Հարություն Տեր-Հովակիմյանի մեկնաբանությունը
Կես դարից ավելի պատմություն ունեցող «Եվրատեսիլին» այս տարվա մայիսին Հայաստանը կմասնակցի երրորդ անգամ: Մրցույթի հայաստանյան «տերն ու տիրակալը»՝ «Հ1»-ը տարբեր հաղորդումների ժամանակ եթերաժամի առյուծի բաժինը կատարողին, կոնկրետ այս դեպքում Սիրուշոյին է տրամադրում՝ «մոռանալով» երգի հեղինակին: Խոսքը «Քելե-քելե» եվրատեսիլյան երգի երաժշտության կանադահայ հեղինակ Հարություն Տեր-Հովակիմյանի մասին է, որին հայ երգասերները ծանոթ են «Հայք» խմբի «Քամի, փչի» եւ Սոֆի Մխեյանի «Օրը եւ ներկան» երգերի շնորհիվ:
«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ ինքը երգարվեստում է 16 տարեկանից: Մինչեւ 2002-ին Հայաստան տեղափոխվելը, համագործակցել է արտերկրի հայտնի երգիչ-երգչուհիների ու խմբերի, ինչպես նաեւ CD-ներ թողարկող ճանաչված Sony, Universal, BMG ընկերությունների հետ. «1990-ականների սկզբին Կանադայում հիմնեցի «Temperance» խումբը, որի հետ շրջագայել եմ աշխարհի շատ երկրներում, ստեղծագործական կապերս ամերիկյան, ասիական, եվրոպական շոու-բիզնեսի որոշ ներկայացուցիչների հետ մինչ օրս չեմ ընդհատել: Օրինակ, հայաստանյան հանդիսատեսը, կարծում եմ, ծանոթ է «TLC» երեք սեւամորթ երգչուհիների, կանադական «soulDecision» խմբերի եւ այլոց հետ»: Հարությունի հայրենիք տեղափոխվելը, ըստ նրա, մեկ նպատակ է հետապնդել. ոչ միայն ծանոթանալ հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներին, ստեղծագործել նրանց համար, այլեւ լավագույնների համար ճանապարհ հարթել դեպի արեւմտյան շուկա. «Մինչ ես պրպտումների մեջ էի, թե կոնկրետ ո՞ր կատարողին օգնել ներկայանալու Արեւմուտքում, ինձ առաջարկեցին 2008-ի «Եվրատեսիլի» համար երգ գրել: Ի դեպ, դեռ Երեւանում ապրածս տարիների ընթացքում բացահայտել էի, որ Հայաստանում շոու-բիզնես, որպես այդպիսին, չկա: Ինչ վերաբերում է այսօր «արտադրվող» երգերին, դրանք համարյա նույն մեղեդիով ու տեքստերով են, նույն գործիքավորմամբ ու կատարումով»:
Հետաքրքրությանը՝ Հայաստանում հաստատվել եք 2002-ից, բայց 2006-ին ձեր գործիքավորմամբ հիթ դարձավ «Քամի, փչին», չե՞ք գտնում, որ ձեր ստեղծագործական կյանքը դանդաղ է առաջ գնում, Հարությունն ասաց, որ իր մտերիմներն էլ են հաճախ հիշեցնում այդ մասին. «Տարվա ընթացքում ստեղծագործում եմ ընդամենը 4-5 երգ, որովհետեւ դա այնքան էլ հեշտ բան չէ: Դա այն ժանրն է, որի ասելիքը ընդամենը 3-4 րոպեի ընթացքում պետք է հասցնես հանդիսատեսին»: Հետաքրքրվեցինք նաեւ՝ հեղինակը, բնականաբար, ավելի լավ տիրապետելով անգլերենին եւ տարիների փորձ ունենալով Արեւմուտքում, ինչո՞ւ ինքը չգրեց «Քելե, քելեի» նաեւ տեքստը եւ ընդհանրապես ի՞նչ է լսել իր ստեղծած երգի մասին. «Բացասական որեւէ բան չեմ լսել, բայց, չգիտես ինչու, հայերը հայրենիքում կարծում են, թե քելե բառը թուրքերեն է: Ինչ է, Կոմիտասի «Քելե, քելեին» ծանոթ չե՞ն: Ընդ որում, այս կարծիքը հայտնել են նաեւ հեռուստատեսության որոշ պատասխանատուներ: Նկատի ունենալով «քելե»-ի հնչողությունը՝ ես եմ առաջարկել Սիրուշոյին, որ այն գերիշխի երգի ընթացքում, վստահ լինելով, որ այդպիսով ունկնդրին ավելի դյուրամարս կլինի գործը: Ինչ վերաբերում է տեքստին, այն Սիրուշոն է ցանկացել գրել…»:
«Առավոտի» հաջորդ հարցին՝ ասում են, թե դուք գոհ չեք ձեր երգից, Հարությունը պատասխանեց. «Երգի վերջնական տարբերակի վրա աշխատել են Մոսկվայում, առանց իմ ներկայության, եւ եթե որոշ մոլի երգասերներ մտածում են, որ ես դժգոհ եմ, իրենք իրավացի են»: Իսկ ինչո՞ւ է կասկածի տակ ձեր մեկնումը Բելգրադ՝ որպես երգի հեղինակ: «Մեկ ամիս առաջ ինձ զանգեցին, ասացին, որ իմ ներկայությունը պետք է լինի Բելգրադում՝ «Եվրատեսիլ-2008»-ին: Սա ինձ հայտնեց «Հ1»-ի գործադիր տնօրեն Արմեն Արզումանյանը, իսկ երբ վերջերս անհանգստացրի «Եվրատեսիլի» պատասխանատուներից Դիանա Մնացականյանին, թե ինչ պայմաններ են այնտեղ լինելու, նա կարճ եւ կոնկրետ ինձ պատասխանեց՝ եթե ցանկություն ունեք մասնակցելու, պետք է մեկնեք ձեր հաշվին… Անգամ «Հայհեղինակը» չի ցանկանում «Քելե, քելեն» գրանցի, մոռանալով, որ ես դա կարող եմ անել Կանադայում»,- նեղսրտեց Հ. Տեր-Հովակիմյանը: Հետո էլ հավելեց. «Մի լավ լուր եմ ստացել օրերս: Մոսկվայից ինձ զանգեցին եւ ասացին, որ Վրաստանը ներկայացնող Գուրցկայայի երգի հեղինակը ճանաչված Քիմ Բրեյթբուրգը լսելով «Քելե, քելեն», ցանկություն է հայտնել ինձ հետ համագործակցել»: