Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՊԻՏԱԿ ՔԱՂԱՔԻՆ ՀԱՄԱԽՄԲՈՂ ՂԵԿԱՎԱՐ Է ՊԵՏՔ

Ապրիլ 19,2008 00:00

\"\"Մայիսի 4-ին կայանալիք համայնքապետի ընտրություններում ընտրատարածքից ընտրված ԱԺ պատգամավոր Արկադի Համբարձումյանը սատարում է առաջադրված թեկնածու Գագիկ Սահակյանին:

Իր այս նախընտրությունը պատգամավորը հիմնավորում է թեկնածուի այն հատկանիշներով, որոնք հնարավորություն կտան ազատ եւ արդար ընտրությունների արդյունքում ժողովրդի վստահությանն արժանացած ղեկավարին քաղաքի համար արդյունավետ լայնածավալ աշխատանքներ իրականացնել: «Նախ՝ ես կարեւորում եմ Գագիկ Սահակյանի մաքուր եւ անբասիր կենսագրությունն ու անցած ուղին: Իրեն վստահված բոլոր գործերում, բոլոր պաշտոններում նա աշխատել է բարեխղճորեն: Գագիկ Սահակյանը ղեկավարել է այնպիսի լուրջ եւ պատասխանատու ծրագրեր, ինչպիսին է ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի շրջանակներում «Երաշտի հետեւանքների վերացման» ծրագիրը Սպիտակ քաղաքում, տարածաշրջանի եւ Տավուշի մարզի համայնքներում, համակագրել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորած Լոռու եւ Շիրակի մարզերի «Աղետի գոտու վերականգնման» եւ շատ այլ միջազգային եւ հանրապետական մասշտաբի ծրագրեր: Եվ այդ բոլոր գործերում Սահակյանը իրեն դրսեւորել է այնպես, որ կարելի է նրան վստահել ամենալուրջ եւ կարեւոր գործերը, երբեք խարդախությունների ու ապօրինությունների չի գնա: Դա, կարծում եմ, շատ կարեւոր է համայնքի ղեկավարման գործը վստահելու համար: Իսկ այնպիսի համայնքին, ինչպիսին աղետալի երկրաշարժից տուժած Սպիտակն է, որը դեռեւս մեծ վերքեր ունի, անհրաժեշտ է նման ազնիվ մարդ, ով կապաքինի այդ վերքերը: Գագիկ Սահակյանը երիտասարդ եւ եռանդուն անձնավորություն է, ունի պրպտուն միտք եւ աշխատասեր է: Ես նրան ճանաչում եմ արդեն երկար տարիներ եւ եկել եմ համոզման, որ նա մարդկային բոլոր հարաբերություններում ազնիվ է ու շիտակ: Վստահաբար կարող եմ ասել, որ Գագիկ Սահակյանը կարող է համախմբել բոլոր սպիտակցիներին՝ թե ներսում եւ թե դրսում ապրողներին, կարող է եւ նրանց հետ միասին քաղաքի զարգացման համար նոր հնարավորություններ ու միջոցներ ստեղծել: Արդեն քանի տարի է՝ այդ համախմբվածությունը չկա, սպիտակցիները, կարծես թե, հեռացել են իրարից, խմբերի բաժանվել եւ մեկը մյուսի նկատմամբ ինչ-որ անվստահության մթնոլորտ կա: Պետք է վերացնել դա, Սպիտակին համախմբող ուժ է պետք, միավորող, որին կվստահեն ու որի ետեւից կգնան մարդիկ: Ես այդ համախմբող ուժը տեսնում եմ Գագիկ Սահակյանի մեջ»,- ասում է Արկադի Համբարձումյանը:

Պատգամավորը կարեւորում է նաեւ համայնքի ղեկավարի եւ տվյալ տարածքի պատգամավորի համատեղ աշխատանքի առկայությունը. «Եթե համանյքի ղեկավարն ու պատգամավորը միասին են աշխատում, միասին են հոգում համայնքի հոգսը, նրանց աշխատանքն արդյունք է տալիս: Իսկ եթե պառակտված են եւ չկա համագործակցություն, ապա համայնքի գործերն առաջ չեն գնա: Պատգամավորը պետք է համայնքի խնդիրները բարձրացնի եւ գտնի դրանց լուծման ուղիները: Բայց, անշուշտ, պետք է լինի համայնքի ղեկավարի նկատմամբ վստահություն, որ համայնք մտած ծրագրերն ու միջոցները չեն փոշիանա, այլ կծառայեն իրենց նպատակին»:

«Առավոտի» հարցին՝ «Ձեր անձնական ֆինանսավորմամբ Սպիտակ քաղաքում շատ աշխատանքներ ու ծրագրեր են իրականացվել տարբեր ոլորտներում, կշարունակե՞ք, արդյոք, ներդրումներ կատարել», գործարար պատգամավորը պատասխանեց, որ ներդրումները շարունակելու համար նույնպես անհրաժեշտ է վստահելի եւ հուսալի քաղաքապետ ունենալը:

«Ես հարգանքով եմ վերաբերվում առաջադրված թեկնածուներին եւ բոլորին էլ համարում եմ արժանավոր մարդիկ: Բայց իմ որոշումը կայացնելիս կարեւորել եմ նաեւ թեկնածուի՝ ժողովրդի կողմից ընդունված լինելու հանգամանքը: Սպիտակի ժողովուրդը պատվախնդիր է, շատ իմաստուն եւ չի սխալվում իր ընտրության մեջ: Գագիկ Սահակյանը հարգված անձնավորություն է Սպիտակ քաղաքում: Եվ կարծում եմ, որ այդ հարգանքը սպիտակցիները կարտահայտեն իրենց տված քվեով: Իսկ ժողովրդի կողմից, արդար ընտրությունների արդյունքում հաղթած քաղաքապետի ձեռքերն ազատ են ու անկաշկանդ, եւ նա քաղաքի համար կարող է աշխատել ավելի արդյունավետ»- հավելում է պատգամավորը:

Այս տարի լրանում է աղետալի երկրաշարժի 20-ամյակը: Այս առիթով Արկադի Համբարձումյանն ասում է. «Նոր էջ է բացվում Սպիտակի պատմության մեջ, այն թեւակոխում է զարգացման նոր փուլ: Աղետ տեսած այս քաղաքը պետք է վերջնականապես դուրս գա աղետի գոտու կարգավիճակից, որպեսզի տնակներում ու կենցաղային անտանելի պայմաններում արդեն քսան տարի ապրող սպիտակցին իրեն զգա որպես երկրի լիարժեք քաղաքացի եւ վերջապես ապրի բարեկեցիկ կյանքով: Վաղուց դրա ժամանակն է, սպիտակցին արժանի է լավ կյանքի: Արդեն իսկ դրան է ուղղված նաեւ երկրի իշխանության առանձնահատուկ ուշադրությունը: Նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի՝ աղետի գոտու զարգացմանն ուղղված ծրագիրն այդ նպատակն ունի: Այն իրականացնելու համար ստեղծված է ժամանակավոր հանձնաժողով, որտեղ ընդգրկված են աղետի գոտու համայնքների ղեկավարները եւ պատգամավորները: Պահը շատ կարեւոր է, թե ով կընտրվի Սպիտակ քաղաքի ղեկավար եւ, վերջապես, ով եւ ինչպես կիրականացնի այդ կարեւոր ծրագիրը: Կարծում եմ, սպիտակցիները կկողմնորոշվեն եւ կկատարեն ճիշտ ընտրություն՝ իրենց ձայնը տալով քաղաքապետի թեկնածու Գագիկ Սահակյանին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել