Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Եթե ոչ այսօր, ապա՝ վաղը»

Ապրիլ 17,2008 00:00

\"\"Երեկ մի խումբ իրավապաշտպան հ/կ-ներ հրավիրել էին քննարկում՝ ՀՀ իշխանությունների կողմից հետընտրական շրջանում ծավալված բռնությունների, մարդու իրավունքների հիմնարար ազատությունների սահմանափակումների ու հետապնդումների վերաբերյալ:

Ըստ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Նատալյա Մարտիրոսյանի, Վանաձորի հելսինկյան գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի եւ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ հասարակության մեջ ձեւավորվել է համատարած վախի եւ անվստահության մթնոլորտ: Նրանք իշխանություններից պահանջեցին շուտափույթ ազատել քաղբանտարկյալներին եւ դադարեցնել արտակարգ դրությունից հետո իրականացվող քաղաքական հետապնդումները եւ ահաբեկումները քաղաքացիների նկատմամբ: Միաժամանակ, իրավապաշտպանները պահանջեցին ՀՀ օրենքներից վերացնել մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակմանն ուղղված փոփոխությունները: Իրավապաշտպանները հայտարարեցին, որ հետեւողականորեն շարունակելու են բռնության եւ անօրինականության փաստերի հավաքագրումը եւ նպաստելու են, որպեսզի իրականացվի արդար դատավարություն:

ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նշեց, որ բազմաթիվ փաստեր կան, թե ինչպես են մարդկանց ապօրինի պահել անազատության մեջ. «Այս ամենը, կարծում եմ, պետք է բողոքարկվի: Չնայած մեր երկրի դատական համակարգում արդարադատություն չի իրականանում՝ այս գործերը, այնուամենայնիվ, պետք է ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որպեսզի այդ դատարանի որոշումների շնորհիվ նաեւ մեր արդարադատության համակարգը բարելավվի եւ նմանատիպ իրավիճակների դեպքում իրո՛ք իրականացվի արդար դատաքննություն»: «Առավոտը» իրավապաշտպան Վարդան Հարությունյանին խնդրեց մեկնաբանել այս օրերին ԵԽԽՎ-ում՝ Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների եւ հետընտրական զարգացումների վերաբերյալ հնչող կոշտ ու հաճո գնահատականները, թե դրանք ինչի կհանգեցնեն. «Ես հաճելին չգիտեմ, բայց կոշտը գիտեմ: Հայաստանը չի արել որեւէ բան, որ Եվրոպայում Հայաստանի հասցեին հնչեր հաճելի գնահատական: Ինչ վերաբերում է կոշտին, դա կոշտ չի, այլ իրականության արտացոլումն է: Եվրոպան այսօր հայելին է, որին մենք պետք է նայենք եւ տեսնենք մեզ: Եթե նայում եւ սարսափում ենք, նշանակում է՝ մենք սարսափելի ենք»: Ըստ նրա, Եվրոպան իրավական տեսանկյունից բոլոր հնարավորություններն ու իրավունքներն ունի Հայաստանին ճնշելու համար՝ ընդհուպ ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքի զրկում՝ «Հնարավոր չէ ճնշել մարդու ազատությունները, հնարավոր չէ մարդ սպանել եւ մնալ անպատիժ: Եթե դա չլինի այսօր, ապա կլինի վաղը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել