Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐՆ ԸՆԹԱՑԱՆ ՓԱԿ ԴՌՆԵՐԻ ԵՏԵՎՈՒՄ

Ապրիլ 17,2008 00:00

\"\"Խորհրդարանական ուժերը անմասն եւ անտեղյակ մնացին եվրոպական փորձագետների հետ շփումներից:

Արդեն երկու օր է, ինչ Հայաստանում են գտնվում ԵԽ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետները, որոնք ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի, արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի եւ ՀՀ նախագահի օգնական Գեւորգ Մհերյանի հետ քննարկումներ են անցկացնում՝ «Երթեր, ցույցեր, հանրահավաքներ անցկացնելու մասին» օրենքի փոփոխությունների շուրջ: Հիշեցնենք, որ վերջին փոփոխությունները կատարվեցին մարտի 1-2-ի դեպքերից հետո, եւ պատգամավորներից մի քանիսը դրանք որակեցին որպես «միտինգներն արգելող» փոփոխություններ: Այս ընթացքում ԱԺ նախագահը կարծես փորձում է «համոզել» եվրոպացիներին, որ դրանք լավ փոփոխություններ են:

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը մեզ հետ զրույցում չթաքցրեց, որ իրենց խմբակցությունը սպասում էր փորձագետների հետ հանդիպմանը, սակայն այն այդպես էլ չկայացավ, քանի որ ԱԺ նախագահի կողմից չեղավ համապատասխան հրավեր. «Մենք սպասում էինք, որ հանձնախումբը ժամանելով Հայաստան՝ կհանդիպի խորհրդարանական խմբակցությունների հետ, ցավոք, փորձագետների եւ ԱԺ նախագահի, արդարադատության նախարարի, ՀՀ նախագահի օգնականի հետ հանդիպումների մասին մենք իմացանք միայն լրատվամիջոցներից, եւ թեպետ մենք այս հարցը խմբակցությունում դեռ չենք քննարկել, բայց, կարծում եմ, անպայման կդիմենք թե՛ ԵԽ-ին եւ թե՛ ԱԺ խոսնակին, որպեսզի ապահովվի Վենետիկի հանձնաժողովի հետ մեր հանդիպումը»: Ստեփան Սաֆարյանը հիշեցրեց, որ «Ժառանգություն» խմբակցությունը Ազգային ժողովի նիստում քննարկումների ժամանակ խորհուրդ էր տալիս ընդհանրապես չընդունել այդ փոփոխությունները, քանզի դրանք ամբողջությամբ հակասում են Մարդու իրավունքների եվրոպական հռչակագրին եւ ՀՀ Սահմանադրությանը ու Եվրոպայի խորհրդի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորություններին: Նույն այդ նիստում պատգամավոր Զարուհի Փոստանջյանը իզուր փորձում էր պարզել, թե ո՞վ կամ ովքե՞ր են այս փոփոխությունների հեղինակները: Իսկ Տիգրան Թորոսյանը միայն կրկնում էր՝ «շուրջ 60 պատգամավոր», եւ ոչ մի կոնկրետ անուն չէր հնչեցնում: Եվ եթե հիմա 131 պատգամավոր ունեցող խորհրդարանից միայն մեկ մարդ է մասնակցում Վենետիկի փորձագետների հետ քննարկումներին, տրամաբանորեն մնում է ենթադրել, որ այս փոփոխությունների հեղինակը հենց ինքն է՝ Ազգային ժողովի նախագահը, հակառակ դեպքում՝ գոնե փոփոխությունների հեղինակին կհրավիրեին քննարկումներին:

Երեկ մենք զրուցեցինք Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի հետ եւ հարցրինք, թե ինչո՞ւ Վենետիկի փորձագետների հետ հանդիպմանը չի հրավիրել խորհրդարանական ուժերի ներկայացուցիչներին: Պարոն Թորոսյանն ասաց. «Ընդունվել է օրենք, որի հետ կապված իրենք ունեին խնդիրներ, եւ հաշվի առնելով, որ կարճ ժամանակով են եկել, առաջին խնդիրը համարվեց ոչ թե լայն քննարկումներ ծավալելը, այլ՝ փոխադարձ լուծումներ գտնելը: Ի վերջո, լինելու է նախագիծ, եւ այդ նախագիծը կուղարկվի Վենետիկի փորձագետներին ու կդրվի լայն քննարկման՝ ապրիլի 25-ին: Այս հանդիպման նպատակը խնդիրների քննարկումն էր, օրենքի համապատասխանեցումը ԵԽ չափանիշներին: Շատ կարեւոր է, որ անկախ փորձագետների համաձայնությամբ նախագիծ ձեւավորվի»: Օրվա ավարտին ԱԺ մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը տարածեց հաղորդագրություն, որում ասվում է, որ ԵԽ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետները իրենց եզրակացությունում առաջարկել էին լրամշակել օրենքը՝ հետեւյալ խնդիրը լուծելու նպատակով. հստակեցնել զանգվածային միջոցառման արգելման եզրակացության հավաստիությունը հաստատող հիմքերը, հստակեցնել իրազեկման քննարկման համար նախատեսված ժամկետները, սահմանել պայմաններ ինքնաբուխ միջոցառումների անցկացման համար: Քննարկումների արդյունքում հաջողվեց հասնել լիակատար համաձայնության բոլոր խնդիրների առնչությամբ, որ փորձագետները արձանագրել էին իրենց եզրակացությունում: Կազմվել է հուշագիր՝ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների վերաբերյալ, որը զետեղված է Ազգային ժողովի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել