Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Տականքները դուրս եկան ջրի երես»

Ապրիլ 17,2008 00:00

Ներքաղաքական իրավիճակի մասին այսպես է արտահայտվում ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը

«Ես չեմ ուզում, որ ժողովրդին բանտերը նստացնեն, բայց եթե կարող են 150 հոգու իրենց քաղաքական հայացքների համար նստացնել, դե թող մի 150 հոգու էլ կոռուպցիայի համար բռնեն: Ամեն ոլորտից հինգ-հինգ հոգու որ նստացնեն, այդ ժամանակ կհավատամ, որ սայլը տեղից շարժվեց: Ինչ է, չկա՞ն կաշառակերներ, ինչու՞ գոնե մի նախարարի չեն բռնում…»,- երեկ «Փաստարկ» ակումբում հայտարարեց ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը: Նաեւ իր գնահատականը տվեց ներկա քաղաքական գործընթացների վերաբերյալ: «Այն մարդիկ, որոնք անմեղ են մեկուսացված, պետք է ազատ արձակվեն, որովհետեւ նրանց մեկուսացրել են իրենց հայացքների, Լեւոն Տեր-Պետրոսյանին աջակցելու համար: Իշխանությունն ընդդիմության հետ պետք է երկխոսության նստի, որովհետեւ հասարակությունն ակնկալիքներ ունի, որոնք եթե չիրականանան՝ մթնոլորտը նույնը կմնա եւ գուցե ավելի վատանա: Ընդդիմադիր կամ արտախորհրդարանական քաղաքական ուժերին պետք է ընդգրկել գործընթացների մեջ, սակայն ոչ թե պաշտոն տալով: Միեւնույն է, կոալիցիոն ուժերն իրենք են ե՛ւ բաշխում, ե՛ւ իշխում ու միշտ էլ իրենք են խորհրդարանում, իսկ սա անընդունելի մոտեցում է ու արդեն գրավել է Եվրախորհրդի ուշադրությունը»,- ասաց Կարապետիչը: Ըստ բանախոսի, քաղաքական գործընթացները ցույց տվեցին բոլորի իրական դեմքերը. «Բոլոր տականքները դուրս եկան ջրի երես: Հիմա դաշտը կարծես թե մաքրվել է, լավ է, որ մնացել են մի քանի կուսակցություն՝ «Ժառանգությունը», մերը, ՀՀՇ-ն, որոնց մեջ ժողովուրդը հարազատ բան է տեսնում»: Նա նաեւ կարծիք հայտնեց, թե այն քաղաքական ուժերը, որոնք կոալիցիայում չեն, չպետք է աշխատեն գործադիր իշխանության մեջ. «Այն պատասխանատվությունը, որը կրում են կոալիցիոն ուժերը՝ կոալիցիա չմտածները չպետք է կիսեն: Բոլորս էլ գիտենք, որ կոալիցիան եւ գործադիր իշխանությունը ձեւավորվում է արհեստականորեն: ՀՀԿ-ին պետք չի կոալիցիա, այն առումով, որ խորհրդարանում որոշումներ առաջ տանեն, նրանք առանց այդ էլ ունեն բավարար ձայներ, որոնց շնորհիվ էլ հենց առաջին ընթերցմամբ առաջ կանցկացնեն այդ որոշումները»: Կարապետիչն ասաց, որ նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանին դրական է վերաբերվում. «Ես իմ տեսանկյունից պատկերացնում եմ, որ Տիգրան Սարգսյանը «վերեւների» կլանների մեջ ներգրավված չէ: Նա կարող է հարկատուներին հանգիստ օրենքի դաշտ հրավիրել, որովհետեւ բյուջեն ավելացնելու խնդիր ունենք»:

ԺԿ նախագահը տեղեկացրեց, որ մինչ օրս ինքը համագործակցության որեւէ առաջարկ ոչ ստացել է, ոչ էլ սպասում է, սակայն եթե ստանա էլ՝ կմերժի. «Ես նշանակովի պաշտոն չեմ զբաղեցնի, իսկ եթե հասարակական հիմունքներով ժողովրդի կողմից ընտրված լինի՝ կընդունեմ: Օրինակ, եթե առաջարկեն վարչության պետի մակարդակի նախարարի պաշտոն, ինչպե՞ս կաշխատեմ առանց ֆրակցիայի, այն էլ այս նյութապաշտ, քավոր-սանիկության իրականության մեջ: Հաստատ կկորցնեմ հեղինակությունս»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել