Լրահոս
Օրվա լրահոսը

Կրթամշակութային խճանկար

Ապրիլ 19,2008 00:00

Վերահաստատվեցին

Ըստ ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից ստացված հաղորդագրության, նախագահ Սերժ Սարգսյանի ապրիլի 17-ի հրամանագրերով Հասմիկ Պողոսյանը նշանակվել է մշակույթի նախարար, Լեւոն Մկրտչյանը՝ կրթության եւ գիտության, իսկ Վարդան Վարդանյանը՝ քաղաքաշինության նախարար:

Ցեղասպանության թեմայով՝ Վրաստանում

Վրաստանի Հայկական համագործակցության կենտրոնի մամուլի դիվանից տեղեկացրին, որ այսօր Գուդիաշվիլու փողոցի թիվ 10-ում գտնվող Ա. Դյումայի անվան ֆրանսիական մշակույթի կենտրոնում առաջին անգամ Վրաստանում կանցկացվի միջազգային գիտաժողով՝ «Հայոց ցեղասպանություն 1915-1923՝ հայացք Թբիլիսիից, Ստամբուլից եւ Երեւանից» թեմայով: Գիտաժողովի կազմակերպիչն է Վրաստանի Հայկական համագործակցության կենտրոնը (ՎՀՀԿ)՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիային առընթեր) աջակցությամբ: Ծրագրված են Վրաստանի, Թուրքիայի եւ Հայաստանի պատմաբանների ու քաղաքագետների ելույթներ: Գիտաժողովը կապակցված է Օսմանյան Թուրքիայի կողմից իրագործված Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցին, երբ զոհվեց երկրի բնիկ քրիստոնյա բնակչության մեծամասնությունը: Այսօր Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը հաճախ է քննարկման առարկա դառնում ամբողջ աշխարհում՝ տարբեր մակարդակներում, գիտական ու քաղաքական շրջանակներում: Վրաստանում տվյալ հարցը բարձրացվում է առաջին անգամ, չնայած երկիրը անմիջական հարաբերություն է ունեցել այն տարիների դեպքերին՝ ընդունելով հազարավոր հայ փախստականների:

Տորթ՝ Հռոմի Պապին

Սպիտակ տան մամուլի քարտուղար Դանա Պերինոն օրերս տված ասուլիսում հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ին ծննդյան օրվա առիթով նվիրել է հսկայական տորթ, բյուրեղապակյա խաչ եւ ամերիկյան դասական ու հոգեւոր երաժշտության ձայնագրությունների մեծ հավաքածու: Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, նվերները հանձնվել են նրանց հանդիպման ժամանակ, իսկ դրանից հետո ԱՄՆ նախագահն ու Հռոմի Պապը խոսել են Մերձավոր Արեւելքում, Լատինական Ամերիկայում տիրող իրադրության, տեռորիզմի դեմ պայքարի եւ այլ հարցերի մասին: Նշենք, որ ապրիլի 16-ին լրացել է Բենեդիկտոս XVI-ի 81 տարին: Սպիտակ տանը նրա ծննդյան օրվա առիթով կազմակերպված արարողության ժամանակ մասնակցել է շուրջ 13,5 հազար մարդ:

Հայտնիների զարդերը՝ մեկտեղված

Ըստ «ՌԻԱ Նովոստիի», բելգիական Անտվերպեն քաղաքում բացվել է «Diamond Divas» խորագրով՝ հայտնի մարդկանց զարդեղենի ցուցահանդես: Միջոցառումը, որ նախաձեռնել է Ալմաստների համաշխարհային կենտրոնը, մեկնարկել է Անտվերպենի ադամանդների թանգարանում: Ըստ newsru.com-ի, այցելուները կարող են հիանալ, օրինակ, Մադոննայի այն զարդերով, որոնք նա կրել է Գայ Ռիչիի հետ ամուսնանալու օրը: Դրանց վրա կա 765 ադամանդ՝ 78 կարատ ընդհանուր քաշով: Ցուցահանդեսին ներկայացված է Մերիլին Մոնրոյի ադամանդե կուլոնը՝ 24 կարատանոց ադամանդներով, Բելգիայի թագուհի Ելիզավետայի ու լեգենդար Մարլեն Դիտրիխի զարդերը, նաեւ այն նշանի մատանին, որ Մոնակոյի արքայազնը նվիրել է դերասանուհի Գրեյս Քելլիին՝ ու հատուկ Մոնակոյի արքայադուստր Շարլոթի համար ստեղծված «Cartier» ֆիրմայի հավաքածուն:

Ե. Հ.

Սոցիոլոգները դեկան չունեն

Այս տարվա հունվարից ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուտետը դեկան չունի: Նախկին դեկան Լյուդմիլա Հարությունյանը նոր աշխատանքի անցնելու պատճառով թողել էր դեկանի պաշտոնը: Այժմ ֆակուլտետի որոշ դասախոսների եւ ուսանողների շրջանում անորոշություն է տիրում, թե, ի վերջո, ով եւ երբ է ստանձնելու իրենց ֆակուլտետի դեկանի պարտականությունները: Այս հարցով «Առավոտը» պարզաբանումներ ստացավ ԵՊՀ հասարակայնության եւ լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանից: «Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանի պարտականությունները ժամանակավորապես ստանձնել է պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը՝ մինչեւ դեկանի ընտրության մրցույթի հայտարարումը: Ըստ կանոնակարգի՝ այն պիտի հայտարարի ռեկտորը: Իհարկե, այս դեպքում խոսքը գնում է ողջամիտ ժամկետների մասին»,- հայտնեց Կ. Գրիգորյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել