Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՄՈՒՏ ՂԵԿԱՎԱՐԸ

Ապրիլ 17,2008 00:00

Ավան համայնքը 28-30 տարեկան է, մոտավորապես այնքան, որքան նրա երիտասարդ, խելացի ու գործունյա համայնքի ղեկավար Տարոն Անդրանիկի Մարգարյանը: Վերջերս Ավանը Հայաստանում ճանաչվել է 2007 թվականի լավագույն քաղաքային համայնքը եւ այդ առթիվ տրված նյութական խրախուսանքը թաղապետը բնակիչների կողմից նվիրել է սահմանամերձ համայնքներից մեկին: Եվ դա պատահական չէր: Ըստ արժանվույն գնահատվեց երիտասարդ թաղապետի աշխատանքը, շատերը շնորհավորեցին նրան, բազմաթիվ բարեմաղթանքներ, հետագա հաջողություններ ցանկացան: Սակայն ավելի մեծ էր համայնքի բնակիչների ուրախությունը, որոնք ցնծության մեջ էին. գնահատականը տրված էր ճիշտ։Անուրանալի է Տարոն Մարգարյանի դերը համայնքի զարգացման ծանր ու պատասխանատու գործում, առավել եւս առաջին փորձությունը անցնող երիտասարդի համար: Նրա ղեկավարության տարիներին ստեղծվեցին գեղեցիկ զբոսայգիներ, փողոցները եւ գազոնները ձեւավորվեցին ուրույն ոճով, ճաշակով, որը գեղագիտական մեծ հաճույք է պատճառում եւ բնակիչներին, եւ համայնքի այցելուներին: Ստեղծվել է մշակույթի տուն, շախմատի դպրոց, հովանավորվում են արդեն անվճար գործող շատ մանկապարտեզներ ու դպրոցներ: Բարեկարգվեցին ու տեսքի բերվեցին շենքերի բակերը՝ իրենց խաղահրապարակներով, ամենուր տեղադրվեցին տաղավարներ, ֆուտբոլի խաղահրապարակներ, նստելատեղիներ ու աղբարկղեր: Մեծից փոքր ճանաչում են թաղապետին: Բնակիչները, հատկապես երիտասարդները, իրավամբ հպարտանում են նրանով: Իսկ թե որքան ուշադիր է համայնքի ղեկավարը հատկապես տարեց մարդկանց նկատմամբ, կարելի է միայն հիանալ:Ահա այստեղ ցանկանալով հստակ պատասխան տալ հետաքրքրասերների հարցերին, թե ի՞նչ գործոնով են պայմանավորված այդքան երիտասարդ համայնքի ղեկավարի անկրկնելի աշխատասիրությունը, նվիրվածությունը գործին, բարեկիրթ, հարգալից վերաբերմունքը մարդկանց հանդեպ, նախեւառաջ մեկ անգամ եւս խորին հարգանքով ասենք, որ Տարոն Մարգարյանը ստացել է ընտանեկան իմաստուն դաստիարակություն: Նա ծնվել, հասակ է առել Հայաստանի նախկին վարչապետ, երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի ընտանիքում: Իսկ այս հայրենաշունչ օջախում խոսքն ու զրույցը, օրվա աղոթքը միայն ու միայն պատառիկ են հայրենիքին, հայ ժողովրդին անձնուրացաբար ծառայելու շուրջ։Մարգարյանների արմատները գալիս են Տարոն (Մուշ) առասպելական աշխարհից։ Իսկ դա նշանակում է՝ հայրենիքին, ժողովրդին ծառայելու, նրանց նվիրվելու գործում չխնայել ո՛չ ուժ, ո՛չ իմաստնություն եւ ոչ էլ անգամ կյանք։ Վերջերս լրացավ Տարոն Մարգարյանի հոր՝ հրաշալի հայ, իսկական հայրենասեր, անկախապետականության նվիրյալ Անդրանիկ Մարգարյանի մահվան առաջին տարելիցը, ինչը հայ ժողովուրդը նշեց պատշաճորեն։ Եվ ահա մեկ-երկու օրից բոլորում է Տարոն Մարգարյանի 30֊րդ գարունը: Կյանքի այս շքեղաշուք իրադարձության առթիվ շնորհավորելով նրան, մաղթենք քաջառողջություն, բոլոր ցանկությունների գերազանց իրականացում՝ ի շահ Նոր Ավանի, Երեւանի եւ մեր հայրենիքի: Նրան մաղթենք իր եռանդին, պարտքին եւ պատվին արժանի առավել ծանր ու հայրենաշեն գործեր: Եվ ասենք, որ նրա հոգու պարտքն է, տարոնածին հայորդու համառությամբ, անհողդողդ կամքով կիսատ չթողնել հոր հայրենաշեն բոլոր ձեռնարկումներից եւ ոչ մեկը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել