Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Իրավական խճանկար

Ապրիլ 18,2008 00:00

Մարտի 1-2-ի դեպքերի նախաքննության արդյունքներից

ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանն «Առավոտին» երեկ տեղեկացրեց, որ «պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւանում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու առթիվ» ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ավարտվել է նաեւ Արմեն Մովսիսյանի, Էդիկ Խաչատրյանի, Խաչիկ Գասպարյանի եւ Ավետիք Ներսիսյանի մասով նախաքննությունը: Նրանց վերաբերյալ գործերն անջատվել են առանձին վարույթ: Ըստ մամուլի խոսնակի, Ա. Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել «զանգվածային անկարգություններին անմիջական մասնակցություն ունենալու համար»: Է. Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել «ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու համար՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ»: Նրանց երկուսի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին եւ քրեական գործերն ուղարկվել են ՀՀ հյուսիսային քրեական դատարան: Խ. Գասպարյանին եւ Ա. Ներսիսյանին մեղադրանք է առաջադրվել «իշխանության ներկայացուցչի կյանքի ու առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու համար՝ կապված նրա ծառայողական պարտականությունների կատարման հետ»: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը եւ քրեական գործերն ուղարկվել են Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան:

Ինչ վերաբերում է զանգվածային անկարգություններին անմիջական մասնակցություն ունենալու կասկածանքով ձերբակալված Տիգրան Սուքիասյանին, Եղիշե Գրիգորյանին եւ Արթուր Նազանյանին, նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով եւ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նշենք, որ ապրիլի 17-ի դրությամբ նախնական կալանքի տակ է գտնվում 75 անձ, եւս 18 մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Եվս մեկ անձ՝ Լ. Գասպարյանը, ձերբակալվել է Երեւանում մարտի 1-2-ին տեղի ունեցած զանգվածային անկարգություններին անմիջական մասնակցություն ունենալու կասկածանքով: Դատարան է ուղարկվել 24 քրեական գործ՝ 24 անձի վերաբերյալ:

Ամբաստանյալը դատարան չեկավ

Երեկ զանգվածային անկարգությունների գործով Երեւանի քրեական դատարանում նշանակված դատական նիստը տեղի չունեցավ՝ 25-ամյա ամբաստանյալ Արտաշես Մաթեւոսյանի բացակայության պատճառով: Վերջինիս պաշտպան Գայանե Անտոնյանն ասաց, որ Մաթեւոսյանը սրտի հետ կապված խնդիրներ ունի: Ա. Մաթեւոսյանը ձերբակալվել էր մարտի 16-ին, ապա երկու օր անց ազատ արձակվել, նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նշենք, որ նախագահողն է դատարանի նախագահ Վարդան Աբրահամյանը, մեղադրանքը ներկայացնում է Հատուկ քննչական ծառայության կողմից քննված գործի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազ Հակոբ Ղարախանյանը:

Ֆրանսիական դեսպանատան դիմաց

ՀՀ վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ Երեւանի քրեական դատարան է մուտքագրվել գործ, համաձայն որի՝ Կառլեն Համբարձումի Մանուչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով (զանգվածային անկարգություններ) նախատեսված հանցագործություն կատարելու մեջ:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Կառլեն Մանուչարյանը մեղադրվում է այն բանի համար, որ 2008 թվականի մարտի 1-ին Երեւան քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցում՝ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մոտ, քարերով եւ փայտերով հարվածել է նշված վայրում հասարակական կարգի պահպանություն իրականացնող իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկաններին:

Երեկ Երեւանի քրեական դատարան է մուտքագրվել եւս մեկ գործ, համաձայն որի՝ Հարություն Սուրենի Մկրտչյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ: Ըստ մեղադրական եզրակացության՝ Հարություն Մկրտչյանը մեղադրվում է այն բանի համար, որ 2008 թ. մարտի 1-ին, ժամը 12-ի սահմաններում, Երեւան քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցում՝ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մոտ, հայհոյանքներ է տվել նշված վայրում հասարակական կարգի պահպանություն իրականացնող իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկաններին, վերջիններիս ուղղությամբ նետել քարեր, դատարկ շշեր եւ ոտքերով հարվածել նրանց վահաններին:

Հանձնաժողովի նախագահն ազատազրկվեց

Երեկ Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Էրեբունի համայնքի թիվ 13/10 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Սեյրան Մկրտումյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով նախատեսված հանցանք կատարելու մեջ («Ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը») եւ նրա նկատմամբ նշանակվել պատիժ՝ ազատազրկում 2 տարի ժամկետով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել