Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵՍ ԱՌԱՏՈՒԹՅԱՆ ԵՂՋՅՈՒՐԻՑ

Ապրիլ 19,2008 00:00

Իտալիայի Լիգնանո քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը Հայաստանի համար վատ չի ընթանում:

\"\"Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյան:

 

\"\"Եվրոպայի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյան:

 

\"\"Եվրոպայի չեմպիոն հրում վարժությունում՝ Հռիփսիմե Խուրշուդյան:

Մինչեւ երեկ մրցահարթակ մտած մեր տղաներն ու աղջիկներն ընդհանուր առմամբ նվաճել են 10 մեդալ, որից 9-ը՝ ոսկե, մեկը՝ արծաթե: Ընդ որում, մինչեւ 69 կգ քաշային Տիգրան Մարտիրոսյանը ոչ միայն նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը, այլեւ թարմացրեց աշխարհի ու Եվրոպայի երիտասարդական 7 ռեկորդ:

Եթե Հայաստանի մարզիկներն օլիմպիական ցանկացած այլ մարզաձեւում նման արդյունք ունենան, դա կգնահատվի որպես հերոսություն: Բայց ծանրամարտում դա հայ մարզասերների համար վերջին երկու տարում սովորական երեւույթ է: Իսկ այս անգամ՝ ինչ-որ տեղ նաեւ թախիծի երանգ կա, քանի որ մեդալներից ավելի՝ մեզ հետաքրքրում էր աղջիկների մրցապայքարում օլիմպիական երկրորդ ուղեգիր նվաճելը: Եվ մեր լավագույն մարզուհիներից մեկի՝ 75 կգ քաշային Հռիփսիմե Խուրշուդյանի անհավանական ձախողումը պոկում վարժությունում՝ Հայաստանի կանանց հավաքականին զրկեց Պեկինում երկու ներկայացուցիչ ունենալու հեռանկարից: Ինչ արած, սա է սպորտը ու դրա գրավչությունը հենց հաղթանակների եւ պարտությունների մեկտեղվածությունն է:

Սակայն նույն օրը Հռիփսիմեի բացթողումը լրացրեց (դեռ մի բան էլ ավելի) 69 կգ քաշային Տիգրան Մարտիրոսյանը: Նա ոչ միայն գեղեցիկ ոճով նվաճեց պոկում վարժությունում եւ երկամարտում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, իսկ հրումում արժանացավ փոքր «արծաթին», այլեւ սահմանեց աշխարհի ու Եվրոպայի երիտասարդների միանգամից յոթ ռեկորդ:

Երեկ Երեւանի ժամանակով ժամը 23.00-ին մրցահարթակ էր մտնելու մայրցամաքի նախորդ առաջնության արծաթե մեդալակիր, 77 կգ քաշային Արա Խաչատրյանը, նա, ով անցած տարի չեմպիոնի կոչումը նվաճած Գեւորգ Դավթյանի հետ միասին ընտրած տակտիկական ճիշտ պայքարով Ստրասբուրգում հարկադրեց պայքարի կեսից անձնատուր լինել Աթենքի օլիմպիական խաղերի չեմպիոն թուրք ծանրորդին: Սակայն Լիգնանոյում Արային անչափ ծանր պայքար էր սպասվում, քանի որ նրա հիմնական մրցակիցներն ավելի բարձր տիտղոսների պակաս չունեին, իսկ ոմանք աշխարհի ռեկորդակիր էին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել