Լրահոս
Օրվա լրահոսը

Ակորդեոնը՝ «դասական» ընտանիքում

Ապրիլ 18,2008 00:00

Իտալացի վիրտուոզ ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարքիի մեկնաբանությունները

«Առավոտը» տեղեկացրել էր երեկվանից Ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում մեկնարկած «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 4-րդ փառատոնի մասին, որի բացման պատիվը տրված էր Հայաստանի պետական կամերային նվագախմբին (ՀՊԿՆ, ղեկավար՝ Արամ Ղարաբեկյան) եւ իտալացի վիրտուոզ ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարքիին:

«Առավոտը» ներկա էր գլխավոր փորձին: Մինչ մեզ հետաքրքրող հարցին՝ ինչո՞ւ այսօր ողջ աշխարհը ակորդեոնը ասոցացնում է առաջին հերթին Պիացոլայի հետ, կպատասխաներ Պիետրոդարքին, ՀՊԿՆ-ի գեղարվեստական ղեկավար Ա. Ղարաբեկյանը տեղեկացրեց, որ ծնունդով արգենտինացի Պիացոլան, երբ 1940-ականներին ուսանում էր Փարիզում՝ ճանաչված կոմպոզիտոր Նադյա Բուլանժեի մոտ, լսելով վերջինիս հորդորը՝ դարձիր ակունքներիդ, վերադառնում է հայրենիք եւ սկսում ստեղծագործել հայտնի տանգոների շարքը: Պիետրոդարքին էլ հավելեց, որ թեեւ Պիացոլան ծնունդով Արգենտինայից է, բայց նրա ծնողներն իտալացիներ են. «Իտալիայում ակորդեոնը տարածված է որպես ժողովրդական գործիք, բայց արդեն վերջին տարիներին Սուրբ Չիչիլիայի ակադեմիայում այն դասավանդվում է որպես դասական նվագարան: Ակորդեոնի համար դասական գործեր են գրում ճանաչված կոմպոզիտորներ Լուչիանո Բերիոն, Ջոն Զոռնոն, Դոնա Տուրին եւ այլք, այսինքն՝ իտալական ժողովրդական գործիքից ակորդեոնը մուտք է գործում դասական գործիքների ընտանիք: Համոզված եմ, որ դեռ կգրվեն ստեղծագործություններ ակորդեոնի եւ սիմֆոնիկ կամ կամերային նվագախմբերի համար»: Հարցին՝ ինչո՞ւ այսօրվա համերգի ծրագրում դարձյալ Պիացոլա է հնչելու, չկա՞ն նոր գործեր կամ փոխադրումներ, ակորդեոնահարը պատասխանեց. «Խաչատրյան» համերգասրահում ապրիլի 19-ին կայանալիք մենահամերգիս ժամանակ կհնչեն հենց ակորդեոնի համար ստեղծված երկեր, այդ թվում այնպիսիք, որոնք գրվել են հատուկ ինձ համար: Մի ցանկություն ունեմ. որ այսօր ակորդեոնի համար շատ ստեղծագործեն հատկապես երիտասարդները, իրենց երաժշտությամբ բերելով նոր շնչառություն»:

Փաստենք, որ ակորդեոնը Հայաստանի երաժշտական յոթնամյա դպրոցներում դասավանդվել է 1920-ականներից, իսկ 1960-ականներից՝ նաեւ Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: Վերջինում մինչ օրս գործում է ակորդեոնի դասարան, իսկ խորհրդային տարիներին, երբ 1980-ականներից բացվեցին երաժշտական սալոնները, չգիտես ինչու, երաժշտական դպրոցների ուսումնական ծրագրից հանվեց այդ գործիքը: Այնուհետեւ, երբ տարիներ անց այդ սալոնները փակվեցին, ակորդեոնը «վերադարձավ» երաժշտական հատուկենտ դպրոցներ: Նշենք, որ բեմահարթակից այս գործիքին հանդիպել ենք «Կադանս» անսամբլի հիմնադրման օրվանից՝ 2004թ.: «Առավոտի» հետ զրուցած ոչ մի երաժիշտ չհիշեց որեւէ հայ ակորդեոնահարի, որը ժամանակին մենահամերգով հանդես եկած լիներ, փոխարենը հիացմունքով խոսեցին մերօրյա ռուս ակորդեոնահարների մասին, նրանց նվագը համեմատելով երգեհոնի հնչեղությանը: Իսկ որ մեր ժողովուրդը սիրում է այս գործիքը, կարծում ենք, մեկնաբանության կարիք չունի: Ասվածի վկայությունն է Մարիո Ստեֆանո Պիետրոդարքիի երեկվա մենահամերգից դեռ շատ օրեր առաջ տոմսերի բացակայությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել