Իր ասուլիսում խոստացավ Վազգեն Մանուկյանը
«Իհարկե, նախագահական ընտրությունները մաքուր չեն եղել: Ես ընդդիմադիր եմ, բայց ես ամեն ինչով կօգնեմ, որ այս կառավարությունը հաջողակ լինի: Ես կուզենամ, որ այս կառավարությունում ճիշտ նշանակումներ լինեն: Եթե հարցեր լինեն՝ կապված պետության անվտանգության կամ մեզ համար ընդունելի բարեփոխումների հետ, անպայման ես իրենց կաջակցեմ: Պրոբլեմներ լինեն՝ ցույցեր էլ կանենք, կպայքարենք»,- երեկ խախտելով երկամսյա լռությունը՝ հայտարարեց ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը: Նրա կարծիքով, անկախ իշխանություններին սիրել-չսիրելուց, Հայաստանը երկու ճանապարհ ունի. «Կամ մենք ուզում ենք, որ այս կառավարությունը տապալվի՝ իրենց համար վատ լինի, որ ասենք՝ տեսա՞ք… Պայքարը հասնի իր տրամաբանական ավարտին, իսկ էդ պայքարի ընթացքում Հայաստանի հետ ի՞նչ կլինի՝ էդ մարդու վեջը չի: Բայց վատ կլինի բոլորիս համար: Կամ՝ մենք ուզում ենք իրենց համար լավ լինի, արանքում մենք փորձենք տանել մեր հարցը»: Նման մոտեցումը բանախոսը բացատրում է իր լավատեսությամբ. «Lեւոն Տեր-Պետրոսյանի նախագահ լինելը ես տեսել եմ. շատ վատ նախագահ է եղել: Սերժ Սարգսյանի նախագահ լինելը ես չեմ տեսել: Խրուշչովը երկար ժամանակ աշխատում էր Ստալինի մոտ. Խրուշչովի առաջին քարտուղար լինելը եւ Ստալինի առաջին քարտուղար լինելը էապես տարբեր բաներ էին: Դրա համար ես, այնուամենայնիվ, որպես Հայաստանի քաղաքացի, կցանկանայի՝ երանի այստեղ էլ այդպիսի բան լիներ:… Քանի որ արդեն ինքը նախագահ է, ավելի լավ է՝ լավ նախագահ լինի: Մենք կողմնակից ենք, որ այս իշխանությունները հաջողակ լինեն Հայաստանի համար: Բայց մենք մնում ենք մեր ծրագրի կողմնակիցը՝ 2-3 տարում փոփոխվում է Սահմանադրությունը, եւ ըստ դրա՝ կայանում են նոր ընտրություններ. առաջ ենք տանելու նաեւ սա: Ընտրությունների օրը պիտի այնքան ուժ ունենաս, որ դիմացինիդ ձեռքը բռնես: Համաձայն չես՝ փաստերը տալիս ես դատարան. որոշումն ընդունվեց՝ վերջացավ: Անընդհատ հեղափոխություն անելը, ետ գնալը կլինի կատաստրոֆա»: Այս ֆոնի վրա մեղադրելով Լեւոն Տեր-Պետրոսյանին, որ առաջնորդվում է երկակի ստանդարտներով՝ 1996-ի եւ 2008-ի իր համեմատություններում, Վ. Մանուկյանն ասաց. «96-ի ցուցարարներն էլ այդպես չեն պահել իրենց: 200 հոգի ձերբակալվել է, անխտիր ձեւով բոլորն են ծեծվել: Պատգամավորներին՝ ԿԳԲ-ի պադվալում կապել են ձեռից-ոտից, ու Մուշեղ Սաղաթելյանն իրենց ծեծել է… Մի խոսացրեք ինձ դրա մասին, չեմ ուզում ես անցյալով ապրել, մի տարեք ինձ այդտեղ»:
Վ. Մանուկյանը նաեւ իր եւ Սերժ Սարգսյանի հանդիպումից որոշ մանրամասներ պատմեց, ընդ որում՝ հանդիպումը եղել է ԱԺՄ նախագահի նախաձեռնությամբ, քննարկվել են եւ քաղաքական, եւ տնտեսական հարցեր. «Օրինակ՝ պարզեցված հարկի մասին օրենքը. ես գտնում եմ, որ շատ բիզնեսմենների օտարացումն իշխանությունից պատճառաբանված է նաեւ դրանով: Ինչպես նաեւ խոսել ենք նոր կառավարության մասին: Ոչ մի անուն չի տրվել, ոչ մի պաշտոն չի քննարկվել, իմ թեկնածությունն ընդհանրապես չի քննարկվել. ոչ ես եմ դրա մասին խոսել, ոչ Սերժ Սարգսյանը: Կլինի առաջարկություն՝ կքննարկեմ, ինձ դա չի հուզում: Ես գտնում եմ, որ էապես պետք է վերանորոգվի կառավարությունը, որ Հայաստանն այս վիճակից դուրս գա»: Ինչքանով է դա արվում՝ բանախոսն առայժմ ձեռնպահ է մնում խոսել, բայց բավականին դրական է գնահատում վարչապետի (որն, ի դեպ, ԱԺՄ հիմնադիրներից է եղել եւ 1994-ին դուրս է եկել կուսակցությունից, Վ. Մանուկյանի խոսքով՝ «որոշեց գնալ ինքնուրույն ճանապարհով»), արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների, ինչպես նաեւ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նշանակումները: Մյուս նշանակումների մասին ասաց՝ «կլինեն՝ կտեսնենք»:
Ի պատասխան «Առավոտի» հարցի՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի երդման արարողությանը Օպերային թատրոնի շենքում, երբ հարակից փողոցները փակվել էին եւ տարածքը շրջապատված էր մահակավոր ոստիկաններով, Վազգեն Մանուկյանն ասաց, որ հասկանում է, թե ինչու կարելի էր գնալ այդ քայլին. «Եթե այդպես չէր լինում, ի՞նչ էր լինում… Դուք մտածո՞ւմ եք սցենարները… Մեծ բազմություն էր հավաքվելու, ոմանք դա օգտագործելու էին: Ես չեմ արդարացնում դա, բայց շիկացած մթնոլորտում, եթե արդարացում չէ, գոնե կարելի է հասկանալ, թե ինչու է այդպես արվում»: Իսկ Հյուսիսային պողոտայում «դեսանտ» իջեցված ոստիկանների մասին էլ ասում է. «Ի՞նչ պիտի անեն, զբոսնում են, ճիշտ է, վախը կա, որ մի զինված մարդ կհայտնվի, ընդհարում կլինի… բայց ես կարծում եմ, որ այդպիսի բան չի լինի: Մյուս շաբաթվանից կսկսվի նոր կառավարության գործունեությունը, եւ ինչքան քիչ ոստիկան փողոցներում երեւա՝ այնքան լավ»: Իսկ մարտի 1-ի դեպքերի առիթով ասում է. «Եթե պետության ներսում ցույցերի ժամանակ արյուն է թափվում՝ պատասխանատուն միշտ իշխանությունն է: Ո՞վ է մեղավոր՝ դատարանի քննարկման հարցն է»: Չխուսափելով բացեիբաց հայտարարել, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, բանախոսը այսպես է բացատրում այդ առիթով իր կուսակցության լռությունը. «Ձերբակալվածների մեջ կան քաղաքական գործիչներ, ովքեր միանգամից պիտի ազատ արձակվեն: Կան մոլորված մարդիկ եւ հանցագործներ: Ցուցակ ներկայացնեի՝ սրան ազատեք, մյուսին՝ ոչ, դատավորի դեր կստանձնեի: Ուստի, ինչքան հնարավոր է՝ շուտ պետք է տարանջատվեն քաղաքական գործիչներն ու հանցագործները»: Կտրականապես դեմ լինելով երթերի եւ հանրահավաքների օրենսդրական արգելմանը՝ Վ. Մանուկյանը միաժամանակ կարծում է, որ այս իրադրության պայմաններում Հայաստանում 2-3 ամիս ցույցեր չպետք է լինեին: