Ասում է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը, որի խափանման միջոցը՝ կալանքը, ապրիլի 18-ին փոխարինվեց քաղաքից չբացակայելու ստորագրությամբ:
– ԱԺ այն պատգամավորները, որոնց Դուք դիմել էիք նամակով՝ պնդում էին, թե սերունդների համերաշխության սկզբունքից ելնելով եւ մի քանի այլ հիմնավորումներով էիք առաջարկել միջնորդել փոխել Ձեր խափանման միջոցը: Մինչդեռ Ձեր պաշտպան Հովիկ Արսենյանը մամուլին հայտնել էր, թե իրականում նամակն ունեցել էր այլ բովանդակություն. խոսք է եղել այն մասին, որ նրանցից ոմանց հետ ժամանակին դարձյալ ցույցեր եւ անգամ հացադուլ եք արել ու չեք հետապնդվել: Ի՞նչ էիք գրել իրականում:
– Ես դիմել էի ԱԺ այն պատգամավորներին, որոնց հետ ճանապարհ եմ անցել՝ Էդուարդ Շարմազանովին, Արմեն Աշոտյանին եւ Կարեն Ավագյանին: Նրանց ասել եմ, որ հետապնդվում եմ մեկ ելույթի համար, ու քաղաքական հանդուրժողականության կոչ եմ արել իմ ընկերներին եւ ակնկալել եմ, որ նրանք հանդես կգան միջնորդությամբ՝ խափանման միջոցը փոխելու հարցում: Իսկապես՝ խնդրանք չի եղել, քանի որ կարծում եմ՝ ընկերներին պետք չի խնդրել. Էդիկի եւ Արմենի հետ վերջին տարիներին, անկախ քաղաքական բոլոր իրավիճակներից՝ մենք պահպանել ենք մարդկային նորմալ հարաբերություններ: Եվ նույնիսկ չեմ կարծում, թե խնդրել-չխնդրելու շահարկումն իրենց կողմից է եղել: Այո, ես նրանց հիշեցրել եմ, որ քաղաքական հանդուրժողականությունը եւ նոր սերնդի գործիչներին բնորոշ մոլեռանդությունը շատ ավելի կարեւոր է, ու հիշեցրել մեր անցած ուղին՝ ուսանողական շարժման տարիները:
– Հիշատակեցիք, թե հետապնդվել եք մեկ ելույթի համար: Պնդումներ են հրապարակվել, որ ընդամենը «Պայքար, պայքար մինչեւ վերջ» վանկարկելն է դրվել Ձեզ առաջադրված առաջին մեղադրանքի հիմքում: Այդպե՞ս է իրոք: Ու թերեւս նաեւ հարկ է բացահայտեք, թե ինչպե՞ս էիք հաջողեցրել մարտի իրադարձությունների ժամանակ գտնվելով բանտում՝ նաեւ իշխանությունը յուրացնել, ինչի համար մեղադրվեցիք ավելի ուշ:
– Առաջին անգամ, երբ քննիչի կողմից դատարանին ներկայացվեց միջնորդություն, որ ինձ ենթարկեն 20 օրվա նախնական կալանքի՝ այն ժամանակ մեղադրվում էի միայն մեկ հոդվածով՝ 225 պրիմ առաջին մաս, ըստ որի՝ կազմակերպել եմ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառում, որը ենթադրում էր ընդամենը տուգանք կամ առավելագույնը 2 ամսվա կալանք: Եվ այդ միջնորդության մեջ, այո՛, գրված էր, թե ի շարս այլ կարգախոսների՝ ես բացականչել եմ «Պայքար, պայքար մինչեւ վերջ»: Ինչն իսկապես անհեթեթ էր: Բայց դատավոր Գագիկ Ավետիսյանն ուղղակի որեւէ փաստարկ չլսեց՝ ո՛չ իմ, ո՛չ իմ շահերի պաշտպան Հովիկ Արսենյանի: Մարտի 14-ին, երբ ակնհայտ էր, որ եթե նոր հոդված չառաջադրեն՝ հայտնվելու եմ ազատության մեջ, ինձ առաջադրեցին միանգամից 3 նոր մեղադրանք՝ այդ թվում նաեւ իշխանություն յուրացնելը: Սա վկայում է այն մասին, որ պետական մի մարմինն անում է գործողություն, որով վտանգի տակ է դնում պետական մեկ այլ մարմնի հեղինակությունը: Այսինքն՝ եթե ես «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից մարտի 1-ին իսկապես կարող էի յուրացնել իշխանությունը՝ նշանակում է, դատախազությունը կասկածի տակ է դրել արդարադատության նախարարության կոմպետենտությունը: Այսինքն՝ նշանակում է, որ ես բանտում կարող էի ունենալ կապի միջոցներ եւ այլն: Սա, իհարկե, աբսուրդ է:
Երկու դեպքում էլ, կարծում եմ, գլխավոր պատասխանատուներից մեկը դատավոր Գագիկ Ավետիսյանն է, որն ուղղակի ապացուցեց, թե Հայաստանում դատավոր չկա, եւ ինքն ընդամենն ինչ-որ կցորդ է՝ դատախազության, քննիչների եւ իշխանության ձեռքին:
– Ձեզ այս խոսքերի համար նոր մեղադրանք կառաջադրեն՝ իշխանության ներկայացուցչին վիրավորելը:
– Ամեն դեպքում, ես նրան դատարանում՝ մարտի 14-ի դռնփակ դատավարության ժամանակ ասել եմ, որ ինքն ապօրինի դատավճիռ է կայացրել: Եվ չեմ ափսոսում ասածիս համար: Նաեւ ասել եմ, որ օրինական Հայաստանում անպայման պատասխանատվության է ենթարկվելու նման վճռի համար:
– Ինչպիսի՞ն է եղել Ձեր նկատմամբ վերաբերմունքը մեկուսարանում՝ նաեւ հացադուլի ընթացքում:
– Ես նախ ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Էրեբունու ժամանակավոր պահման մեկուսարանի եւ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ադմինիստրացիային, որոնք մարդկային նորմալ վերաբերմունք էին դրսեւորում կոնկրետ իմ հանդեպ: Հացադուլավորների համար էլ ստեղծում էին անհրաժեշտ պայմանները: Այսինքն՝ զուտ բանտում որեւէ հոռի վերաբերմունք չի եղել: Եղել է շատ պատշաճ վերաբերմունք, իրենց պահել են օրենքի շրջանակում: Եվ կարծում եմ՝ «Նուբարաշենում» գտնվող մյուս կալանավորներն էլ առանձնապես չպիտի ունենան բողոքի առիթներ:
Ավելին ասեմ՝ ես հացադուլն անցկացրել եմ 5-րդ հարկում, որտեղ պահվում են ցմահ ազատազրկվածները: Շատ ավելի նորմալ են այնտեղ պայմանները, քան 1-ին հարկի խցում, որը նախատեսված է հացադուլավորների համար: Ավելի քիչ է խոնավ եւ այլն:
Միայն ուզում եմ հիշել մի բարձրաստիճան սպայի վերաբերմունք, որը հեռու էր նորմալ ոստիկանի պահվածքից: Դա եղել է ինձ բերման ենթարկելուց անմիջապես հետո, երբ Կենտրոնի ոստիկանության աշխատակիցներն ինձ ուղղակի առեւանգեցին Ազատության հրապարակի մերձակայքից: Ֆիզիկական որեւէ բռնություն չի եղել: Բայց կարծում եմ, որ Կենտրոնի ոստիկանապետ Արթուր Մեհրաբյանը պիտի ձեռնպահ մնար ինձ բարոյախրատաբանական դասեր տալուց, մանավանդ որ՝ դա որեւէ ձեւով չի մտնում նրա լիազորությունների մեջ: Նա փորձում էր իրենց նույնացնել պետության հետ ու բացատրել, թե պետության հետ նման բաներ անել չի կարելի: Ես պատասխանեցի, որ պայքարել ու պայքարելու եմ հանուն ազատ Հայաստանի, ու չեմ կարծում, թե ինձ պետք է տրվեն նման դասեր:
Հ. Գ. Սուրեն Սուրենյանցի քաղաքական գնահատականները ԵԽԽՎ բանաձեւի, ընդդիմության թերացումների եւ ապագա քայլերի մասին՝ վաղվա համարում: