Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Դատավորը գործի ելքով շահագրգռվա՞ծ է

Ապրիլ 17,2008 00:00

Նա ամեն կերպ պաշտպանում է կողմերից մեկին, ինչը կասկածի տակ է դնում արդարադատության հաղթանակը:

Ապրիլի 8-ին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վարդենիսի նստավայրում, դատավոր Վահագ Մելիքյանի նախագահությամբ, քննվեց Հենզել Աբրոյանի հայցն՝ ընդդեմ Թաթուլ եւ Հուսիկ Բաղդասարյանների: Պատասխանող է ճանաչվել նաեւ ՀՀ դեպոզիտարիատը: Հ. Աբրոյանը պահանջում է ճանաչել իր 357 բաժնետոմսերի սեփականության իրավունքը, որն իբր Հ. Բաղդասարյանի համաձայնությամբ փոխանցել է Թ. Բաղդասարյանին՝ պայմանով, որ դրա դիմաց իրեն տան սարքավորումներ: ՀՀ դեպոզիտարիատի աշխատակիցներին էլ մեղադրում է, որ խաբվել են Թ. Բաղդասարյանի փաստարկներից եւ դրանց հիման վրա արձանագրել են առուվաճառքի պայմանագիր: Թեեւ Հ. Աբրոյանը մեղադրեց դեպոզիտարիատին, սակայն դատարանի դահլիճում հայտարարեց, որ դեպոզիտարիատը գործարքը չի գրանցում՝ մինչեւ չի ստուգում պայմանագրի առկայությունը: Բացի դա, գործարքի գրանցման ազդագրում առկա է նաեւ Հ. Աբրոյանի մի ստորագրությունը, որը հաստատում է առուվաճառքի պայմանագրի գոյության մասին: Հետաքրքիր է նաեւ այն, որ թեեւ նա իր հայցում որպես պատասխանողներ է նշել Հ. Բաղդասարյանին եւ դեպոզիտարիատին, սակայն նրանց որեւէ պահանջ չի ներկայացրել: Նշենք, որ մեկ այլ գործով Հ. Աբրոյանը Հ. Բաղդասարյանի համար վկա է եղել, այժմ էլ, հավանաբար, Հ. Աբրոյանն է Հ. Բաղդասարյանից ակնկալում նմանատիպ «ծառայություն»՝ դա քողարկելով պատասխանողի անվան տակ:

Սակայն այս դատավարությունն աչքի ընկավ այլ հանգամանքներով, ինչը կասկածի տակ է դնում դատավոր Մելիքյանի անաչառությունը: Նախ, Հ. Աբրոյանի կողմից դատարանին չեն ներկայացվել հայցապահանջը հիմնավորող ապացույցներ, որի դեպքում, ՀՀ քաղդատօրի 92 հոդվածի 1-ին կետի համաձայն, հայցադիմումը պետք է վերադարձվեր, սակայն, անտեսելով օրենքի պահանջը, դատավորը անհասկանալիորեն հայցը վերցրել է վարույթ: Դիմումը վարույթ է ընդունվել օրենքի եւս մի կոպիտ խախտումով. պատասխանողներից ոչ մեկը Գեղարքունիքի մարզում չի բնակվում եւ գործը պետք է ուղարկվեր նրանցից որեւէ մեկի բնակության վայրի դատարան:

Դատավորի «սրտով» չէր նաեւ դատական նիստին տողերիս հեղինակի ներկայությունը: Մինչ դատական դահլիճ մտնելը կարգադրեց ինձանից վերցնել ձայնագրիչը՝ նոր ներս թողնել: Ձայնագրիչս վերադարձրին միայն իմ դժգոհությունից հետո, ինչին հաջորդեց դատավորի հեգնանքը. «Հիմա քեզ գրավո՞ր բացատրություն տամ, թե՞ բանավոր»: Նա մեղմ էր արձագանքում նաեւ Հ. Աբրոյանի՝ դահլիճում արված անվայել արտահայտություններին, ինչի հետեւանքով նիստը դառնում էր անկառավարելի: «Ցիրկում վարժեցրած էշին էլ եթե հարցնես՝ ձեր հարցին կպատասխանի»,- այս եւ նման արտահայտություններ հաճախ էր Հ. Աբրոյանը հնչեցնում, երբ նրան հարցեր էր տալիս Թ. Բաղդասարյանի ներկայացուցիչը: Թեեւ նման դեպքում դատավորն իրավունք ունի կողմին տուգանել, սակայն այդ մասին նույնիսկ չզգուշացրեց եւ բավարարվեց միայն հանդարտության կոչերով: Վիրավորանքների տարափից ինձ էլ բաժին հասավ. ինձ անվանեց «անպատկառ»՝ զայրանալով, թե ինչու եմ եկել դատարան:

Թ. Բաղդասարյանը ներկայացրեց հակընդդեմ հայց՝ վնասի հատուցման պահանջով: Բացի դա, նա միջնորդեց, որպեսզի Հ. Աբրոյանը դատարանին ներկայացնի իր եւ Թ. Բաղդասարյանի միջեւ կնքված առուվաճառքի պայմանագիրը, որի գոյությունը ապօրինաբար թաքցնում է: Դատական նիստը կշարունակվի ապրիլի 22-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել