Քաղաքապետը պահանջում է բնակչությանը քիչ անհարմարություններ պատճառել
Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի մոտ երեկ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ քննարկվեց մայրաքաղաքի տրանսպորտային վիճակը: Արձանագրելով, որ վերջին 15 օրերի ընթացքում խցանումները դարձել են հաճախակի եւ տեւական ու արդարացիորեն առաջացնում են մեր համաքաղաքացիների վրդովմունքը, քաղաքապետն ասաց, որ նման իրավիճակի համար բոլորս ունենք մեղքի մեր բաժինը՝ թե՛ պետավտոտեսչությունը, թե՛ քաղաքաշինության աշխատանքներով զբաղված շինարարական կազմակերպությունները, թե՛ անփույթ կամ անկարգապահ վարորդները: Սակայն՝ «Կազմակերպված եւ հետեւողական աշխատանքի շնորհիվ կարող ենք շատ անհարմարություններից խուսափել»,- վստահ է Երվանդ Զախարյանը:
Ի դեպ, քաղաքապետը նշեց երթեւեկության դժվարություններ առաջացնող մի օբյեկտիվ պատճառ եւս. տարեցտարի աճում է հանրապետություն ներկրվող մեքենաների թիվը, ընդ որում՝ ներկրումների հիմնական քանակը կենտրոնանում է մայրաքաղաքում: Եթե 2004 թվականին ներմուծվել է մոտավորապես 17 հազար մեքենա, ապա 2007-ին՝ 34. 700 մեքենա, որը կրկնակի ավելի է 2004-ից: Այս թվերն աճի միտում ունեն, որովհետեւ արդեն 2008-ի առաջին եռամսյակում 9000 մեքենա է ներկրվել: Քաղաքապետը տեղեկացրեց, որ նախօրեին երթեւեկության հետ կապված խնդիրները քննարկվել են նաեւ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Նախագահը հանձնարարել է քննարկումների արդյունքում մայրաքաղաքի ճանապարհատրանսպորտային երթեւեկության թեթեւացման համալիր ծրագիր ներկայացնել: Ըստ քաղաքապետի՝ ուղեւորափոխադրումների նոր ցանցն արդեն մշակված է, եւ այն կսկսի աշխատել արդեն հունիս ամսից: Իսկ ընդհանրապես նոր մոտեցումներ են մշակվելու նաեւ ավտոտրանսպորտի կառավարման համակարգում: Առաջիկա 2-3 ամիսների ընթացքում համալիր ուսումնասիրություններ կիրականացվեն եւ վերջնական առաջարկները կներկայացվեն հանրապետության նախագահին:
Քննարկմանը մասնակցող շինարարներն առաջարկեցին, որպեսզի պետավտոտեսչության կողմից շուրջօրյա հերթապահություն սահմանվի մայրաքաղաքի փողոցներում, հիմնականում՝ շինարարական օբյեկտների շրջակայքում: Պետավտոտեսուչներն էլ առաջարկեցին վերահաշվարկել լուսացույցերի աշխատանքային ռեժիմը՝ ադեկվատ դարձնելով երթեւեկությանը: Առաջարկներ ուներ նաեւ Երվանդ Զախարյանը, որոնք տրվեցին պատկան մարմիններին. «Մայրաքաղաքում ընթացող շինարարական աշխատանքները կազմակերպել շուրջօրյա ռեժիմով: Այսպիսով՝ կկրճատվեն շինարարական աշխատանքների ավարտման ժամկետները, եւ վիճակը կթեթեւացնենք: Բոլոր տեղամասերում պետավտոտեսչությունը պիտի իրականացնի շուրջօրյա հերթապահություն՝ հիմնական ուշադրություն դարձնելով քաղաքի կենտրոնական մասին: Այս 3-4 ամիսների ընթացքում պետավտոտեսչության հիմնական մասը պետք է զբաղված լինի մայրաքաղաքի կենտրոնում երթեւեկության կանոնակարգմամբ: Մեկ օրվա ընթացքում տեղադրել երթեւեկության նոր սխեման՝ նոր լուսացույցերով: Շինարարական աշխատանքների որակը վերահսկելու համար հերթապահություն սահմանել քաղաքապետարանի աշխատակիցների կողմից»: Քաղաքապետի հանձնարարականով պետավտոտեսչությունը եւ քաղաքային իշխանություններն առաջիկայում նաեւ հեռուստատեսությամբ անընդհատ տեղեկատվություն կտրամադրեն մարդկանց՝ նշելով այն ճանապարհները, որոնցով նախընտրելի եւ նպատակահարմար կլինի երթեւեկել: Օրինակ, քաղաքապետը համաքաղաքացիներին առաջարկում է Սեւան-Դիլիջան ուղղությամբ երթեւեկելիս առաջիկա մի քանի ամիսներին օգտվել Ազատություն-Թբիլիսյան մայրուղուց:
Նշենք, որ շուրջօրյա աշխատանքի փորձ քաղաքապետարանն արդեն ունի, երբ անցած տարի ընթանում էր Բարեկամության հրապարակի էստակադայի շինարարությունը եւ, ըստ մասնագետների, այսօրինակ մոտեցմամբ խցանումների խնդիրը մեծամասամբ լուծվեց: Քաղաքապետն առաջարկեց նաեւ փողոցների գծանշման, լուսացույցերի տեղադրման, նորոգման, ինչպես նաեւ գազատար, ջրատար խողովակների եւ այլ կոմունիկացիոն աշխատանքները եւս կազմակերպել գիշերով: Ինչպես նաեւ, մայրաքաղաքի առավել բանուկ փողոցներում արգելել ավտոմեքենաների կանգառները: