Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավական խճանկար

Ապրիլ 16,2008 00:00

Մեղադրանք առաջադրվեց

Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու, Երեւանում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ավարտվել է եւս 4 մեղադրյալի՝ Սողոմոն Երիցյանի, Հարություն Մկրտչյանի, Յաշա Մելքոնյանի եւ Հովհաննես Մխոյանի մասով նախաքննությունը: Երեկ ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ այդ գործերն անջատվել են առանձին վարույթ եւ ուղարկվել դատարան: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Յ. Մելքոնյանին եւ Ս. Երիցյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի կյանքի ու առողջության համար ոչ վտանգավոր բռնության գործադրում՝ կապված նրա ծառայողական պարտականությունների կատարման հետ), Հ. Մկրտչյանին՝ ՀՀ Քր.օր.-ի 225-րդ հոդվածի 2-րդ մասով՝ զանգվածային անկարգություններին անմիջական մասնակցություն ունենալու համար, Հ. Մխոյանին՝ ՀՀ Քր.օր.-ի 334-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված գործողություններ անելու, զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող Սասուն Միքայելյանին իրավապահ մարմիններից թաքնվելու հարցում աջակցելու, նրան պարտակելու համար: Ս. Երիցյանի եւ Յ. Մելքոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ Հ. Մխոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը, նախաքննական մարմնի որոշմամբ, փոխարինվել է չհեռանալու մասին ստորագրությամբ: Նրանց վերաբերյալ քրեական գործերն ուղարկվել են Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան: Հ. Մկրտչյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը եւ քրգործն ուղարկվել է Երեւանի քրեական դատարան: Նախաքննական մարմնի որոշմամբ՝ մեղադրյալներ, նախնական կալանքի տակ գտնվող Վահագն Հարեյանի, Վեմիր Մխիթարյանի, Ֆրունզե Ստեփանյանի, Ալեքսան Վարդանյանի, Պետրոս Հակոբյանի նկատմամբ փոխվել է ընտրված խափանման միջոցը: Հաշվի առնելով, որ նրանց մասով անհրաժեշտ քննչական գործողությունները կատարվել են եւ նրանց ազատության մեջ գտնվելը չի խոչընդոտի հետագա նախաքննությանը՝ Վ. Հարեյանի, Վ. Մխիթարյանի, Ֆ. Ստեփանյանի, Ա. Վարդանյանի եւ Պ. Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Հրազդան քաղաքի բնակիչ Էդիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել՝ ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Թվերով

Ապրիլի 15-ի դրությամբ՝ սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում, նախնական կալանքի տակ է գտնվում 78 անձ, եւս 16 մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Եվս երեք անձ ձերբակալվել է 2008 թ. մարտի 1-2-ին տեղի ունեցած զանգվածային անկարգություններին անմիջական մասնակցություն ունենալու կասկածանքով:

Դատարանում է

Մարտի 1-ի գործի շրջանակներում դատարան է ուղարկվել 20 քրեական գործ՝ 20 անձի վերաբերյալ, որոնցից 3-ի՝ Դավիթ Համբարձումյանի, Մեսրոպ Զաքարյանի եւ Ռաջու Պետրոսյանի մասով դատաքննությունն ավարտվել է: Նշված անձանց խնդրանքով կիրառվել է արագացված դատաքննության կարգ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել