Լրահոս
Օրվա լրահոսը

Նեղացա՞ծ է, արդյոք, «Բարգավաճ Հայաստանը»

Ապրիլ 19,2008 00:00

Ըստ ԲՀԿ խմբակցության քաղաքական քարտուղար Արամ Սաֆարյանի՝ ոչ

Կառավարության կազմն արդեն կիսապատրաստ է եւ կամաց-կամաց պաշտոնական տեղեկություններ են հաղորդվում այս կամ այն նախարարի նշանակման կամ վերանշանակման մասին: Ակնհայտ է, որ հետընտրական զարգացումներից ամենից ավելի օգտվեց երկու քաղաքական ուժ՝ դաշնակցությունը եւ «Օրինաց երկիրը»: Նախագահական ընտրարշավի ժամանակ իրենց ընդդիմադիր հայտարարությունները եւ կեցվածքը նրանք շատ արագ «մարսեցին» եւ այսօր կրկին հայտնվել են իշխող բուրգի աչքի ընկնող հատվածներում, իսկ «Հանրապետականը» եւ «Բարգավաճ Հայաստանը» շարունակելու են վայելել այն, ինչ ունեին մինչ այժմ, ընդ որում, «Հանրապետականը»՝ ավելի պակաս չափով: Մինչդեռ, եթե մի պահ վերանանք ընտրությունների արդար կամ անարդար լինելուց, հաղթել է ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի մեկ միասնական թեկնածուն եւ տրամաբանորեն՝ իշխանական կարկանդակից նրանց բաժինը պետք է որ շատ ավելին լիներ:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանին հենց այդպես էլ հարցրինք՝ ճի՞շտ են տեղեկությունները, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները նեղացած են կառավարությունում ստացած նույն պորտֆելների եւ, ըստ էության, իրենց կարգավիճակի անփոփոխ մնալու համար: Հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչ են մտածում այն մասին, որ իրենք ՀՀԿ-ի հետ հավասար պայքարել են մեկ թեկնածուի հաղթանակի համար, բայց պտուղները իրենց հետ հավասար, երբեմն նաեւ ավելի չափով վայելելու են ՕԵԿ-ը եւ ՀՅԴ-ն: Արամ Սաֆարյանը չխուսափեց մեր հարցից, սակայն խնդրեց հատուկ շեշտել, որ պատասխանում է անձամբ միայն իր անունից. «Ոչ, այդպիսի զգացում ես չունեմ, ես հասկանում եմ, որ քաղաքական կոալիցիան ձեւավորվել է հասարակության հնարավորինս լայն շրջանակի քաղաքական ակնկալիքներն ապահովելու, բավարարելու նպատակով: Այս իմաստով մենք քաղաքացիական համերաշխության եւ ազգային համաձայնության կողմնակիցներ եղել ենք եւ մնում ենք: Բայց, միաժամանակ, ուզում եմ ասել, իմ կուսակիցները, ԲՀԿ-ի քաղաքական ակտիվն ակնկալում է, որ հիմա, ընտրություններից հետո մեր կուսակցության կադրային լուրջ պոտենցիալը մենք կօգտագործենք առավել ամբողջական, առավել լրիվ, եւ քանի որ այդ պոտենցիալը ունենք, մենք հանգիստ ենք, որովհետեւ վստահ ենք, որ մեր այս ակնկալիքի մեջ ոչ մի արտառոց բան չկա: Ես կարծում եմ՝ մենք այսուհետեւ ավելի ակտիվ կներգրավվենք բոլոր տեսակի եւ բոլոր մակարդակի ընտրություններում եւ հնարավորություն կունենանք մեր թեկնածուներին առաջարկելու հասարակությանը»: Հստակեցնելու նպատակով հետաքրքրվեցինք՝ նկատի ունի, որ այսուհետեւ նախագահական ընտրություններին ԲՀԿ-ն կմասնակցի միայն եւ միայն իր սեփակա՞ն թեկնածուով: Ասաց, որ դա նկատի չունի, այլ՝ մինչ հաջորդ նախագահական ընտրությունները սպասվող բոլոր տեսակի ընտրությունները՝ եւ ՏԻՄ, եւ Երեւանի քաղաքապետի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել