Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱՅՍ ԲԱՆԱՁԵՎՆ ԷԼ ԿԻՍԱՏ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ՛

Ապրիլ 18,2008 00:00

\"\"ԵԽԽՎ 109 պատվիրակներից 93-ը երեկ կողմ քվեարկեցին «Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների գործունեության մասին» բանաձեւին, 8-ը դեմ էին, 8-ն էլ՝ ձեռնպահ:

Մարդու իրավունքները խախտված են

«Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների գործունեության մասին» բանաձեւի զեկուցող Ջոն Պրեսքոտն իր ելույթում հիշեցրեց ԵԽԽՎ այն բանաձեւերը, որոնք ընդունվել են Հայաստանի վերաբերյալ. «Դրանք երբեք ամբողջ ծավալով չեն իրականացվել: Ահա այդ պատճառով ենք մենք համարում, որ այս արտահերթ քննարկումներն այսօր խիստ անհրաժեշտ են»: Հիշեցնենք, որ այս հարցն արտահերթ քննարկվեց ԵԽԽՎ բոլոր 5 խմբերի ղեկավարների համատեղ նախաձեռնությամբ:

«Այսօր Հայաստանում անվստահության ու կասկածամտության մթնոլորտ է տիրում ընտրական գործընթացի եւ այն ժողովրդավարական հաստատությունների նկատմամբ, որոնց անդրադարձել ենք մեր զեկույցում,- ասաց Ջոն Պրեսքոտը:- Ահա հենց դա էլ հանգեցրեց այն զանգվածային ցույցերին, որոնք կազմակերպվեցին մինչեւ ընտրությունները: Ուշագրավ է, որ ընդդիմությունը բողոքի ցույցեր կազմակերպեց ընտրությունների դեմ, որոնք նրանք համարում էին ոչ արդար՝ նույնիսկ մինչ դրանց արդյունքների ազդարարումը: Սա միշտ խնդիր է եղել»:

Ի դեպ, ԵԽԽՎ համազեկուցողը հայտարարեց, թե մարտի 1-ի դեպքերից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանը գտնվել է փաստացի տնային կալանքի տակ: Սա մեկն է օրինակներից, որոնք վկայում են, թե Հայաստան այցի ժամանակ պաշտոնական մարմիններից ստացած պարզաբանումները չեն համոզել նրան: Ասենք, Ջոն Պրեսքոտի հետ վարչապետ Սերժ Սարգսյանի մարտի 6-ի հանդիպման վերաբերյալ կառավարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, թե իբր Պրեսքոտն արտակարգ դրության վերաբերյալ ասել է, որ ցանկացած կառավարություն իրավունք ունի եւ պարտավոր է կարգ ու կանոն հաստատել երկրում: Մինչդեռ երեկ նա ԵԽԽՎ-ում հայտարարեց, թե արտակարգ դրության պայմաններում խոսքի, հավաքների եւ այլ ազատությունների սահմանափակումներ մտցվեցին. «Դա մարդու իրավունքների ակնհայտ խախտում է»: Հետո էլ հավելեց, թե արտակարգ դրությունը փոխարինվեց ԱԺ-ի կողմից ընդունված օրենքներով, որոնցով փաստացի պահպանվեցին այն սահմանափակումները, որոնք գործում էին արտակարգ դրության պայմաններում. «Եվ սա մարդու իրավունքների եւս մի խախտում է, որը հարկ է հետաքննել»: Նաեւ ողջունեց պաշտոնակալության արարողության ընթացքում Սերժ Սարգսյանի ելույթում առկա խոստումը, թե հավաքների ազատության մասին օրենքը համապատասխանեցվելու է ԵԽ չափանիշներին: Համազեկուցողները համահունչ լրացում էին առաջարկել բանաձեւի նախագծում, որն ընդունվեց:

Ասենք ճշմարտությունը

Միակ ելույթը, որի ընթացքում բացառապես դրական խոսքեր հնչեցին Հայաստանում տեղի ունեցած գործընթացների մասին՝ Եվրոպական ժողովրդավարների խմբի անունից հանդես եկող ռուս պատվիրակ Իգոր Չեռնյաշենկոյինն էր, որը որպես դիտորդ մասնակցել է մեր ընտրություններին, եւ դրվատանքով պատմեց, թե ընտրողների ցուցակները փակցված էին այն 5 տեղամասերում, ուր ինքն այցելել էր: Նա այստեղ է եղել նաեւ մարտի 1-ին եւ հայտարարեց, թե այժմ հասարակությունը համախմբվում է, իրավիճակը կայուն է Երեւանում: Նման վարդագույն գույներով վիճակը չփորձեցին ներկայացնել անգամ մեր պատվիրակության անդամները, որոնք իշխանական կոալիցիայի անդամ են: Սակայն նրանց ելույթների մասին՝ ավելի ուշ:

Մեջբերենք Եվրոպական լիբերալների եւ դեմոկրատների խմբի անունից ելույթ ունեցող Մաթիաս Յորշիի խոսքից. «Ես ուզում եմ հիշեցնել այն օրը, երբ Հայաստանը դարձավ այս կազմակերպության անդամ: Ես նաեւ ուզում եմ հիշեցնել, որ լիակատար փոխհամաձայնություն կար Հայաստանին ԵԽ ընդունելու կապակցությամբ, ու միայն 2 ձեռնպահ կար՝ Աթկինսոնն ու ես: Եվ խնդիրն այն չէ, որ մեզ դուր չի գալիս Հայաստանը: Ոչ, մենք սիրում ենք Հայաստանը: Բայց մենք համարում էինք, որ կարող ենք ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ այդ երկրում ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու կապակցությամբ միայն այն դեպքում, եթե հետաձգենք Հայաստանի մուտքը ԵԽ: Մենք ասում էինք, որ թող գոնե մեկ արդար ընտրություններ անցկացվեն՝ մինչ այդ երկիրը կդառնա ԵԽ անդամ: Դե, խնդրեմ՝ իսկ հիմա ինչի՛ ենք բախվել. ձերբակալություններ, խուզարկություններ, զոհեր, վիրավորներ, բանտարկյալներ, մեղադրանքներ, հակադարձ մեղադրանքներ… Եվ իհարկե, մենք գիտենք, որ կան քաղբանտարկյալներ: Հաճախ մենք շատ հանգիստ ենք վերաբերվում, աչք փակում արդյունքների կեղծման վրա: Մենք ասում ենք՝ սա եւս մի քայլ է ժողովրդավարության ճանապարհին: Այդ մասին գրում են ԶԼՄ-ները: Բայց մենք գիտենք, չէ՞, որ դա այդպես չէ: Կարելի է ընդհանուր առմամբ բարելավել իրավիճակը, բայց հաճախ ընտրությունների արդյունքները լինում են կեղծված: Եթե մենք ուզում ենք իրական օգնություն ցույց տալ այդ երկրներին՝ մենք պետք է նրանց ասենք ճշմարտությունը»: Ըստ Մաթիաս Յորշիի՝ Հայաստանում այժմ գլխավոր խնդիրներից մեկը ոչ թե այն է, ինչ կատարվեց մարտի 1-ին, «այլ այն, որ ընտրությունների կեղծված արդյունքների պատճառով ընդհանուր անվստահություն կա երկրում ժողովրդավարական գործընթացի եւ հաստատությունների նկատմամբ: Չի կարելի խոսել այս ընտրությունների լեգիտիմության մասին, եթե կեղծված են դրանց արդյունքները»: Անդրադառնալով այն պայմաններին, որոնք շարադրված են բանաձեւի նախագծում՝ պրն Յորշին ասաց. «Պետք է անկեղծորեն ընդունենք, որ այդ պայմանները երբեք չեն կատարվի: Քանի որ չկա քաղաքական այն մթնոլորտը, որ իշխանությունը գնա նման փոխհամաձայնության»:

Եվրոպական ձախերի խմբի անունից ելույթ ունեցող Բյորն Ջակոբսենը նշեց Հայաստանում քաղաքական բանավեճերի բացակայության խնդիրը. «Ու թերեւս հենց դա պիտի սովորի Հայաստանն ապագայում: Բացի այդ՝ քաղաքական պատճառներով ձերբակալությունները, հետապնդումների այլ ձեւերը պետք է դադարեցվեն»:

Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբի անունից ելույթ ունեցող Անդրես Հերկելն էլ նշեց, թե այնուամենայնիվ, այն, ինչ կատարվեց Հայաստանում՝ այդքան էլ պայմանավորված չէր ընտրախախտումներով. «Այդ խնդիրները գոյություն ունեին մինչեւ այս դեպքերը»: Հավելեց, թե Հայաստանի կառավարությունը կարծում է, թե ժողովրդավարական հաստատությունների իմիտացիան ապահովելը բավարար կլինի միջազգային դիտորդների լավ գնահատականը ստանալու համար:

Երկընտրանք՝

հայերի համար

Արմեն Ռուստամյանը եւ Ավետ Ադոնցն իրենց ելույթներում ողջունեցին մեր հարցն արտահերթ քննարկելու նախաձեռնությունը: Սակայն Ավետ Ադոնցը նաեւ վիճարկեց հնչած մեղադրանքը, թե Հայաստանի տեղը ԵԽԽՎ-ում չէ. «Գուցե թե այս ընտրությունների արդյունքներով մենք մի քիչ թուլացրինք մեր դիրքը, բայց սա բնավ չի նշանակում, թե մենք նահանջել ենք մեր դիրքից»:

Իսկ մեր պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը ելույթում ասաց. «Որպես Հայաստանի ներկայացուցիչ՝ ես այսօր կանգնած եմ երկընտրանքի առջեւ: Մի կողմից, ինչպես եւ ցանկացած հայ, մտահոգված երկրի ժողովրդավարացման, եվրաինտեգրման կամ խոսքի ազատության խնդիրներով՝ ես հակված եմ լինել բաց, քննադատող ու լուծումներ փնտրող, ձեռնպահ մնալով իրականությունը վարդագույն ակնոցների պրիզմայով ներկայացնելուց: Մյուս կողմից կյանքը ցույց է տվել, որ որքան քննադատաբար ես մոտենում Հայաստանում առկա խնդիրներին, այնքան ավելի շատ դա կարող է մեր որոշ հարեւանների կողմից շահարկվել ժողովրդավարության խթանմանը միտված քննարկումը վերածելով հակահայ քարոզչության:

Այս երկակի իրավիճակում ես ինձ հարց եմ տալիս՝ իսկ ինչ նպատակ եմ հետապնդում: Եվ ինչքան ես խորհում եմ այս ամենի մասին, այդքան ավելի շատ եմ համոզվում, որ իրականում այդ երկընտրանքը պարզապես երկրորդական է: Իմ եւ մեր ողջ հասարակության նպատակը մեր երկրում դրական փոփոխություններ ունենալն է, եւ սա է ամենակարեւորը: Ուրեմն որեւէ բան կոծկելը պարզապես արջի ծառայություն է դառնում: Եթե մենք ուզում ենք փոփոխություններ տեսնել մեր երկրում, ապա պիտի կարողանանք ազատորեն խոսել թերությունների մասին՝ ներսում, թե դրսում: Կոծկելու կամ մեղմելու գործելաոճի արդյունքում ժամանակի ընթացքում ինքդ քեզ ու հանրությանն էլ կհավատացնես, թե խնդիրները չկան կամ մեղմ են: Իսկ այդպես արդյունքի հասնել պարզապես հնարավոր չէ»:

Ներկայացված զեկույցը գնահատելով իբրեւ հավասարակշռված ու «Հայաստանի ապագայով մտահոգված գործընկերների անկեղծ կարծիքն» արտահայտող՝ Դավիթ Հարությունյանն ասաց, թե իրենց առաջարկած փոփոխությունները «պաշտպանողական կամ մեղմիչ նպատակ չեն հետապնդում: Դրանք պարզապես նպատակ ունեն ախտորոշումը ճշգրտելու, այն հավատով, որ միայն ճիշտ ախտորոշմամբ կարելի է ճիշտ բժշկել»:

Ինչպես «ճշգրտեցին ախտորոշումը»

Կոալիցիան ներկայացնող մեր պատվիրակները՝ Դավիթ Հարությունյանը, Արմեն Ռուստամյանը, Ավետ Ադոնցը, Հերմինե Նաղդալյանը, Մհեր Շահգելդյանը բանաձեւում առաջարկել էին 36 փոփոխություն: Րաֆֆի Հովհաննիսյանը չէր արել եւ ոչ մի փոփոխության առաջարկ:

Մեր պատվիրակների առաջարկած փոփոխությունները գերազանցապես ընդունվեցին: Ըստ այդմ՝ բանաձեւի նախագծում առկա այն արտահայտությունը, ըստ որի՝ խախտումները խնդրահարույց դարձրին ընտրական արդյունքների լեգիտիմությունը հայ հանրության մոտ, ընդունված փոփոխությամբ վերաձեւակերպվեց այսպես, թե այդ արդյունքների «վստահելիությունը» խնդրահարույց դարձավ հայ հանրության «մի մասի մոտ»: Ընդդիմության խաղաղ հավաքների մասին բանաձեւում առկա հիշատակումից հետո մեր պատվիրակների առաջարկով ավելացավ տող, թե դրանք անցկացվել էին առանց պաշտոնական ծանուցման: Բանաձեւի այն արտահայտությանը, թե այն հանգամանքը, որ կոալիցիային չեն միացել «Ժառանգությունը» եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին աջակցող արտախորհրդարանական ուժերը՝ «նվազեցնում է հնարավորությունը, թե այդ համաձայնությունը վերջ կդնի Հայաստանում առկա ճգնաժամին», հավելում արվեց, թե դեռ կա հնարավորություն երկխոսություն հաստատել կոալիցիայի եւ «Ժառանգության» ու նաեւ արտախորհրդարանական ուժերի միջեւ:

Այսպիսով բանաձեւը որոշակիորեն մեղմացավ: Եվ ամենակարեւոր փոփոխությունը վերաբերում է առաջադրված մեղադրանքների վերաբերյալ «թվում է՝ քաղաքական հիմք ունեցող» ձեւակերպմանը: Դավիթ Հարությունյանը պնդեց, թե չկա ապացույց, որ դրանք քաղաքական են: Եվ հիմա բանաձեւում այդ ձեւակերպումը սկսվում է այսպես՝ «դրանցից ոմանք թվում են…»:

Սակայն եղան նաեւ առաջարկներ, որոնցից հայ պատվիրակներն ինքնակամ հրաժարվեցին: Այդպիսին էր, օրինակ, առաջարկվող այն հավելումը, թե ըստ պաշտոնական վարկածի՝ ոստիկանությունը մարտի 1-ին ընդամենը ցանկանում էր խուզարկություն կատարել Ազատության հրապարակում, սակայն հանդիպեց դիմադրության եւ այլն: Դավիթ Հարությունյանը նաեւ հանեց այն առաջարկը, ըստ որի՝ ԱԺ-ն առայժմ չի իրականացնում իր դերը որպես ֆորում՝ քաղաքական բանավեճերի համար: Այդ արտահայտությունը պիտի ձեւափոխվեր այսպես, թե ԱԺ-ն հաջողության չի հասել՝ այդ դերն իրականացնելիս: (Սակայն ընդունվեց առաջարկը, որը վերաբերում էր այդ դրույթի շարունակությանը, թե մեր համակարգում գործում է «Հաղթողը վերցնում է ամեն ինչ սկզբունքը»: Այդ նախադասությունն այժմ չկա բանաձեւում): Դավիթ Հարությունյանը հրաժարվեց նաեւ այն առաջարկից, ըստ որի՝ բանաձեւից պիտի հանվի այն արտահայտությունը, թե ընտրությունների արդյունքները վիճարկողները կարող են դիմել նաեւ եվրոպական դատարան:

Բանաձեւի քվեարկությունից հետո Ջոն Պրեսքոտը հայտնեց հայ լրագրողներին, թե մինչեւ հունիս եւս մի այց կկատարի Հայաստան, որ տեսնեն՝ ինչպես են կատարվում բանաձեւի պահանջները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել