Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Գյուղապետերին պաշտոնա՞նկ է անելու

Ապրիլ 18,2008 00:00

Արմավիրի մարզպետը իր մարզի մի քանի բյուջեները չկատարած գյուղապետերի սպառնում է պաշտոնանկ անել:

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի որոշմամբ, անցյալ տարվանից իր մարզի բոլոր համայնքապետերն իրենց ընտրողների եւ մարզպետարանի ներկայացուցիչների ներկայությամբ պիտի հաշվետվություն տան, թե իրենց բյուջեն քանի տոկոսով են կատարել եւ ինչ ծախսեր ու աշխատանքներ են արվել համայնքի համար: Մարզպետարանի՝ «Առավոտին» տրամադրած տեղեկատվության համաձայն, Արմավիրի մի քանի համայնքապետեր հողի հարկը նույնիսկ 50%-ով չեն հավաքագրել, ինչի հետեւանքով էլ այդ գյուղերը զրկվել են սոցիալական ներդրումների ծրագրից:

Ապրիլի 15-ին մարզպետ Ա. Ղահրամանյանը մարզխորհրդի նիստ է հրավիրել ու բյուջեները թերակատարած գյուղապետերին հասկացրել, որ եթե մի քանի ամսվա ընթացքում իրենց բյուջեները չկատարեն՝ նրանց պաշտոնանկ անելու միջնորդությամբ կդիմի կառավարություն: Մեզ հետ զրույցում մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը թերացում համարեց այն համայնքապետերի աշխատանքները, որոնք գոնե 40%-ով բյուջեն չեն կատարել: Հողի հարկն ամենաքիչը հավաքագրած համայնքապետերից են Այգեշատի (30.9%), Արաքսի (14.6%), Լուկաշինի (35.3%), Նոր Կեսարիայի (13.7%), Ջրաշենի (26.9%) եւ Փշատավանի (29.4%): Արաքսի գյուղապետ Ռուբեն Հովակիմյանը թեեւ մարզխորհրդի նիստին ներկա չի եղել, բայց չի բացառվում, որ մարզային իշխանությունների հետ նա էլ մյուս գյուղապետերի նման խնդիրներ ունենա, քանի որ այդ համայնքի 600 հեկտար հողերից մշակվում են միայն 20-25 հեկտարը: Ըստ Ռ. Հովակիմյանի, 4-5 տարի է՝ այդ հողերը չեն ոռոգվում, քանի որ գտնվում են սահմանային գոտում, փշալարերից այն կողմ, եւ Արաքսի գյուղացիները անձնագրերով են գնում հողամասերը մշակելու: «Առավոտի» այն հարցին, եթե պաշտոնանկ անելու հարց բարձրացվի՝ ի՞նչ քայլերի է դիմելու, քանի որ գյուղապետի պաշտոնն ընտրովի է, ոչ թե նշանակովի, պարոն Հովակիմյանն ասաց. «Եթե մի բան օրենքով չի՝ իմ վրա չի ազդում, դա սահմանադրությամբ չի, ով ինչ ուզում է՝ ասի, ինչ ուզում է՝ թող խոսի: Եթե ֆինանսական խնդիրներ ունեմ, խնդրեմ, ես դուրս կգամ, եթե մեղք չունեմ՝ որեւէ մեկը չի կարող ինձ ստիպել, որ ես դուրս գամ: Այս դեպքում ես մեղք չունեմ: Այդ մասին բարձրաձայնել եմ նախարարներին, վարչապետին, որ խնդրում եմ համայնքին ապահովեք ոռոգման ջրով, քանի որ հարկերը չեմ կարողանում հավաքել, բոլոր նամակների պատասխաններն ինձ մոտ կան: Թող ջուր տան, ես էլ հարկերը հավաքեմ, իմ ընտրվելու առաջին տարում մի կերպ հավաքեցի: Գյուղացին էլ ինձ ասում է՝ ջուր տուր, հարկը տամ, որ չի մշակում իր հողը՝ որտեղի՞ց հարկ տա»:

Փշատավանի գյուղապետ Նվեր Քարամյանն էլ զարմացավ, որ գյուղապետին կարող են պաշտոնանկ անել. «Խի մարզպետը չգիտի՞, որ գյուղապետն ընտրովի պաշտոն է»: Նա նշեց, որ իր թերացումների պատճառը եղել է 2004-2005 թվերի կարկտահարությունը, որից գյուղացին տուժել էր եւ չէր կարողանում հարկ վճարել: «Իմ հարցը կառավարությունում բարձրացնելը տեղին չեմ համարում, քանի որ ցուցանիշներ եմ ապահովել, նախկինում ես բյուջեն կատարել եմ 90-95%-ով, ամեն ինչ սկսվեց կարկտահարությունից, 2004-ին կառավարությունը որոշակի արտոնություններ մեզ տվեց, իսկ 2005-ին՝ ոչ մի բան»,- արդարացավ Ն. Քարամյանը: Նրա փոխանցմամբ, այս տարի էլ ցրտահարությունից է գյուղը շատ տուժել. «Հենց այս պահին էլ թաղած խաղողի այգիները հիմնովին քանդում են, դեղձ բացարձակ չունենք, կեռաս չկա, սալորի 60%-ը ցրտահարվել է, այս պահին էլ գյուղը դեռ վտանգի տակ է»: Այս ամենով հանդերձ, գյուղապետը հույս ունի, որ այս տարվա բյուջեն կկարողանան բարձր արդյունքներով կատարել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել