Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հայաստանի միջազգային հեղինակությունը լրջորեն վնասվեց

Ապրիլ 17,2008 00:00

Ասաց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը երեկ հայ լրագրողների հետ հանդիպման ընթացքում:

«Կարծում եմ, մենք շատ ենք կենտրոնանում այն ամենի վրա, ինչ կատարվում է քվեարկության օրը, եւ ոչ այնքան այն ամենի՝ ինչ կատարվում է ընտրություններից հետո,- երեկ առավոտյան ԵԽԽՎ-ում հավատարմագրված լրագրողների հետ նախաճաշ-քննարկման ընթացքում ասաց ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը:- Իմ կարծիքով, բացարձակ հստակ է, որ մի քանի վերջին ընտրությունների արդյունքները հետեւանք էին, որ այդ երկրներում չկա լրատվամիջոցների իրական ազատություն»: Ասվածի որեւէ հասցեատեր չնշվեց: Սակայն հետո Թերի Դեւիսն «Ա1+»-ի խնդրանքով անդրադարձավ Հայաստանում տիրող իրավիճակին եւ ասաց. «Խիստ մտահոգված եմ նրանով, ինչ տեղի ունեցավ մարտին՝ նախագահական ընտրություններից հետո»: Եվ հույս հայտնեց, որ ընդդիմությունը երկխոսության մեջ կմտնի ՀՀ նոր նախագահի հետ:

Ավելի ուշ ԵԽ գլխավոր քարտուղարը հանդիպեց միայն հայ լրագրողների հետ: Պատասխանելով «Ազատություն» ռ/կ-ի հարցին, թե արդյոք մարտի 1-ի դեպքերից հետո Հայաստանը ժողովրդավարության առումով հետընթաց ունեցա՞վ՝ Թերի Դեւիսն ասաց. «Կարծում եմ, մարտի սկզբին տեղի ունեցած դեպքերը լրջորեն վնասեցին Հայաստանի միջազգային հեղինակությանը»: Նաեւ նշեց, թե այժմ մեր երկրում առկա որոշ օրենքներ արգելքներ են հարուցում կառավարությանը կամ նախագահին անհամաձայնություն հայտնելու համար: «Սա ցավալի է. ժողովրդավարությունը ենթադրում է, որ մարդիկ կարող են ունենալ հակառակ տեսակետներ»,- ասաց նա:

«Երկիր Մեդիա»-ի հարցին, թե չի՞ կարծում արդյոք, որ Ադրբեջանի պատվիրակները կրքոտ ելույթներ ունենալով Հայաստանի վերաբերյալ քննարկումներում՝ փորձում են ուշադրությունը շեղել իրենց երկրում առկա քաղբանտարկյալներից եւ այլ խնդիրներից՝ ԵԽ գլխավոր քարտուղարն ասաց. «Չեմ կարծում, թե այն ադրբեջանցիները, որոնք քննադատում են Հայաստանին՝ փորձում են շեղել ուշադրությունն իրենց խնդիրներից, ինչպես չեմ կարծում, թե այն հայերը, որոնք քննադատում են Ադրբեջանին՝ փորձում են շեղել ուշադրությունը խնդիրներից, որոնք առկա են Հայաստանում»:

Թերի Դեւիսի այս երկու ասուլիսներում էլ հարցեր հնչեցին ԼՂ հարցի վերաբերյալ: «Ես ուրախ կլինեմ լսելու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին, քանի որ դա կնշանակի ղարաբաղյան հակամարտության կարգավորում»,- ասաց ԵԽ գլխավոր քարտուղարը՝ «ԱրմԻնֆո»-ի խնդրանքով անդրադառնալով այդ խմբի ձեւաչափից հրաժարվելու Ադրբեջանի առաջարկին: Թերի Դեւիսը մտահոգություն հայտնեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն այդքան երկար է աշխատում հակամարտության կարգավորման ուղղությամբ, սակայն նաեւ նշեց, թե այն պիտի շարունակի աշխատել ու գտնի լուծումներ. «Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների եւ Ադրբեջանի նախագահի հետ վերջերս տեղի ունեցած հանդիպումների եւ զրույցների շնորհիվ տպավորություն ունեմ, որ կողմերը շատ մոտ են համաձայնագրի կնքմանը: Եվ ես հուսով եմ, որ նման համաձայնություն ձեռք կբերվի մոտ ժամանակներս»: «Ազգի» խնդրանքով էլ անդրադառնալով Նախիջեւանի խաչքարերի վիճակն ուսումնասիրելու նպատակով հատուկ առաքելություն այնտեղ գործուղելու ձգձգված խնդրին՝ ԵԽ գլխավոր քարտուղարը խոստացավ, թե այդ առաքելությունը Հայաստան եւ Ադրբեջան կժամանի «շատ շուտով»՝ այդպես էլ որեւէ հստակ ժամկետ չնշելով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել