Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԶՐԿՎԻ՞ ԵԽԽՎ-ՈՒՄ ՎՃՌԱԿԱՆ ՁԱՅՆԻՑ

Ապրիլ 17,2008 00:00

Եթե մինչեւ հունիս բարեփոխումներ չիրականացվեն՝ ՀՀ պատվիրակները չեն կարողանա ԵԽԽՎ-ում քվեարկել եւ ելույթներ ունենալ:

Ապրիլի 15-ի երեկոյան հրապարակվել է ԵԽԽՎ դիտարկման հանձնաժողովի համազեկուցողներ Ժորժ Կոլոմբիեի եւ Ջոն Պրեսկոտի զեկույցը՝ «Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների գործունեության մասին», եւ բանաձեւի նախագիծը, որն ընդունվելու է ապրիլի 17-ի արտահերթ քննարկման ժամանակ:

Որոշ մեջբերումներ անենք այս ծավալուն՝ 30 էջանոց փաստաթղթից: Արդեն իսկ նախաբանում ասված է, թե Հայաստանի նախագահական ընտրություններին հետեւած հանրային վրդովմունքի ալիքը, որն իր բարձրակետին հասավ մարտի 1-ի ողբերգական իրադարձություններով, գուցե թե անսպասելի էր, սակայն «Դիտարկման հանձնաժողովը կարծում է, որ ճգնաժամի հիմնական պատճառների արմատներն այն են, որ պետության առանցքային հաստատությունները՝ ներառյալ խորհրդարանն ու դատարանները, չեն կատարում իրենց գործառույթները՝ օրենքի գերակայության ու մարդու իրավունքների պաշտպանության ժողովրդավարական չափանիշներին ու սկզբունքներին լիովին համապատասխան»: Նշենք, որ այս եւ հետագա դրույթները կրկնվում են նաեւ զեկույցի «Եզրակացություններ եւ երաշխավորություններ» բաժնում:

Դիտարկման հանձնաժողովը դատապարտում է ընդդիմության 100-ից ավելի կողմնակիցների կալանավորումներն ու շարունակվող ձերբակալությունները ու նաեւ՝ 3 պատգամավորների կալանքը, «թվում է՝ քաղաքական հիմք ունեցող մեղադրանքներով»:

Նշվում է, թե որպեսզի Հայաստանը վերջ դնի առկա ճգնաժամին եւ առաջ ընթանա՝ խիստ հրատապ են բարեփոխումները, որոնք թվարկված են զեկույցում. «Հարկ է սկսել բաց եւ կառուցողական երկխոսություն Հայաստանի բոլոր քաղաքական ուժերի միջեւ»: Եվ դրա համար պետք է ապահովել հետեւյալ նախապայմանները. «Իրականացնել մարտի 1-ի դեպքերի անկախ, թափանցիկ եւ վստահելի հետաքննություն եւ անհապաղ պարզել այն հանգամանքները, որոնք հանգեցրել են դրան, այդ թվում եւ՝ ոստիկանության կողմից ուժի անհամարժեք գործադրումը: Միջազգային հանրությունը պատրաստ է վերահսկել եւ աջակցել նման հետաքննությանը»: Ըստ մեկ այլ նախապայմանի՝ պիտի անհապաղ ազատ արձակվեն այն անձինք, ովքեր կալանավորվել են վերջին դեպքերի կապակցությամբ, «թվում է՝ արհեստական եւ քաղաքական հիմք ունեցող պատճառներով»:

Մի պայման էլ վերաբերում է հավաքների ազատությանն առնչվող վերջին փոփոխություններին, «որոնք չեն համապատասխանում եվրոպական չափանիշներին». դրանք պետք է ուժը կորցրած համարվեն:

Ըստ փաստաթղթի, եթե այս պայմանները չկատարվեն՝ «կասկածի տակ կառնվի Հայաստանի, որպես Եվրոպայի խորհրդի անդամ երկրի նկատմամբ վստահությունը: Այդ պատճառով, հանձնաժողովի կարծիքով՝ Վեհաժողովը պետք է քննարկի Հայաստանի պատվիրակության՝ քվեարկելու իրավունքի հնարավորության հարցը՝ 2008-ի հունիսի նստաշրջանի բացման ընթացքում, եթե մինչ այդ որեւէ նշանակալից առաջընթաց չիրականացվի այս պայմանների կապակցությամբ»:

Զեկույցի հետագա տեքստում անդրադարձ կա նորաստեղծ կոալիցիային եւ նշված է. այն հանգամանքը, որ թե՛ «Ժառանգությունը», թե՛ Լեւոն Տեր-Պետրոսյանին աջակցող արտախորհրդարանական ուժերը չեն միացել այդ կոալիցիային՝ «նվազեցնում է հնարավորությունը, թե այդ համաձայնությունը վերջ կդնի Հայաստանում առկա ճգնաժամին»:

Մանրամասնած է այն պնդումը, թե պետության առանցքային հաստատությունները՝ ներառյալ խորհրդարանն ու դատարանները, չեն իրականացնում իրենց գործառույթները: Ըստ այդմ՝ «Հայաստանի Ազգային ժողովն առայժմ չի իրականացնում իր դերը որպես ֆորում՝ տարբեր քաղաքական ուժերի միջեւ քաղաքական բանավեճերի եւ փոխհամաձայնությունների համար»: Զեկուցողներն այսպես են բացատրում այն, որ ընդդիմությունն այլ հնարավորություն չունի, քան փողոց դուրս գալը: «Հաղթողը վերցնում է ամեն ինչ» սկզբունքի վրա հիմնված մոտեցմամբ՝ քաղաքական ներկա համակարգը բացառում է ընդդիմության ցանկացած արդյունավետ մասնակցություն՝ երկրում որոշումների կայացման եւ կառավարման գործում»,- նշում են նրանք: Իսկ դատարանների անկախության պակասի վերաբերյալ պնդումը հիմնավորվում է մասնավորապես այս փաստարկով, թե դատավորները հարցական չեն դիտում ու պատշաճորեն չեն քննում մարդկանց կալանավորելու՝ մեղադրող կողմի միջնորդությունները: Բացի այդ՝ դատական համարժեք հսկողություն չկա այն կապակցությամբ, որ մարդիկ հայտնվել են բանտերում՝ միայն նախագահական ընտրությունների կապակցությամբ բողոքի գործողություններին մասնակցելու համար՝ առանց ապացույցների, որ նրանք անմիջականորեն իրականացրել են քրեական հանցագործություններ:

ԵԽԽՎ-ն Հայաստանի իշխանություններին կոչ է անում անհապաղ իրականացնել հետեւյալ բարեփոխումները՝ քաղաքական համակարգը պետք է այնպես փոփոխվի, որ ընդդիմությանը տրամադրվի իրեն պատշաճ տեղն ու դերը: Պիտի բարեփոխվի նաեւ ընտրական գործընթացը՝ այն նպատակով, որ հատկապես ապահովագրվի ընտրական վարչարարությունը մի քաղաքական ուժի ձեռքում կենտրոնանալուց, ընտրարշավի ընթացքում հավասար «խաղադաշտ» ապահովվի անխտիր բոլոր քաղաքական ուժերի համար եւ այլն: Հերթական անգամ նաեւ պահանջում են երաշխավորել ՀՌԱՀ-ի եւ Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի խորհրդի անկախությունը քաղաքական շահերից: Բացի այդ՝ «հարկային մարմինների կողմից ընդդիմադիր էլեկտրոնային եւ տպագիր լրատվամիջոցների նկատմամբ հետապնդումները պիտի դադարեցվեն» (ի դեպ, համազեկուցողների բացատրական հուշագրում այս կապակցությամբ նշված է նաեւ «Առավոտի» անունը եւ նշված, թե այս ստուգումները հարցական են դարձնում՝ «դեռ որքա՞ն իշխանությունները կհանդուրժեն տպագիր մամուլի բազմակարծությունը»):

Կոչ կա նաեւ ընդդիմությանը, թե նա էլ իր հերթին պիտի ընդունի Սահմանադրական դատարանի որոշումը, որով անփոփոխ թողնվեց ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը. «Սա չպիտի մեկնաբանվի որպես պարտավորություն՝ համաձայնել դատարանի որոշմանը: Ընտրական բոլոր մրցակիցներն իրավունք ունեն վիճարկել այս որոշումն իրենց հասանելի իրավական միջոցներով՝ ներառյալ Ստրասբուրգում մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելը»: Հիշեցնենք, որ Ստեփան Դեմիրճյանը դիմել էր այդ դատարան՝ վիճարկելով 2003-ի ընտրությունների արդյունքները: Որոշում մինչ այժմ չկա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել