Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՒԶՈՒՄ ԵՄ ԱՊՐԵԼ ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ… ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»

Ապրիլ 22,2008 00:00

\"\"Ասում են արտակարգ դրությունից հետո արտոնված առաջին հանրահավաքի մասնակից երիտասարդները

Շաբաթ օրը Երեւանի Կիրովի մանկական զբոսայգում տեղի ունեցավ մարտի մեկից հետո արտոնված առաջին հանրահավաքը: Միջոցառման մասին քաղաքապետարանին իրազեկել էր «Կանայք հանուն խաղաղության» հասարակական կազմակերպությունը: Իշխանությունն էլ՝ ի դեմս քաղաքապետարանի, կանանց առաջարկել էր զբոսայգու հրապարակում երկու ժամ քարոզել եւ պաշտպանել խաղաղությունը: Հանրահավաքը բավականին բազմամարդ էր, ըստ որոշ հաշվարկների՝ 10-12 հազար մարդ էր մասնակցում: Կանանց հետ հարթակում էին առաջին նախագահի գլխավորած շարժման մասնակիցներ Արամ Զավենի Սարգսյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը, խափանման միջոցը փոխելու շնորհիվ ազատության մեջ հայտնված Սուրեն Սուրենյանցը, վանատուրցի ազատամարտիկ Արշալույս Բոզինյանը, ՆԺԿ-ի, ՍԴՀԿ-ի, ԺՈՒԿ-ի եւ շարժմանը միացած մյուս կուսակցությունների՝ ազատության մեջ գտնվող ներկայացուցիչները, ինչպես նաեւ առաջին նախագահի տիկինը՝ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը եւ ազատազրկվածների կանայք: Ավելի ուշ նրանց միացավ նաեւ Ստեփան Դեմիրճյանը: Հանրահավաքի մասնակիցները բավականին բարձր տրամադրությամբ եւ մարտական ոգով էին: Երաժշտությանը զուգահեռ՝ հնչում էին արդեն հայտնի «Պայքար, պայքար մինչեւ վերջ», «Ազատություն քաղբանտարկյալներին», «Ազատ, անկախ Հայաստան», «Ազատություն», «Հիմա» եւ այլ կարգախոսները, ձեռքներին եռագույն դրոշներ էին եւ ազատազրկվածների նկարները: Աչքի էր ընկնում հանրահավաքի երիտասարդ մասնակիցների քանակը, որոնք «Ազատ, անկախ Հայաստան» վանկարկելով քոչարի էին պարում: Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի ուսանող Լեւոն Զոհրաբյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Մեզ ստիպել է հավաքվել այն, որ ցանկանում ենք ապրել ազատ, անկախ՝ ու Հայաստանում, դրա համար էլ սատարում ենք Լեւոն Տեր-Պետրոսյանին»:

Հանրահավաքը վարում էր ՆԺԿ վարչության անդամ Հրաչյա Սարգսյանը: Նախ մեկ րոպե լռությամբ մասնակիցները հարգեցին մարտի 1-ի զոհերի հիշատակը՝ բռունցք արած ձեռքերը վեր պարզած: Ամփոփելով անցած ժամանակաշրջանը՝ Հ. Սարգսյանը նկատեց, որ «միեւնույն է, այդ ամենը չեն կարող թուլացնել այն ալիքը, մտածողությունը, հոգեվիճակը, որն առկա է ժողովրդի մեջ: Վկան՝ այս պահն է: Սառույցը կոտրվել է: Մեր ճնշման տակ եւ դրա հետեւանքով ձեւավորված միջազգային կարծիքի ներքո՝ ԵԽԽՎ-ի եւ ԱՄՆ Կոնգրեսի քննարկումներ, իշխանությունները մի տեսակ վախեցած նահանջ ապրեցին. արդեն ունենք խափանման միջոցը փոխելու արդյունքում ազատության մեջ հայտնված 20 մարդ»: Գրիզելդա Ղազարյանը՝ լուսահոգի ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի կինը, անդրադառնալով նոր կառավարությանը՝ մաթեմատիկոս վարչապետին հիշեցրեց, որ գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում: Լենինյան՝ «սովորել, սովորել, սովորել» վարչապետական կարգախոս-հորդորի առիթով էլ ասում է. «Սովորածին պետք է պաշտոն տալ. երկիրն այնպիսի վիճակում է, որ մենք չենք կարող կառավարությունում եւ ԱԺ-ում տարրական դասարաններ բացել ու սպասել»:

Սուրեն Սուրենյանցի ելույթի առաջին րոպեներից հետո հոսանքն անջատվեց: Մոտավորապես 30 րոպե հանրահավաքը «խաթարվեց», եւ մինչ կազմակերպիչները սեփական ուժերով վերականգնեցին այն՝ գեներատոր բերեցին, այդ ընթացքում մարդիկ վանկարկում էին «Լե-վոն», «Ա-զա-տու-թյուն», «Սեր-ժիկ հե-ռա-ցիր»: Եթե հոսանքազրկումն անգամ զուտ պատահականություն էր, բնականաբար՝ որպես միտում ընկալվեց: Հանրահավաքի ավարտին՝ 17.00-ին, կազմակերպիչները որոշեցին վերականգնել կորսված րոպեները եւ 20 րոպե ուշ ավարտել այն: Սակայն նրանց մոտեցավ Կենտրոնի ոստիկանության պետի ծառայության գծով տեղակալ, գնդապետ Բաղդասարյանը եւ պահանջեց, որպեսզի դադարեցնեն հանրահավաքը, քանի որ ժամանակը սպառվել է: Լեւոն Զուրաբյանը մոտ 10 րոպե փորձում էր ոստիկանին բացատրել, որ իրենք անօրինական ոչինչ չեն անում եւ ցանկանում են լիարժեք օգտագործել արտոնված երկու ժամը: Ոստիկանն անդրդվելի մնաց: Այս իրավիճակից զայրացած՝ մարդիկ ուղեւորվեցին դեպի Հյուսիսային պողոտա: Ստացվեց, որ իշխանությունները կամ նրանց ներկայացուցիչները հանրահավաքի մասնակիցներին սադրեցին չարտոնված երթի: Հյուսիսային պողոտայում եւս մեկ ժամ մարդիկ հեղափոխական կոչեր էին հնչեցնում եւ հայհոյախառն արտահայտություններ շպրտում տարածքում մերթընդմերթ շրջող ոստիկանների հասցեին: Այդ ընթացքում «դեպքի վայր» բերված ոստիկանները շրջափակեցին Ազատության հրապարակը: «Օպերացիան» գլխավորում էր ոստիկանության Երեւանի վարչության պետ Ներսես Նազարյանը: Այն բանից հետո, երբ ոստիկանները «Կանայք հանուն խաղաղության» կազմակերպության նախագահ Գայանե Մարտիրոսյանին սպառնացել էին, որ ուժ կկիրառեն եւ ողջ պատասխանատվությունն իր վրա կգցեն՝ մարդիկ ցրվեցին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել