Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ի՞ՆՉ ԵՆՔ ՍՊԱՍՈՒՄ ԵՎՐՈՊԱՅԻՑ

Ապրիլ 17,2008 00:00

«Ինքս որոշակի կողմնորոշում չեմ ակնկալում: Ամեն ինչ թողնվելու է Հայաստանի քաղաքական ուժերի հայեցողությանը: Կարծում եմ՝ որեւէ միջազգային կառույց այսօր ռադիկալ կերպով չի միջամտելու Հայաստանի գործերին: Կկարողանա՞նք հաղթահարել ներքաղաքական ճգնաժամը, թե՞ ոչ՝ հայաստանցիներիս վերապահված հարց է. այլ բան, որ կողմերը, գուցե, սպասելիքներ ունեն»,- այս օրերին ԵԽԽՎ-ում ընթացող ՀՀ վերջին ընտրությունների վերաբերյալ քննարկումներից նման տպավորություն ունի նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը: Այն, որ ԵԽԽՎ-ում այդ հարցի վերաբերյալ ընդունվելիք բանաձեւի նախագծով երեք ամիս ժամկետ է տրվում ՀՀ իշխանություններին՝ ԵԽԽՎ–ի բարձրացրած հարցերին լուծումներ ակնկալելով, մեր զրուցակցին չի ոգեւորում. «Գուցե այդ երեք ամիսը հետո երկարաձգվի նորից երեք ամսով… Վերջին հաշվով, այդ ժամկետն էլ պատահական ընտրված չէ. այդ ընթացքում իրավիճակը կամ կսրվի, կամ կհարթվի: Այսինքն՝ էլի թողնվում է մեր հայեցողությանը»: Ա. Մելիքյանը կարծում է, որ ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը ցանկանում են իրավիճակի շտկում, սակայն դրա համար որեւէ քայլ չեն անում. «Փոխհարաբերվելու համատեղ ուղիներ փնտրելու ցանկությունը պետք է վերածվի գործի, բայց երկխոսության եզրերը գտնված չեն: Ես չեմ տեսնում դրա վերաբերյալ ռացիոնալ մոտեցում որեւէ կողմից: Երկուսն էլ փորձում են վերահաստատել իրենց ճշմարիտ եւ արդարացի լինելը: Դա հասարակության մեջ ճեղքվածքը պահպանելու լավագույն ձեւն է»: Ի դեպ, Սերժ Սարգսյանի երդման արարողության նախօրեին Արման Մելիքյանը տվել էր իրավիճակից դուրս գալու իր առաջարկները, որոնք մինչ օրս անարձագանք են մնացել թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության կողմից, բայց նա նկատել է, որ վերջին շրջանում երկու ճամբարներից էլ հնչում են մտքեր, որոնք մոտ են իր արտահայտած տեսակետներին. «Եթե ցանկանում ենք ներքին հաշտեցման ուղին բռնել՝ իմ առաջարկած ճանապարհն անխուսափելի է, այլապես՝ դա կործանարար հետեւանքներ կունենա ՀՀ-ի համար»:

ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանը ԵԽԽՎ-ի քննարկումները որակում է «նորմալ քննարկումներ», որովհետեւ. «Գնահատականները դրական են եղել, առաջարկներ էլ, բնական է, կլինեն՝ ընտրական գործընթացների կատարելագործման ուղղությամբ: Մյուս ելույթներով եվրոպացիները մեր իրականությունը շոու են սարքում: Առաջարկություններ կլինեն, որոնք մեզ համար ընդունելի կլինեն՝ այդ ուղղությամբ էլ կաշխատենք: Նորմալ քննարկումներ են, չեմ կարծում, որ մտահոգությունների տեղիք կա»:

ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ մի քիչ անհասկանալի է՝ «էդ ի՞նչ 3 ամսվա մասին է խոսքը»: Նա, իհարկե, համաձայն է, որ երկխոսություն սկսվի իշխանության եւ ընդդիմության միջեւ, քաղաքական գործընթացներում մեծացվի ընդդիմության դերը, քաղբանտարկյալներն ազատ արձակվեն, մարտի 1-ի դեպքերի առիթով անկախ հետաքննություն իրականացվի, վերացվեն երթերն ու հանրահավաքներն արգելող օրենսդրական սահմանափակումները, բայց իր կարծիքը կձեւավորի բանաձեւի ընդունումից հետո: Նա գտնում է, որ նախագծի տեքստը բավականաչափ չի հրապարակայնացվել, իսկ շահագրգիռ կողմերը միակողմանի են ներկայացնում. «ԵԽԽՎ-ն պիտի ամեն քայլ ձեռնարկի, որպեսզի հետխորհրդային երկրներում ժողովրդավարությունը ճաքեր չտա: Նրանք պետք է հասկանան, որ իրենց ընդունած բանաձեւերն ազդեցություն ունենում են այդ երկրների վրա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել