Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՄԵՐԿԱՆԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ «PLAYBOY»-Ի ԷՋԵՐՈՒՄ

Ապրիլ 19,2008 00:00

Շուտով պատրաստ կլինի նոր ամսագրի առաջին համարը

Վերջին շրջանում խոսակցություններ են պտտվում հայաստանյան «Playboy»-ի լույսընծայման մասին: «Առավոտը» պարզեց, որ խոսքը «X-WISH» ամսագրին է վերաբերում: Վերջինիս հիմնադիր, գլխավոր խմբագիր Գեորգի Ասատրյանը պատասխանեց մեզ հետաքրքրող հարցերին:

– Հայաստանյան շուկայում արդեն կան իբր «Playboy»-ական ամսագրեր, ձեր հիմնածը ինչո՞վ է առանձնանալու եղածներից:

– «X-WISH»-ը, որը թարգմանաբար նշանակում է գաղտնի ցանկություն, չափահասների համար է: Այն կհայտնվի Հայաստանում առաջին անգամ՝ հոլոգրաֆիկ փականով՝ անչափահասը գրախանութում կամ կրպակում չի կարող թերթել, տեսնել ինչ կա ներսում… կլինեն նաեւ անգլերեն եւ ռուսերեն հավելվածներ, որովհետեւ մտադիր ենք դուրս գալ միջազգային շուկա: TV-ներից մեկի հետ էլ բանակցություններ են ընթանում հեռուստահաղորդում բացելու շուրջ: Ձեր նշած «Playboy» հանրահայտ ամսագրի հետ, անկասկած, նմանություններ կան: Շոու-բիզնեսի հայտնի կանանց, երգչուհիների, մոդելների մերկ կամ կիսամերկ նկարները մեր ամսագրում կներկայացվեն իբրեւ արվեստի գործեր: Նշեմ, որ աշխատելու ենք միայն հայուհիների հետ. ամեն համարում ներկայացնելու ենք երեք «անկեղծ» լուսանկար: Մեր հիմնական խնդիրն է Հայաստանում բարձրացնել սեռական կուլտուրան: Մեծ տեղ ենք տրամադրելու բժշկական էջին, որտեղ կլինեն սեքսապաթոլոգների, գինեկոլոգների, հոգեթերապեւտների եւ այլ մասնագետների խորհուրդներ, վերլուծություններ: Ունենք նորաձեւության բաժին, նաեւ ընդհանուր ճանաչողական բաժին՝ սեքսի դասերով: Տղամարդ երգիչներին, մոդելներին եւս բաց լուսանկարելու առաջարկներ են եղել, սակայն առայժմ մերժել ենք, թեեւ հետագայում չենք բացառում:

– Ելնելով մեր մենտալիտետից, հայ երգչուհիները, մոդելները երեւի դժվարությա՞մբ են համաձայնում մերկ լուսանկարվել:

– Մեծ հաշվով, շատերը դրական են տրամադրված, բայց, կոնկրետ երգչուհիները, խուսափում են ամսագրի առաջին համարում հայտնվելուց: Նրանցից յուրաքանչյուրը սպասում է, թե ով է լինելու առաջին համարձակը, որ հետո հետեւի նրան: Ասում են՝ համաձայն եմ էրոտիկ լուսանկարվել, բայց միայն ամսագրի երկրորդ համարում: Եղել են դեպքեր, երբ ֆոտոսեանսի ժամանակ տվյալ երգչուհու ընկերը, նշանածը, հարազատը կամ ընտանիքի անդամներից մեկը ներխուժել է տաղավար՝ թույլ չտալով լուսանկարվել: Կամ եղել են այնպիսիք, որոնք նշել են, թե մերկանալու խնդիր չունեն, միայն լուսանկարում աչքերի մասը պետք է փակ լինի, ինչին էլ մենք ենք դեմ, որովհետեւ սովորաբար նման տեսքով թերթերում, ամսագրերում «հանդես են գալիս» հանցագործները:

– Ինչքա՞ն է վճարվելու երգչուհուն կամ մոդելին ֆոտոսեսիայի համար:

– Մեկ ֆոտոսեսիան մեզ արժենում է մոտավորապես $1500, որի մեջ մտնում է ինտերիերը, հագուստը, լուսանկարչի վարձը եւ այլն: Ի սկզբանե որոշել ենք վճարել միայն մոդելներին: Նրանց վճարը սկսվում է $150…: Իսկ, այ, երգչուհիներին որոշել ենք չվճարել: «X-WISH»-ը դեռ նոր է եւ կայանալու խնդիր ունի: Ի դեպ, հայտնի «Playboy» ամսագրի տերն էլ մի առիթով հայտարարեց, որ սկզբում իրենք էին վճարում, իսկ հիմա իրենց են վճարում: Անպես որ, մենք եթե մեկին վճարենք՝ անխուսափելի կդառնա մյուսներին նույնպես վճարելը:

– Հասկանալի է, որ չեք ասի «X-WISH»-ի առաջին համարի եռյակում հայտնվածների անունները: Եվ եթե գաղտնիք չէ, ովքե՞ր են հրաժարվել նկարվել եւ ի՞նչ պատճառաբանություններով:

– Երգչուհի Աննա Խաչատրյանի համար մտածել էինք բիզնես-լեդիի կերպար: Լուսանկարում պետք է ընդգծված երեւար նրա ներքնազգեստը, ինչի պատճառով Աննան հրաժարվեց: Նույն պատճառով հրաժարվեց նաեւ Հասմիկ Կարապետյանը, որին որոշել էինք ներկայացնել թափանցիկ ներքնազգեստով: Արմինկան «ոչ» չասաց եւ համաձայնեց երկրորդ համարում տպագրվել: Իսկ, օրինակ, Շպռոտը պահանջեց $2000, որը մեր սկզբունքին դեմ է՝ երգչուհիներին չենք վճարում…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել