Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԿՈԱԼԻՑԻԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇՏ Է

Ապրիլ 17,2008 00:00

\"\"ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը վստահ է, որ այդ համաձայնությունը կկայանա նաեւ 2-րդ եւ 3-րդ էշելոնների մակարդակում:

– Արդեն ակնհայտ է, որ քառակողմ կոալիցիայի շրջանակներում եւս Դաշնակցությունը պահպանելու է մինչ այժմ ունեցած նախարարական պորտֆելները: Ինչո՞վ է տարբերվելու ձեր կուսակցության դերակատարությունը նոր կոալիցիայում մինչ այժմ ունեցած դերակատարումից: Այդ ի՞նչ է, որ նախկինում չեք հասցրել անել եւ հիմա ձգտելու եք իրականացնել նոր կոալիցիայում:

– Կոալիցիայի համաձայնագրի յուրաքանչյուր քաղաքական կողմ, կարծում եմ, խնդրին պետք է մոտենա հետեւյալ տրամաբանությամբ՝ կարեւորն այն չէ, թե ինչքան լծակներ ունես կառավարության մեջ՝ այս կամ այն գերատեսչության ղեկավարման հարցում, այլ՝ ինչքանով են ձեւավորված կոալիցիոն համաձայնագրի դրույթները ճիշտ եւ ինչքանով է իրատեսական դրանց իրականացումը: Դաշնակցությունը մտնելով կոալիցիոն համաձայնագրի մեջ՝ բավականին լավատեսական է նայում այս խնդիրներին: Մեր առաջադրած դրույթների մեծ մասը, որոնք մինչ այդ արտացոլված էին մեր հայտարարության մեջ, կան նաեւ կոալիցիոն համաձայնագրում: Դրանք վերաբերում են թե տնտեսությանը, թե սոցիալական խնդիրներին: Այստեղ ուզում եմ շեշտել կենսապահովման նվազագույն բյուջեի արտացոլումը համաձայնագրի մեջ, մենաշնորհների դեմ պայքարի առաջնահերթությունը, օրենքի առաջ բոլորին հավասար դիրքերի մեջ նայելու խնդիրը, քաղաքական եւ տնտեսական դաշտերի սերտաճման բացառումը, նաեւ լավատեսություն է ներշնչում թե՛ վարչապետի նշանակումը եւ թե՛ նոր կառավարության ձեւավորման ընթացքը: Այսօր պատասխանատու պաշտոնների են նշանակվում մարդիկ, որոնք առնվազն պետք է լավատեսություն ներշնչեն, որ իրենց վստահված ոլորտներում կհաջողեն: Առիթ ունեցել եմ խոսել Դաշնակցությանը վստահված ոլորտների վերաբերյալ: Հայտնի է, որ դրանք այն ոլորտներն են, որոնք երկրի համար ամենազգայունն են՝ սոցիալական ոլորտ, կրթություն եւ գյուղատնտեսություն: Այս ոլորտներում 4 կամ 5 տարվա ընթացքում հնարավոր չէ բոլոր ծրագրերն իրականացնել, եւ սրանից է բխում այն իրողությունը, որ ոլորտների առումով պատասխանատվությունները մնացել են նույնը: Այսօր նաեւ Ազգային անվտանգության խորհրդի ակտիվ աշխատանքի անհրաժեշտություն է առաջացել, մանավանդ՝ նախագահ Սերժ Սարգսյանն անձամբ է ղեկավարել այն հանձնաժողովը, որը, փաստորեն, ամրագրեց ազգային անվտանգության ռազմավարական դրույթները: Կարծում եմ, նորընտիր նախագահը մեծ դերակատարություն է տալու ԱԱԽ-ի գործունեությանը:

– Սակայն Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում նշանակվել է մի մարդ, որի մասին ժամանակին նույն Դաշնակցությունը եւ ՕԵԿ-ի կոալիցիոն նախկին գործընկերները միշտ չէ, որ դրական եւ հիացական կարծիքի են եղել: Հիմա ձեր կարծիքը փոխվե՞լ է:

– Ազգային անվտանգության խորհուրդը, որն առաջին անգամ ամրագրվել է Սահմանադրության մեջ, եւ որի մասին Դաշնակցությունը բազմիցս արտահայտվել է, կարեւորվում է ոչ թե նրանով, թե քարտուղարն ով կլինի, այլ կարեւորվում է հենց ինքը՝ երեւույթը, եւ այն վստահությունը, որ այս խորհուրդը կգործի: Ռուսաստանի փորձը տեսնելով մենք պետք է համոզվենք, որ երկրների ճակատագրում այսպիսի խորհուրդները մեծ դերակատարում ունեն: Այնպես որ, այս պարագայում կարելի է մի քիչ վերանալ անձերի խնդրից:

– Մեր հասարակությունը ե՞րբ կարող է զգալ հերթական կոալիցիայի շնորհալի կամ ապաշնորհ լինելը, նկատի ունեմ, որ արդեն իսկ խոսվեց գազի գների բարձրացման մասին, նաեւ խոսվում է էլեկտրաէներգիայի եւ այլնի գների բարձրացման մասին: Ուրեմն, ե՞րբ է լինելու այդ խոստացված լավը:

– Գազի գնի հետ կապված հայտարարությունը ես այնպես չեմ ընկալել, ինչպես դուք: Ուղղակի այն սուբսիդավորումը, որը կառավարությունը տալիս էր տնտեսվարող սուբյեկտներին եւ անապահով խավերին, մայիսի 1-ից չի լինելու, որովհետեւ նախատեսված գումարը սպառվել է, ի դեպ՝ էլեկտրաէներգիայի գների բարձրացման մասին լուրը հերքվեց համապատասխան նախարարի կողմից: Կառավարությունը շուտով կներկայացնի նոր ծրագիր, որտեղ առաջնահերթ խնդիր կլինի՝ գտնել այնպիսի լուծումներ, որոնք կթեթեւացնեն անապահով խավի ծանրաբեռնվածությունը: Այս թանկացումները, որոնք, ի դեպ, կախված չեն մեր իրականությունից, այլ՝ միջազգային, մեզանից անկախ պայմաններից են բխում:

– Կոալիցիոն հուշագրում նշված են համատեղ աշխատելու սկզբունքները, եւ կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչները առիթը բաց չեն թողնում հպարտանալու, որ պաշտոնների մասին այս անգամ խոսք չկա, մինչդեռ արդեն տեւական ժամանակ է, ինչ շարունակվում են «բազարները» կոնկրետ պաշտոնների շուրջ: Ուրեմն, ինչո՞ւ վերամբարձ հայտարարություններ անել սկզբունքների մասին:

– Մի մոռացեք, որ սկզբունքների իրականացումը, ի վերջո, կախված է նրանից, թե ովքեր են այդ պատասխանատվությունը ստանձնելու եւ իրականացնելու: Եթե Դաշնակցությունը իր մեջ վստահություն է զգում ավելի շատ պատասխանատվություն, հետեւաբար՝ ավելի մեծ բեռ վերցնել իր վրա, ուրեմն դա արդարացված է: Մենք բավականին ներուժ ունենք կադրային իմաստով, եւ այնպես չէ, որ հենվում ենք միայն մեր կուսակցականների վրա, մենք շատ լավ կադրային դաշտ ունենք նաեւ մեր համակիրների շրջանում: Դուք գիտեք, որ մեզ հիմնականում ձայն են տալիս գիտակից մարդիկ: Ի վերջո, կոալիցիան համաձայնությունների դաշտ է, եւ ես կարծում եմ՝ այդ համաձայնությունը կկայանա նաեւ երկրորդ-երրորդ էշելոնների մակարդակով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել