Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳԱԼԱ»-ն փակելը վնասում է Հայաստանի իմիջին»

Ապրիլ 19,2008 00:00

Երկօրյա այցով Գյումրիում գտնվող ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Պենիգտոնը խիստ գնահատական

տվեց ինչպես հեռուստաընկերության դեմ կիրառվող հալածանքներին, այնպես էլ ՀՀ հետընտրական զարգացումներին:

Դիվանագետը թեեւ եկել էր Գյումրիին ծանոթանալու պատրվակով, սակայն ակնհայտ էր, որ այցի իրական նպատակը հանրապետության երկրորդ քաղաքում սկիզբ առած սկանդալն էր՝ «ԳԱԼԱ» հեռուստաընկերության եթերազրկումը: Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի՝ հեռուստաաշտարակը անկախ լրատվական ալիքի ձեռքից վերցնելու վճռից անմիջապես հետո՝ ապրիլի 17-ին, «ԳԱԼԱ»-ն 20 ժամով եթերազրկվեց, ինչը մեծ աղմուկ բարձրացրեց Գյումրիում: Հավատարմատար Ջ. Պենիգտոնն անձամբ այցելեց հեռուստաընկերություն ու իր համար մի քանի բացահայտումներ կատարեց, որից հետո էլ նախազգուշական ակնարկներ արեց Հայաստանի նորընտիր իշխանություններին:

Նախորդ օրը Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում ամերիկացի դիվանագետը մեկ անգամ եւս ժողովրդավարությունից շեղված իշխանություններին «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի պարտադիր պայմանները հիշեցնելուց հետո խոսեց քաղաքական հայացքների համար բանտարկվածների, այս օրերին Հայաստանի դատարաններում կատարվող որոշ անօրինականությունների մասին: «Մեր կարծիքով, Հայաստանում կա ձերբակալված մարդկանց երկու խումբ՝ մարդիկ, որոնք ուղղակիորեն կալանավորվել են բռնությունների, գողության, թալանի եւ նաեւ անկարգությունների հրահրման համար, նրանք պետք է քրեական հետապնդման ենթարկվեն իշխանությունների կողմից, դա իշխանության պարտականությունն է: Բայց նաեւ կարծում ենք, որ կան մարդիկ, որոնք կալանավորվել են իրենց հայացքների, տեսակետների՝ երթերին, ցույցերին մասնակցելու համար եւ, մեր կարծիքով, այդ կալանավորումները ժողովրդավարական չափորոշիչներից չեն բխում: Այն պրոբլեմները, որոնք սկիզբ են առել Հայաստանում, հենց Հայաստանում էլ պետք է լուծվեն, իսկ միջազգային հանրությունն ու ԱՄՆ-ն փոքր, որոշակի դերակատարություն ունեն այն առումով, որպեսզի խրախուսեն իշխանություններին ձեռնարկելու այն քայլերը, որոնք անհրաժեշտ են մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների ապահովման համար: Եթե դրանք չլինեն՝ մեր հարաբերությունները չեն կարողանա շարունակվել: Մենք հուսով ենք, որ Հայաստանը կկարգավորի իր խնդիրները եւ ԱՄՆ-ն, որպես միջազգային հանրության մաս, հստակ ցույց կտա, թե որտեղ են խնդիրները, որոնք են հիմնական դժվարությունները: Մենք առաջարկելու ենք մեր աջակցությունը, ինչպիսիք են՝ մամուլի ազատությունը, օրենքի գերակայությունը, սակայն, նորից եմ կրկնում, օգնությունը կարող է արդյունավետ լինել միայն այն դեպքում, եթե իշխանությունը ձգտում է ժողովրդավարական ուղու: Ուզում ենք, որ երկրի ղեկավարությունը հաջողություն ունենա, պատրաստ ենք օգնել, բայց պետք է լինի քաղաքական կամք, վճռականություն դեպի ժողովրդավարական զարգացումները»,- կիսախրատական, սակայն միաժամանակ պահանջկոտ տոնով ասաց ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը: Մեր այն հարցին, թե ի՞նչ տպավորություններ են ստացել դատական գործընթացներից, հավատարմատարն ասաց. «Այո, մենք այս օրերին մասնակցել ենք դատաքննություններին ու մտահոգված ենք, որ որոշ դեպքերում օրենքը ընտրովի է կիրառվում, այլ կերպ ասած՝ դրանք կիրառվում են քաղաքական դաշտի մյուս կողմում գտնվող անձանց դեմ: Օրենքի գերակայությունը, անշուշտ, ժողովրդավարության հիմնարար դրույթներից է: Ամենակարեւորն այն է, որ թե Հայաստանում, թե ԱՄՆ-ում բոլոր քաղաքացիները ունենան այն համոզվածությունը, որ եթե դատարանում են, օրենքի առաջ են, ուրեմն բոլորին հավասարապես են վերաբերվում»: Ինչ վերաբերում է «ԳԱԼԱ»-ին, նա ասաց. «Այն, որ «ԳԱԼԱ»-ի պրոբլեմները սկսվեցին այն ժամանակ, երբ եթերից հնչեցին որոշ քաղաքական գործիչների կարծիքներ, կասկած է առաջացնում, որ պրոբլեմը ավելի շուտ քաղաքական դաշտում է ու ոչ՝ հարկային: Բայց դա, անխոս, վնասում է Հայաստանի իմիջը, դիմագիծը, ժողովրդական ճանապարհ գնալը: Բոլոր այն մարդիկ, որոնք նվիրատվություն կատարեցին հեռուստաընկերությանը՝ ցույց տվեցին, որ «ԳԱԼԱ»-ի նման հեռուստաընկերությունների պահանջարկը կա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել