Քաղաքական ուժերը գնահատում են ԵԽԽՎ բանաձեւը
Իսկ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը երեկ «Ուրբաթ» ակումբում գրեթե նույնաբովանդակ միտք արտահայտեց եւ առաջարկեց ընդդիմադիր ուժերին՝ եթե համաձայն չեն ստեղծված իրավիճակի հետ, թող հարցերը փորձեն վիճարկել եվրոպական դատարաններում: Ըստ Արամ Սաֆարյանի, «Երկխոսությունը պետք է մի հիմքի վրա տեղի ունենա, որ արտախորհրդարանական ընդդիմությունը, ինչպես որ գրված է ԵԽ համապատասխան բանաձեւում, ընդունի ընտրությունների արդյունքները, ՍԴ որոշումը, եթե ունի էական անհամաձայնություն, ապա ընդունված ընթացակարգով դիմի համապատասխան եվրոպական դատական ատյաններ: Եվ միայն այս հիմքի վրա է հնարավոր երկխոսությունը, որը արտախորհրդարանական ընդդիմությանը հնարավորություն կտա ավելի լայն մասնակցություն Հայաստանի քաղաքական կյանքում»: Խոսելով մարտի 1-ի դեպքերը ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու գաղափարի մասին՝ պարոն Սաֆարյանը նշեց. «Ես դեմ չեմ եւ նույնիսկ կողմ եմ այդպիսի հանձնաժողովի ստեղծմանը, բայց ես դեմ եմ, որ այդ հանձնաժողովը ստեղծվի Ազգային ժողովում, որովհետեւ ԱԺ-ում բոլոր նախորդ տարիներին ստեղծված առնվազն 3 ժամանակավոր հանձնաժողովների տխուր պատմությունը ցույց է տալիս, որ այստեղ միայն խոսելու են եւ ոչ մի լուծման չեն հանգելու»: Ավելի ուշ «Առավոտը» ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին առաջինն արտահայտված անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանին փոխանցելով այս կարծիքը՝ մեկնաբանություն խնդրեց: Պարոն Դալլաքյանը չուզեց որեւէ բան ասել այս կապակցությամբ, բայց հիշեցրեց՝ ինքը նաեւ առաջարկել էր այդ հանձնաժողով ընդգրկել փորձագետների, եւ «քաղաքավարի ձեւով չեմ նշել, թե այդ փորձագետները որտեղի՞ց պետք է լինեն, ենթադրվում է, որ կարող են լինել նաեւ միջազգային մասնագետներ, եւ, այո, մնում եմ այն կարծիքին, որ մարտի 1-2-ի դեպքերի օբյեկտիվ ուսումնասիրությունը կարեւոր է ներքաղաքական լարվածությունը որոշակիորեն թուլացնելու համար»:
ԵԽ բանաձեւի մասով Դալլաքյանը նկատեց. «Այս բանաձեւն ընդհանուր առմամբ համարժեք է Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին, միաժամանակ ակնհայտ է, որ մեր խնդիրները ինքներս պետք է լուծենք: Ցավոք, մեզանում ժողովրդավարության ընդհանուր վիճակը ցածր մակարդակի է: Մյուս կողմից կան որոշակի կառույցներ, որոնք արտաքին քաղաքական որոշակի շահեր ունեն ՀՀ-ում, եւ այսօրինակ փաստաթղթերը պետք է դիտարկել նաեւ ԼՂՀ հիմնախնդրի բանակցային գործընթացի համատեքստում»: Անդրադառնալով ԵԽ-ի առաջարկին՝ ընտրական գործընթացներին անհամաձայնությունը եվրոպական ատյաններում բողոքարկելու մասին, պարոն Դալլաքյանը հիշեցրեց, որ 2003-ին ՀՀ նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանը դիմեց Եվրոդատարան, բայց մինչ օրս այդ խնդիրը չի քննարկվել, եւ բանաձեւի այս կետը, ըստ պարոն Դալլաքյանի, նպատակ է հետապնդում հարցը դիտարկել բացառապես իրավական հարթությունում. «Եվ դրա հետ կապված՝ ես իլյուզիաների մեջ չեմ ընկնում»: