜լ եւ այլն, բայց ինչո՞ւ մեղադրանք չեն առաջադրում, այլ միայն 316 հոդվածի առաջին մասով են մեղադրում՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն»: