Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ապրիլ 18,2008 00:00

\"\"ԵՊՀ բակում «Մշակութային եղեռն» էր, իսկ դահլիճում՝ հանդիպում Մետաքսեի հետ

«Ժամանակն է սթափվելու…»,- երեկ ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության կազմակերպած «Մշակութային եղեռն» խորագրով ցուցահանդեսի ժամանակ ուսանողներին բաժանվեցին այս կոչով հայտարարություններ: Ցուցահանդեսին ներկայացված էին Արեւմտահայաստանի, Նախիջեւանի, ԼՂՀ-ի տարածքում գտնվող հայկական հուշարձանների՝ «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության» երեւանյան գրասենյակի տրամադրած լուսանկարները: Դրանցում հայկական հուշարձանները պատկերված էին նախկին վիճակում՝ բարվոք, երբ դրանք դեռ տնօրինում էին հայերը, եւ ներկա տեսքով: Շատերի տեղում էլ այժմ ամայի տարածություններ են: Օրինակ՝ «Հաշվեհարդար հայկական գերեզմանաքարերի հետ» խորագրով լուսանկարում ներկայացված էր, թե ադրբեջանցիներն ինչպես են ոչնչացնում Ջուղայի գերեզմանաքարերը, «Ադրբեջանի պատմությունը կերտելու՝ նախագահ Իլհամ Ալիեւի պատգամը» խորագրով լուսանկարում՝ ադրբեջանցիները քանդում են հուշարձանները: ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ատենապետ Վահե Սարգսյանն այս կապակցությամբ ասաց. «Ներկայիս Թուրքիայի Հանրապետությունը, որը փորձում է քաղաքակիրթ երեւալ, ցեղասպան Օսմանյան Թուրքիայի իրավահաջորդն է եւ ոչնչով չի տարբերվում նրանից: Իսկ այս լուսանկարները նրանց անձնագիրն են, որոնք կարող են աշխարհին ցույց տալ Թուրքիայի իրական դեմքը: 1-ին փուլում փորձեցին հայերին ձուլելու միջոցով ստեղծել թուրքական մեծ պետություն՝ չհաջողվեց: 2-րդը ֆիզիկական ոչնչացման փուլն էր, երիտթուրքերի ծրագրի իրականացումը: Դա էլ միայն մասամբ հաջողվեց թուրքերին: Այսօր հայ ժողովուրդը ստեղծել է պետություն եւ աղաղակում է այդ ամենի մասին: Իսկ հիմա Թուրքիան 3-րդ փուլն է իրականացնում, կրկին ոչնչացնում է հայկական հետքը: Սա եղեռնի շարունակությունն է»: Ցուցադրված էին նաեւ Իրանի եւ Վրաստանի հայկական հուշարձանները: Իրանի տարածքում գտնվողները քաղաքակիրթ ձեւով վերանորոգված են, իսկ Վրաստանում՝ ոչ: «Վրաստանը, որին բարեկամ պետություն ենք համարում, պիտի գիտակցի այս ամենը եւ հարեւանին վայել վերաբերմունքի արժանացնի իր հարեւան երկրի պատմաճարտարապետական հուշարձանները»,- նշեց Վ. Սարգսյանը: Կային որոշ ուսանողներ, որոնց չհետաքրքրեց ցուցահանդեսը, պաստառների կողքով անցան՝ «դե լավ, է՜» բացականչությամբ: Բայց շատերը խորը վրդովմունք հայտնեցին «Առավոտին»: «Սա ադրբեջանական հերթական սարդրանքն ու լկտիությունն է: Ցավոք, ՀՀ-ում էլ հուշարձաններ կան, որ ոչնչացված կամ ուղղակի գցված են փողոցի անկյուններում, օրինակ՝ Երեւանի հին խաչքարերը»,- ասաց ԵՊՀ ուսանող Վարուժանը: Իսկ Վ. Սարգսյանն այս կապակցությամբ մեզ հայտնեց. «Դա մեր պետական-քաղաքական գործիչների «պատշաճ» վերաբերմունքի եւ «ազգային մտածելակերպի» արդյունք է»: «Մշակութային եղեռնը» կշրջի Երեւանի տարբեր բուհերով, ապա «կմեկնի» Գյումրի:

Երեկ ԵՊՀ մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ էլ ուսանողները հանդիպեցին գյումրեցի բանաստեղծուհի, արձակագիր Մետաքսեին: «Առավոտի» հետ զրույցը նա այսպես սկսեց. «Երիտասարդների մասին ոչ մի վատ խոսք չասեք: Թուլություն ունեմ նրանց հանդեպ: Մեջները շատ խելոքներ կան: Իհարկե, մեկ-մեկ ծուլանում են կարդալու մեջ, բայց կկարդան, դեռ կհասցնեն»: Հետո էլ մի քանի խորհուրդ տվեց նրանց. «Աղջիկներին խորհուրդ կտամ շուտ ամուսնանալ եւ իրենց կուրսից փեսացու ընտրել: 5 տարի հետը կսովորեն, բնավորությանը կընտելանան: Տղաներին էլ խորհուրդ կտամ իրենց թեւերի տակ հասունացնեն ապագա հարսնացուներին: Մեկ էլ, թող աղջիկները պորտերը չբացեն: Գիտե՞ք, որ Արարատը հողագնդի պորտն է: Աղջիկների մարմնի այդ հատվածն էլ է նման Արարատին: Դրա համար էլ պետք չէ բացել, չէ՞ որ դա նաեւ երեխաների բնակատեղին է: Մյուս կողմից էլ, տղամարդը որոնումներ է սիրում»: ԵՊՀ ուսանողները բեմադրեցին գրական կոմպոզիցիա՝ Մետաքսեի բանաստեղծությունների հիման վրա, իսկ գրականագետ Սամվել Մուրադյանը ներկայացրեց նրա ստեղծագործության առանձնահատկությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել