Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՏԵՂԾՎՈՒՄ ԵՆ, ՉԵՆ ՀՈՐԻՆՎՈՒՄ

Ապրիլ 19,2008 00:00

«Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով կոալիցիոն սկզբունքով պաշտոնների բաժանմանը՝՝ ՕԵԿ փոխնախագահ Հովհաննես Մարգարյանն ասաց. «Քանի որ այս կոալիցիան շատ ավելի լայն է, ուստի ճիշտ չեմ համարում, որ որոշ քաղաքական գործիչներ փորձում են հղում կատարել սոսկ 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներին՝ նմանեցնելով բացարձակապես տարբեր հենքի վրա ձեւավորված կոալիցիաները՝ դրանով իսկ անիմաստ քննարկման եւ շահարկման թեմա դարձնելով անզեն աչքով տեսանելի ու բոլորիս հայտնի իրականությունը:

Մենք բազմիցս ենք ասել, որ նման կոալիցիա մեր երկրում ստեղծվում է առաջին անգամ, քանզի մինչ այս՝ քաղաքական կոալիցիան ձեւավորվում էր խորհրդարանական ընտրությունների արդյունքում, իսկ այս կոալիցիան, ինչպես մի շարք եվրոպական երկրների դեպքում, ձեւավորվեց նաեւ նախագահական ընտրությունների արդյունքում, հիմք ընդունելով նախագահի թեկնածուների միջեւ ձեռք բերված փոխհամագործակցությունը, ինչը լավագույն երաշխիքն է թեկնածուների նախընտրական ծրագրերը համադրելու եւ կյանքի կոչելու համար: Իսկ որ բոլորն են խոսում այն պատկառելի դերի եւ քվեների մասին, որ հավաքել է Արթուր Բաղդասարյանը, կարծում եմ, ակնհայտ է: Չմոռանանք նաեւ, որ առաջին փաստաթուղթը ստորագրվել է հենց Սերժ Սարգսյանի եւ Արթուր Բաղդասարյանի միջեւ, որի մեջ ներառված է նաեւ Արթուր Բաղդասարյանի եւ ՕԵԿ-ի նախընտրական ծրագրերի իրականացումը: Իսկ նոր կառավարության ծրագիրն արդեն լինելու է, այսպես կոչված, ազգային համաձայնության գաղափարի մոտ կառավարության ծրագիր, որը պետք է ընդգրկի նորընտիր նախագահի, նախագահի թեկնածուների եւ կոալիցիա կազմած քաղաքական ուժերի համատեղ ծրագիրը: Կարծում եմ, ԱԺ-ում կառավարության նոր ծրագրի հաստատումից հետո այն ավելի հստակ կարձանագրվի, եւ նոր վարչապետը իր ելույթներում կընդգծի այս հանգամանքը: Նախագահական ընտրություններում շուրջ 300 հազար քաղաքացիներ քվեարկեցին ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի օգտին, եւ թե՛ երկրի ներսում, թե՛ երկրի սահմաններից դուրս բոլորը գիտեն, որ դա վստահության քվե էր, ջիգարով տրված ձայներ: Այս փաստը մեկ անգամ եւս ապացուցվեց նաեւ 2007թ. ԱԺ ընտրություններում ՕԵԿ-ի տարած հաղթանակով: Հայ ժողովուրդը ամենաիմաստունն է եւ լավ գիտի, թե որ քաղաքական ուժը եւ գործիչը ինչ կենսագրություն, քաղաքական փորձառություն եւ կշիռ ունի: Ինչ վերաբերում է օրենսդիր եւ գործադիր մարմիններում պորտֆելների բաժանման հարցին, ապա միանգամից կարող եմ փաստել, որ քննարկումները դեռ շարունակվում են, եւ, բնականաբար, ՕԵԿ-ը որպես նոր քաղաքական կոալիցիայի մաս կազմող կուսակցություն՝ պորտֆելներ ունենալու է»:

Նշելով, որ ԱԺ հանձնաժողովների թիվը Հայաստանում շատ ավելի քիչ է, քան ԱՊՀ եւ եվրոպական երկրներում, ՕԵԿ փոխնախագահն ասաց. «Չնայած այն փաստին, որ մեր երկրում մշտապես ականատեսն ենք լինում, որ տարբեր լրատվական, քաղաքական, հասարակական կազմակերպություններ են հորինվում, բայց, այնուամենայնիվ, վստահեցնում եմ, որ գործող օրենսդրության սահմաններում ԱԺ մշտական հանձնաժողովները ստեղծվում են, այլ ոչ թե հորինվում»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել