Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԱ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ Է»

Ապրիլ 16,2008 00:00

\"\"Հանրապետական պատգամավոր Արմեն Աշոտյանը գտնում է, որ ՀՀԿ-ական պատգամավորները կարող են հանդես գալ կառուցողական քննադատության դիրքերից:

– Նոր կառավարությունը կարծես արդեն ձեւավորված է, ի վերջո, ո՞ւմ կառավարությունն է սա՝ Հանրապետականի՞, թե՞ միայն կոալիցիայի:

– Կառավարության ձեւավորման հետ կապված աժիոտաժի առաջին փուլը մոտեցավ իր ավարտին՝ վարչապետի թեկնածուի հետ կապված ինտրինգն արդեն հանգուցալուծվեց: Հասարակական հնչեղության տեսակետից, ես հասկանում եմ, թե ինչու էր այդքան սրությամբ եւ հետաքրքրությամբ դրված այդ խնդիրը, եւ այդ հետաքրքրությունն արդեն երկրորդ փուլ է թեւակոխում՝ կառավարության բուն կազմի հետ կապված, սակայն հիմա մի քիչ ավելի թեթեւ եմ նայում այս խնդրին, որովհետեւ, անկախ նրանից, թե ով էր նշանակվելու վարչապետ եւ ովքեր են լինելու նախարարներ, այս կառավարությունը մնում է Սերժ Սարգսյանի կառավարություն: Կառավարություն, որը ձեւավորվել է ՀՀ նախագահի քաղաքական կամքի հիման վրա, որպես հետեւանք համագործակցության կոչի: Կառավարություն, որի վրա դրված է լինելու Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի իրականացման առաքելությունը, սա լինելու է կառավարություն, որի գործունեությունը թելադրվելու է ԱԺ քաղաքական մեծամասնության կողմից: Հետեւաբար, չթերագնահատելով վարչապետի դերը թե՛ Սահմանադրության տեսակետից, թե՛ ռեալ քաղաքական իրավիճակում, այնուհանդերձ, ցանկացած կառավարություն, որը կարող էր ձեւավորել, լինելու էր նախագահ Սերժ Սարգսյանի կառավարությունը: Հետեւաբար, այդ կառավարության արդյունավետ աշխատանքի հարցում հիմնական շահագրգռված մարդը երկրի նոր նախագահն է, իսկ հիմնական պատասխանատուն՝ Հանրապետական կուսակցությունը, իր գործընկեր կուսակցությունների հետ միասին:

– Արդեն իսկ ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբում աշխատած մարդիկ, այդ թվում նաեւ դուք, որեւէ պաշտոն չեն ստանալու եւ մնացել են խաղից դուրս, հետեւաբար՝ նեղացած են:

– Իհարկե, չի կարելի բացառել, որ ցանկացած քաղաքական աշխատանքի մեջ կա նաեւ անձնական շահագրգռություն, անկախ նրանից, թե որ պաշտոնում, որ փուլում ով ինչպես է աշխատել, խնդիրը դրված է մաքսիմալ՝ համապատասխան տեղերում ընտրել համապատասխան գիտելիքներ, ունակություններ եւ փորձ ունեցող մարդկանց: Հանրապետականը կադրային ռեսուրսի պակաս երբեք չի ունեցել, եւ ձեր ասած մոտեցումը գուցե որոշակի քննարկման առարկա լինի հասարակության մեջ: Ինձ վրա օրինակը բերեմ, որպեսզի որեւէ մեկը չնեղանա. ես աշխատել եմ շտաբում, սակայն չեմ կարծում, որ եւ ես, եւ իմ ընկերները աշխատել ենք պաշտոնի համար, թեպետ կարծում եմ նաեւ, որ իմ շատ ու շատ ընկերների, նաեւ շտաբական ղեկավարությունից, եւ շարքային աշխատողների իրավասությունները, ունակությունները, գիտելիքները կարող են օգտակար լինել նաեւ պետական համակարգում: Բայց պետական համակարգը միայն կառավարությունը չէ, ես վստահ եմ, որ չի կարելի «մերկացնել» Ազգային ժողովը, այսինքն՝ կադրային արտահոսք ապահովել ԱԺ-ից եւ թողնել օրենսդիր մարմինն առանց շատ կարկառուն պատգամավորների: Ուզում եմ անպայման շեշտել, որ մեզանում կարծես ընդդիմության պակաս կա, ինստիտուցիոնալ, խորհրդարանական ընդդիմության, ընդամենը 7 հոգանոց պատգամավորական խմբակցություն է մնացել ընդդիմության կարգավիճակում եւ մի քանի անկախ պատգամավորներ: Առաջին հայացքից դա պրոբլեմ է ցանկացած քաղաքական համակարգի համար, բայց այդ պրոբլեմը լուծելի է, ընդ որում՝ ոչ թե արտահերթ խորհրդարանական ընտրություններով, ինչպես փորձում են համոզել որոշ գործիչներ, այլ լուծելի է, երբ ԱԺ-ն իր վրա կվերցնի կառավարության գործունեության օբյեկտիվ, կառուցողական քննադատության ֆունկցիան՝ հանուն ՀՀ նախագահի եւ նրա ծրագրերի իրականացման: Եվ որպեսզի մեր նոր նախագահի գործը հաջողվի եւ քաղաքական այն ուղենիշները, որոնց մասին նա հայտարարել է՝ ի կատար ածվեն, կառավարության հանդեպ վերահսկողական ֆունկցիան պետք է լինի ոչ միայն ՀՀ նախագահի, այլեւ՝ Ազգային ժողովի վրա: Եվ այստեղ, կարծում եմ, ճիշտ է, որ ԱԺ-ի դերն ակտիվ քննադատության, հսկողության, համատեղ աշխատանքի առումով մեծանա: Սա նախ եւ առաջ վերաբերում է ԱԺ քաղաքական մեծամասնությանը: Կարծում եմ, որ ՀՀԿ-ական պատգամավորները եւ մեր գործընկերները կառուցողական քննադատության այս բացը լրացնելու նպատակով պետք է ավելի ակտիվ քննադատական մոտեցում ունենան, ավելի անկաշկանդ լինեն:

– Այդ քննադատության պակասը, կարծեմ, չի լինի, որովհետեւ ձեր կոալիցիոն ներկայիս գործընկերները ողջ նախընտրական շրջանում ակտիվորեն քննադատեցին կառավարության գործունեությունը:

– Վստահաբար, պետք է տարբերակել նախընտրական քննադատությունը հետընտրական աշխատանքից: Այն, ինչ ասվում է ընտրությունների ժամանակ եւ այն, ինչ արվում է ընտրություններից հետո, երկու տարբեր քաղաքական պրոցեսներ են: Վստահ եմ, որ որեւէ մեկը, մեր երկրի քաղաքական վերնախավում լինի՝ ԲՀԿ, ՀՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ, կամ այլ կուսակցության անդամ, առավել շահագրգռված չէ մեր երկրի բարեփոխումների որակական մակարդակի բարձրացման հարցում, քան մեր նոր նախագահ Սերժ Սարգսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել