Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐԸ ՈՒՍՈՒՑԻՉՆԵ՞Ր ԵՆ ԿՐՃԱՏՈՒՄ

Ապրիլ 17,2008 00:00

Այս ծրագրի իրականացումը բազում տարաձայնությունների տեղիք է տալիս

Օրերս ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը խոսեց կառավարության կողմից հաստատված ավագ դպրոցների ռազմավարական ծրագրի եւ դրանից բխող հետեւանքների մասին: Օրինակ, որ նման դպրոցների ուսուցիչները պարտադիր ունենալու են որակավորում եւ համապատասխան պատրաստվածություն:

Այս տարվա սեպտեմբերի 1-ից Երեւանում եւ մարզերում գործելու է շուրջ 30 փորձնական ավագ դպրոց, որից 2-ը՝ արհեստագործական: Ավագ դպրոցների ուսուցման ծրագրերը, դրանց կազմակերպման աշխատանքները դեռեւս նախապատրաստական փուլում են, սակայն ուսուցիչները սկսել են մտահոգվել, որ հնարավոր է շատերն աշխատանքը կորցնեն: Այն ավագ դպրոցների տնօրեններն էլ, որոնք այլեւս չեն ունենալու տարրական դասարաններ, մտահոգված են, որ կկորցնեն «տնօրեններին լավ նայող» դասվարներին: Մտահոգիչ է նաեւ այն, որ աշակերտների տեղափոխությունների դեպքում հնարավոր է մի դպրոցում աշակերտներ ավելանան, մյուսում՝ պակասեն, ու քանի որ դպրոցները վճարվում են ըստ աշակերտների թվի, ուսուցիչներ կրճատվեն: Այս ամենի մասին «Առավոտը» պարզաբանումներ ստացավ տարբեր դպրոցների տնօրեններից:

Ավագ դպրոցների համակարգի ստեղծման ռազմավարական ծրագրի փորձնական փուլում ընդգրկված դպրոցներից թիվ 198-ի տնօրեն Արտաշես Թորոսյանը առայժմ շատ բաներ չուզեց մանրամասնել, քանի դեռ գործընթացը իրավական փաստաթղթերի առումով ամբողջությամբ կանոնակարգված չէ: «ԿԳՆ-ի կողմից նախ նախատեսված է ուսումնական ծրագրերը ավարտին հասցնել, որից հետո հստակ կհասկանանք, թե ինչ հոսքեր ենք ձեւավորելու ավագ դպրոցում, քանի ուսուցիչ կաշխատի, ինչ լրացուցիչ ժամեր կլինեն: Կհստակեցվի, թե որ դպրոցներից են աշակերտներ գալու մեր դպրոց եւ մեր տարրականի երեխաները որ դպրոցներում են տեղաբաշխվելու»,- ասաց պրն Թորոսյանը: Ուսուցիչների աշխատանք կորցնելու վտանգի մասին էլ նշեց. «Հատուկ խորհրդակցություն էր հրավիրվել նախարարությունում, որի ընթացքում ե՛ւ հիմնական, ե՛ւ ավագ դպրոցների տնօրեններին զգուշացվեց, որ այս տեղափոխությունների արդյունքում որեւէ ուսուցիչ չպետք է դուրս մնա»:

Հիշեցնենք, որ փորձնական ավագ դպրոցներ են տեղափոխվելու մյուս դպրոցների 9-րդ դասարանի աշակերտները, իսկ ավագի «վերափոխվածներից» մյուս դպրոցներ կտեղափոխվեն 2-5-րդ դասարանցիները: «Նրանք ինքնուրույն են ընտրելու, թե որ դպրոցում են ուզում սովորել: Իսկ մինչ այդ, մեր աշխատանքը պիտի լինի համայնքի մյուս դպրոցներից ճշտել, թե աշակերտներն ինչ նախընտրություններ ունեն: Եթե երեխաները սխալ պատկերացումներով գան ավագ դպրոց՝ հնարավոր է ընտրեն այլ հոսքեր: Չնայած ըստ կարգի՝ նրանք կարող են 1,5 տարվա ընթացքում հոսքը փոխել, սակայն, այնուամենայնիվ, ինչ-որ բան կկորցնեն»,- հավելեց Ա. Թորոսյանը: Հիշեցնենք, որ ինչպես ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանն էր հայտարարել, պարտադիր է լինելու միայն հիմնական դպրոցը՝ 1-9-րդ դասարանը, որն ավարտելուց հետո վկայական կտրվի: Փորձնական ավագ դպրոց հանդիսացող Արմավիրի թիվ 1 դպրոցի ուսուցիչներից ոմանք «Առավոտին» դժգոհեցին, թե իրենց տնօրենն արդեն ուսուցիչներին կանչել ու հասկացրել է, որ միայն համապատասխան «վերաբերմունքի» դեպքում ժամեր կստանան: Այս մտահոգությունը փոխանցեցինք տնօրեն Սիմա Եղիազարյանին: Նա, ինչպես նմանատիպ դեպքերում սովորաբար վարվում են դպրոցի տնօրենները, դժգոհությունը անհիմն համարեց եւ նշեց. «Եվ նախարարության, եւ կրթության վարչության կողմից զգուշացվել է, որ ոչ մի ուսուցիչ չի կրճատվելու այս տեղափոխությունների պատճառով»: Նրան հարցրինք, թե ի՞նչ գրավական, որ իր դպրոցի այն ուսուցիչները, որոնց տարրական դասարանները տեղափոխվելու են այլ դպրոց, կունենան աշխատանք՝ այն դեպքում, երբ դասվարներին դասարան տալը այժմ հաճախ «մաղարիչի» չափից է կախված, նա պատասխանեց. «Աշակերտների անձնական գործերն ինձ մոտ են, եթե ես որոշակի թվով աշակերտ եմ ուղարկում այլ դպրոց, ապա դրա տնօրենը պարտավոր է երեխաների հետ ընդունել նաեւ նրանց դասվարին»: Աշտարակի թիվ 5 դպրոցի տնօրեն տիկ. Մուսայելյանը չցանկացավ խոսել այս թեմայով, պատճառաբանելով, որ շատ հարցեր դեռ հստակեցված չեն: Իսկ ուսուցիչների դժգոհությունների մասին էլ հայտնեց. «Մեր ուսուցիչները չեն դժգոհում, իսկ ուսումնական պրոցեսն ավելի խաղաղ է անցնում, քան երբեւէ»: Եթե որոշ տնօրեններ սպասում են հստակեցման, ապա Երեւանի թիվ 112 դպրոցի տնօրեն Սարգիս Քարամյանն արդեն լուծում է իր ուսուցիչների հետագա աշխատանքի հարցը: Նրա փոխանցմամբ, իրենց երաժշտության ուսուցիչը, օրինակ, կտեղափոխվի թիվ 191 դպրոց, թիվ 112 դպրոց են ընդունվելու քիմիայի, մաթեմատիկայի ուսուցիչներ, իր դպրոցի դասվարներից մեկն էլ վերապատրաստվելու է, որ հետագայում ավագ դպրոցում դասավանդի հայոց լեզու եւ գրականություն առարկան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել