Երեկ հրավիրած մամուլի ասուլիսում Կարապետ Ռուբինյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Սմբատ Այվազյանի, Սուրեն Սուրենյանցի եւ անազատության մեջ գտնվող մի շարք այլ անձանց փաստաբան Հովիկ Արսենյանը հայտարարել է, որ ինքն ամաչում է արդարադատության ներկայիս համակարգի համար, որտեղ այնպիսի բարքեր են գործում, որ հնարավորություն չեն տալիս փաստաբաններին իրավաբանական առումով օգտակար լինել իրենց պաշտպանյալներին՝ նրանց նկատմամբ օրինական քննություն եւ դատավարություն ապահովելու գործում: Իսկ Արամ Կարապետյանի, Գրիգոր Ոսկերչյանի եւ Շանթ Հարությունյանի փաստաբան Հարություն Բաղդասարյանը հայտարարել է, որ Հայաստանի դատական համակարգն իշխանության կատարածուն է: Մուշեղ Սաղաթելյանի, Դավիթ Առաքելյանի, Վահագն Հայոցյանի փաստաբանը հայտարարել է, որ քննչական մարմինները գործում են օրենքի ոտնահարումներով՝ բոլոր մեղադրյալների պարագայում: Բացի անհիմն մեղադրանքներից ու դատավճիռներից, փաստաբաններն ասել են, որ իրենց պաշտպանյալները ենթարկվել են բռնությունների: Բայց նրանց ոչ միայն հիվանդանոց չեն տեղափոխել, այլ արդեն մեկ ամսից ավելի ձգելով՝ նույնիսկ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները չեն տալիս: Մինչդեռ, ըստ փաստաբանի, ձերբակալությունից հետո տեղի ունեցած ծեծի հետեւանքով Դավիթ Առաքելյանի դեմքն ամբողջովին սեւացած է եղել: