Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոր զարկ Սպիտակի վերականգնմանն ու զարգացմանը»

Ապրիլ 19,2008 00:00

Այսպիսին է Սպիտակ համայնքի ղեկավարի թեկնածու Գագիկ Սահակյանի նախընտրական կարգախոսը

Չնայած երիտասարդ տարիքին, Գագիկ Սահակյանն անցել է աշխատանքային երկար ուղի, զբաղեցրել տարբեր պատասխանատու պաշտոններ: «Հայպետնախագիծ» ինստիտուտում, «Երարդշինում» աշխատել է որպես ինժեներ, «Սպիտակ» գյուղատնտեսական արտադրագիտական ձեռնարկությունում՝ գլխավոր ինժեներ, «Սպիտակի սերմնաբուծական տնտեսություն» ՊՓԲԸ -ում եւ այնուհետեւ «Սպիտակ ֆերմեր» ՍՊԸ-ում՝ տնօրեն: 2006-ից «ՕՖՄԱ» ՍՊԸ-ի տնօրենն է: Սա Գագիկ Սահակյանի աշխատանքային գործունեության ընդամենը մի փոքր մասն է: Սահակյանի անմիջական ղեկավարությամբ իրականացվել են աղետի գոտու վերականգնման, գյուղատնտեսական միջազգային եւ հանրապետական շատ ծրագրեր: Անցած ուղին եւ առավել եւս դրանք արժանավայել կերպով անցնելը իրավունք է տալիս թեկնածուին եւ նրան վստահող մարդկանց հավատալու, որ Գագիկ Սահակյանը կարող է պատվով եւ բարեխղճորեն ղեկավարել նաեւ Սպիտակ քաղաքը:

Քաղաքի հիմնադիր տոհմերից մեկի՝ Սահակյանների շառավիղը հանդիսացող Գագիկ Սահակյանը երկար տարիներ ապրելով եւ աշխատելով Սպիտակում, քաջածանոթ է քաղաքի բոլոր հիմնախնդիրներին ու հոգսերին եւ դրանց լուծման իր ուղիներն է նախատեսում. «Քաղաքի խնդիրները լուծելու համար պետք է լուծել առաջին հերթին համայնքի ֆինանսական մուտքերի ճիշտ եւ ռացիոնալ կազմակերպման խնդիրը, ժամանակին եւ օրինականության սահմաններում ապահովելով հողի, գույքահարկի, վարձավճարների եւ այլ վճարների մուտքագրումը: Համայնքի բյուջեի գործառույթները պետք է թափանցիկ եւ հրապարակային լինեն բնակիչների համար, որպեսզի եւ հարկատուն, եւ շարքային քաղաքացին իմանա, թե իր համայնքում որտեղից ինչքան գումար է հավաքվում եւ ինչպես է այն ծախսվում: Համայնքի խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է համախմբել նաեւ հանրապետությունից դուրս ապրող մեր համաքաղաքացիներին, բոլորին ի մի բերել մի ընդհանուր նպատակի շուրջ, թե ինչպես անենք, որ Սպիտակը վերջնականապես դուրս գա աղետի գոտու կարգավիճակից, ինչպես ստեղծենք նոր աշխատատեղեր, որպեսզի կանխենք արտագաղթողների թվի օր օրի աճը: Համոզված եմ, որ շատերը պատրաստակամ կլինեն մեզ հետ միասին իրականացնել քաղաքին առնչվող լուրջ ծրագրեր, պարզապես բոլորին համախմբել է պետք»:

Թեկնածուն իր նախընտրական ծրագրում նախատեսում է վերջնականապես լուծել բնակարանի կարիք ունեցող այն ընտանիքների խնդիրները, ովքեր 88-ի երկրաշարժից հետո մինչ օրս ապրում են ժամանակավոր տնակներում: «Անհրաժեշտ է օժանդակել նաեւ անհատական բնակարանաշինությանը, աջակցել բնակչությանը՝ երկարաժամկետ վարկեր ստանալու հարցում: Միջոցներ կձեռնարկենք քաղաքի անավարտ կառույցների շինարարական աշխատանքները ավարտին հասցնելու համար»,- ասում է Գագիկ Սահակյանը, հավելելով նաեւ, որ համայնքային սեփականություն հանդիսացող գույքը օտարելիս եւ վարձակալելիս պետք է չխախտել քաղաքի գլխավոր հատակագիծը եւ հողօգտագործման սխեման: Թեկնածուն նախատեսում է նաեւ մշակել նոր քաղաքի զարգացման համալիր ծրագիր:

Գագիկ Սահակյանը կարեւորում է նաեւ քաղաքի կոմունալ տնտեսությունը կարգի բերելը եւ այդ նպատակով նախատեսում է ստեղծել եւ կայացնել համատիրությունների համակարգը:

«Այսօր սպիտակցիները, ի թիվս այլ բաների, կարիք ունեն նաեւ ժամանցի վայրերի: Թե համայնքի բյուջեի, թե շահագրգիռ գործարարների աջակցությամբ կբարեկարգենք Սպիտակի համաքաղաքային զբոսայգին, որպեսզի վերականգնենք նրա նախկին ակտիվ կյանքը, ինչը կապահովի բնակչության բովանդակալից հանգստի կազմակերպումը: Որպեսզի երիտասարդներն այլեւս չլքեն քաղաքը, անհրաժեշտ է նրանց համար ստեղծել եւ հետաքրքիր ժամանցի վայրեր, եւ ինտելեկտուալ հետաքրքրությունները բավարարող կենտրոններ: Սպիտակցի երիտասարդներին պետք է սովորեցնենք սիրել իրենց քաղաքը, կապվել քաղաքին եւ հոգատար լինել նրա նկատմամբ: Ի վերջո, պետք է այնպիսի սերունդ աճեցնենք, որոնց վստահենք վաղվա Սպիտակը եւ վստահ լինենք, որ մեր քաղաքն ապահով ձեռքերում է»,- ասում է Գագիկ Սահակյանը:

Թեկնածուն իր մրցակիցների մասին ասում է. «Բնականաբար, բոլոր թեկնածուներն էլ սիրում են իրենց քաղաքը եւ բոլորն էլ նպատակ ունեն քաղաքի համար լավ գործեր կատարել: Պարզապես բնակիչներն իրենք պետք է որոշեն, թե որ թեկնածուն որքան հնարավորություն ունի դրանք իրականացնելու: Մեզանից միայն մեկն է արժանանալու այդ վստահությանը, եւ ես պատրաստ են շնորհավորել արդար ընտրության արդյունքում հաղթած թեկնածուին»: «Առավոտի» հարցին, թե ո՞ւմ է համարում իր հիմնական մրցակիցը, Գագիկ Սահակյանը պատասխանեց. «Բոլորն էլ քաղաքում հարգված մարդիկ են եւ ես չեմ ուզում առանձնացնել՝ թե ում են ավելի շատ հարգում ու վստահում: Հարգանքի այդ գնահատականը կտա Սպիտակի հասարակությունը՝ մայիսի 4-ին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել