Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակույթ եւ քաղաքականություն

Ապրիլ 18,2008 00:00

«Հայելի» ակումբի երեկվա հյուրերը դերասան Միքայել Պողոսյանն ու կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանն էին: «Վերջին տարիներին թատերական կյանքում արտառոց պոռթկումներ չկային: Թատրոնը հանդարտ եւ ոչ տագնապային վիճակում էր, սակայն արդեն աշխուժություն է նկատվում: Ապշած եմ, օրինակ, Վահան Բադալյանի աշխատանքներից, մեկը մյուսից լավն է: Ուրախալի է, որ այժմ տեղի են ունենում փառատոններ»,- ասաց Մ. Պողոսյանը: Վ. Չալդրանյանի համոզմամբ, թատրոնն ավելի ճգնաժամային վիճակում է, քան կինոն. «Ճգնաժամը բավականին երկարեց, իսկ պատճառները տարբեր են: Միգուցե լավ դերասաններ, բեմադրիչներ կամ դրամատուրգնե՞ր չկան, թեեւ բոլորն ասում են, որ ունենք: Կոնկրետ ինձ համար չկան վատ դերասաններ, կան դերասաններին քիչ սիրող ու փայփայող ռեժիսորներ: Տաղանդավոր դերասաններ ունենք, որոնք մնացել են հայկական շրջանակներում եւ հայտնի են միայն հայկական շուկայում: Ես ամենայն պատասխանատվությամբ կասեմ, որ մենք ունենք համաշխարհային պոտենցիալ ունեցող արտիստներ»: Վ. Չալդրանյանը ափսոսանք հայտնեց, որ այդ տաղանդավոր դերասաններն այսօր անում են այն, ինչը պահանջում է սպառողը. «Արդեն թեւավոր ճշմարտություն է դարձել, թե՝ անցան լավ տարիները, չկան Ներսիսյաններ, չկան Փափազներ…, բայց եթե անգամ չկան, կա՛ նրանց գենը, չի՛ վերացել: Հայոց արգանդը միշտ էլ տաղանդներ տվել է, պարզապես պահանջարկի խնդիր է: Երբ իսկապես Փափազների ու Ներսիսյանների պահանջ լինի, նրանք մեջտեղ կգան»: Մ. Պողոսյանը կարծում է, որ մերօրյա ղեկավարները լավ չեն գիտակցում, թե ինչ է բան է մշակույթը. «Պարզապես իրենց ճառերի մեջ ասում են՝ մեր դեմքը մեր մշակույթն է: Իսկ այդ արտահայտություններն ընդամենը հնամաշ ու անհետաքրքիր լոզունգներ են»: Բանախոսներն անդրադարձան նաեւ ներքաղաքական իրավիճակին: Չալդրանյանի խոսքերով, մարտի 1-ը երկար պատմություն ունի. «Եկավ մի պահ, երբ որոշեցինք ճշմարտություն քարոզել, բայց ճշմարտությունն էլ երկու տեսակ ունի. ճշմարտություն՝ ընդդեմ եւ ճշմարտություն՝ հանուն, իսկ մեր քարոզածը ընդդեմ էր, այսինքն այն, ինչ քարոզվում էր Ազատության հրապարակում: Կատարվածը ոչ թե ինը օրվա, այլ տասնամյակներ քարոզվածի արդյունք էր: Երկիրը բաժանվեց մեկը մյուսի դեմ թայֆաների, մենք կորցրինք մեր միաբանությունը: Այսօր էլ ունենք անբարոյական մթնոլորտ ունեցող երկիր, որի պատվիրանները դարձել են քցելը, խաբելը եւ այլն»: Մ. Պողոսյանն էլ ասաց, թե տեղի ունեցած իրադարձությունների հեղինակը բոլորն են. «Այս քաղաքից գնացել են բարոյական նորմերը: Չէ՞ որ հնարավոր չէ տասը տարի լռությունից հետո արդարության մասին ինչ-որ պոռթկումներ լինեն: Ուշքի եկեք, մարդիկ… Այս ինչ կռվելու տենդենց է մտել ձեր մեջ»: Դերասանն անդրադարձավ նաեւ երգչուհի Նունե Եսայանին. «Եթե նրան ընդունում եք որպես երգչուհի, իսկ նրա տեսակը՝ ոչ, մի՛ գնացեք նրա համերգներին… Մարդը իրավունք ունի սխալվելու, ներողամիտ եղեք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել