Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԵՐԻԱԼԻ ԱՆՆԱՆ»՝ ԼՈՒԻԶԱ ՂԱՄԲԱՐՅԱՆ

Ապրիլ 18,2008 00:00

\"\"Դերասանուհին խոստովանում է, որ թատրոնն ավելի հոգեհարազատ է

Լուիզա Ղամբարյանին հանդիսատեսը ծանոթ է իբրեւ Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի հաջողված դերասանուհի: Մի քանի ամիս հեռուստատեսությամբ ցուցադրվող «Դժբախտ երջանկություն» հեռուստասերիալից հետո նա ավելի հանրահայտ է դարձել: Բոլորը Լուիզային ճանաչում են որպես «սերիալի Աննա»: «Առավոտի» հետ զրույցում դերասանուհին նշեց, որ թատրոնն իրեն ավելի հոգեհարազատ է: Նա խոստովանեց, թե ցավում է այն բանի համար, որ ոչ թե թատրոնի, այլ սերիալի միջոցով է լայն հանրության շրջանում ճանաչում վաստակել. «Դա ինձ համար ե՛ւ հաճելի է, ե՛ւ ցավալի: Այն, ինչ հիմա մենք ենք անում, արվեստի հետ քիչ կապ ունի՝ կինո չէ, թատրոն չէ, այլ դրանց միջին մասում գտնվող վիճակ: Ու երբ ասում են՝ ի՜նչ լավ ես խաղում, մեկ-մեկ մտածում եմ՝ իսկ թատրո՞նը, էն հոգեվիճակները, գլխապտույտները, էներգիան, որ տալիս ես, կամ հանդիսատեսի հետ շփումը: Ինչ խոսք, հեռուստատեսությունը հզոր ուժ է…»: Լուիզայից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ վերջաբան է ունենալու այդ սերիալը: «Որոշակի նկատառումներից ելնելով՝ սցենարիստը չի ասում, այնպես որ, ինքներս էլ դեռ չգիտենք: Մյուս կողմից էլ, կարծում եմ, լավ ավարտ կունենա, որովհետեւ, ի վերջո, այդպիսի սկզբունքների վրա են հիմնվում բոլոր սերիալները»,- պատասխանեց Լ. Ղամբարյանը: Մեր զրույցին ներկա էր նաեւ Լուիզայի 2,5-ամյա դուստրը՝ Գաբրիելան, որը ուշիուշով հետեւում էր մայրիկին: Լուիզան ասաց, որ նա արտիստիկ երեխա է, հաճախ է սանրը վերցնում եւ իբրեւ միկրոֆոն «գործածելով» երգում «Արեւիկ» անսամբլի եվրատեսիլյան «Բարի փերին». «Գաբիի մեջ արտիստիկ բաներ եմ տեսնում, չնայած հայրիկի մասնագիտությունից էլ շատ բաներ կան՝ սիրում է սրսկել: Հետաքրքիրն այն է, որ ես չեմ ուզում աղջիկս դերասանուհի դառնա, հայրիկն էլ՝ իր նման բժիշկ: Ամուսինս ասում է՝ աղջիկը պետք է հեշտ ապրի, բժշկությունը բարդ ոլորտ է»: Գաբիին թույլ չեն տալիս սերիալը դիտել, որովհետեւ նա լաց է լինում, երբ հեռուստացույցով տեսնում է հուզված մայրիկին:

Դառնալով թատրոնին, մեր զրուցակիցն ասաց, որ պատահաբար է հայտնվել այնտեղ եւ երբեք չի երազել դերասանուհի դառնալ: «Հիմա շուրջ 10 տարի թատրոնում եմ: Լինելով թատրոնի մարդ, կարողանում եմ թատրոնին կողքից էլ նայել ու թատրոնի հետ կապված ամեն բան հիվանդագին ու սուբյեկտիվ չընկալել»,- նշեց նա: Խոսելով թատրոնի հանդեպ հասարակության ներկայիս վերաբերմունքի մասին, Լ. Ղամբարյանն ասաց. «Նախկինում երիտասարդությունն ավելի կապված էր թատրոնին, հիմա ժամանակները փոխվել են, բոլորն այնքան խնդիրներ ունեն, այնպես որ՝ չեմ մեղադրում որեւէ մեկին, որ թատրոն չի գնում: Մյուս կողմից էլ, այն մարդը, որ թատրոն չի հաճախում, ճիշտ է անում, զոռով-ստիպելով բերելը սխալ է… Ժամանակին կար թատերական հասարակություն, գուցե տարիներ անցնեն եւ այն կրկին ձեւավորվի: Դրա համար թատրոնն էլ պիտի շատ բան անի, ի վերջո 21-րդ դարում ենք ապրում՝ հեռուստատեսություն, համակարգիչներ, ինտերնետ… թատրոնի մարդիկ պիտի ժամանակի շունչը զգան եւ ամեն ինչ անեն, որ հանդիսատեսին չկորցնեն»:

Լուիզան սիրով է հիշում իր առաջին դերը՝ արքայադստեր կերպարը տոնածառային ներկայացման մեջ, որին հետեւել են շատ դերեր. «Հիմա գերծանրաբեռնված եմ ե՛ւ թատրոնում, ե՛ւ թատրոնից դուրս: 30 տարեկան եմ, դեռ Ջուլիետ եմ խաղում: Բոլորովին վերջերս ինձ համար մի շրջադարձային դեր խաղացի՝ Վիգեն Չալդրանյանի «Ձայն լռության կամ վեցերորդ պատվիրան» ներկայացման մեջ՝ Այծեմնիկի, որը մեծ աղմուկ հանեց ու լավ ընդունվեց թատերասեր հասարակության կողմից: Խաղում եմ դերեր, որոնք յուրաքանչյուր դերասանուհու կենսագրության մեջ էական նշանակություն ունեն՝ Լեդի Մակբեթ, Ջուլիետ… »: Պարզվեց՝ Լ. Ղամբարյանը ժամանակին երազել է մարմնավորել մեքսիկացի աշխարհահռչակ նկարչուհի Ֆրիդա Կալոյին:

Երբ անդրադարձանք դերասանուհու գեղեցիկ հայերենին, այս առիթով էլ ասաց. «Դրա համար շատ շնորհակալ եմ 135-րդ դպրոցի իմ ուսուցիչներին: Կարծում եմ, ականջ է ծակում, երբ իրենից ինչ-որ բան ներկայացնող արվեստագետը եթերից հնչեցնում է վատ հայերեն: Լեզվի հետ կապված հավելեմ, որ հայերենը բարդ լեզու է, օրինակ՝ մեր սերիալում կարողացել ենք ապահովել խոսակցական այնպիսի մակարդակ, որ ո՛չ գռեհիկ լինի եւ ո՛չ էլ քանզի-վասնզիով խոսեն: Թե չէ՝ երբեմն մտածում եմ, որ հայկական հեռուստաալիքներն իրար հետ կարծես կռիվ են տալիս՝ ով ավելի անճաշակ հաղորդումներ կանի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել