Նախագահական ընտրություններից անգամ 2 ամիս անց իշխանության ներկայացուցիչների «հետաքրքրությունը» «Սիլ կոնցեռնի» հանդեպ չի նվազում:
Արդեն մեկ ամիս է, ինչ մայրաքաղաքի խանութներում մոտ մեկ տասնյակի հասնող ծխախոտների դեֆիցիտ է: «Marlboro», «Parliament», «Bond», «Chesterfield», «Red & White», «Next», «Assos slims» եւ այլ տեսակի սիգարետները ներկրվել են Հայաստան, նույնիսկ մաքսազերծվել են, սակայն սիգարետների հերթական խմբաքանակը մեր մաքսատնից բաց չի թողնվում: Նշենք, որ վերոնշյալ սիգարետների ներկրողը «Սիլ կոցեռնին» պատկանող «Պարես Արմենիա» ընկերությունն է: Նման խնդրի առաջ է կանգնած նաեւ նույն կոնցեռնին պատկանող մեկ այլ ընկերություն՝ «Սպորտթայմը», որի ներկրած «Adidas» սպորտային հագուստի եւ կոշիկի խմբաքանակն ամսից ավելի է՝ տարբեր պատճառաբանություններով պարզապես չի մաքսազերծվում:
Թե ինչու «Պարես Արմենիայի» ներկրած սիգարետները մաքսատնից բաց չեն թողնում, Մաքսային պետական կոմիտեն բացատրում է «Գովազդի մասին» օրենքում սահմանված կանոնների խախտմամբ, ասելով, որ այդ ծխախոտների տուփերի վրա նշված են օրենքին հակասող մակագրություններ: «Այդ ընկերության կողմից ներմուծված ծխախոտի տուփերի վրա առկա են գրառումներ, որոնք, մեր նախնական համոզմամբ՝ իրենցից գովազդ են ներկայացնում եւ դրդում են դրանց սպառողական լայն օգտագործմանը: Օրինակ, «Assos slims» տեսակի ծխախոտի տուփի վրա գրված է՝ «Բարձրագույն որակի ծխախոտի տեսակներ՝ ընտրված ապահովելու եւ հաճույք պարգեւելու լավագույն խառնուրդը», «Chesterfield» տեսակի ծխախոտի տուփի վրա էլ գրված է՝ «Հաճույք, որ վայելում ես բոլոր զգայարաններով եւ միայն ժամանակի ընթացքում է բացահայտվում նրա իրական հարստությունը. ծխելու հաճույքի ավանդույթ», «Marlboro» տեսակի ծխախոտի տուփերի վրա գրված է՝ «Հիանալի ծխախոտների ընտրանի»,- «Առավոտին» այսպես պարզաբանեցին Մաքսային պետական կոմիտեից:
Նկատենք, որ չնայած «Գովազդի մասին» օրենքի հանդեպ դրսեւորած նման բացառիկ ուշադրությանը, այնուամենայնիվ, 2 օր առաջ մաքսայինը թույլատրել է ներկրված սիգարետների որոշ մասը մաքսատնից բաց թողնել: Սա Մաքսային պետական կոմիտեն մեկնաբանեց մաքսավորների մեծահոգի լինելով. «Մենք հարցումով դիմել ենք համապատասխան գերատեսչություններին՝ ճշտելու, արդյոք այդ տուփերի վրա նշված գրառումները գովա՞զդ են, թե՞ բրենդի մաս, բայց քանի որ այդ գերատեսչությունների կողմից պատասխանը ուշանում է, ու քանի որ ապրանքն արդեն ձեւակերպված էր, որպեսզի գործարարը չտուժի՝ մենք խմբաքանակը բաց ենք թողել»:
Հասկանալու համար, որ մաքսայինը բնավ էլ օրենքների պահանջները կատարելու ձգտումով չի տառապում եւ ծխախոտի հսկայական խմբաքանակը մաքսատանը պահում է բոլորովին այլ պատճառներով, նշենք, որ հենց նույն «Գովազդի մասին» օրենքի կանոններին խստորեն հակասող մակագրություններ կան նաեւ դրսից ներկրված ու մաքսատանը առանց որեւէ խնդրի մաքսազերծված գրեթե յուրաքանչյուր սիգարետի տուփի վրա: Օրինակ, Ռուսաստանի Դաշնությունից ներկրվող «Dunhill» սիգարետի տուփի վրա անգլերեն եւ հայերեն գրված է. «Dunhill»-ի հիանալի համը ստեղծվում է աշխարհի լավագույն ծխախոտատեսակներից՝ առանց հավելումների եւ բուրմունքների: Կատարելության ճանապարհին չեն կարող լինել փոխզիջումներ»: Գերմանիայից ներկրված մեկ այլ՝ «Davidoff» ծխախոտի տուփերի վրա նշված է. «Ծխախոտի ընտիր տեսակների հրաշալի համադրություն»: Հիշեցնենք, որ սա առաջին անգամ չէ, որ մաքսայինը խոչընդոտում է «Պարես Արմենիա» ընկերության ապրանքների ներմուծմանը: Դեռեւս անցյալ տարվա հոկտեմբերին Հայաստան ներկրված մոտ 97 միլիոն դրամ արժողությամբ ապրանքի գնի նկատմամբ Մաքսային օրենսգրքի 91 հոդվածի խախտմամբ կիրառվեց շուկայական գին, որից հետո մաքսային մարմինները բարձրացրին մաքսազերծվող ապրանքի գինը: Արդյունքում՝ ընկերությունը ստիպված էր վճարել հավելյալ 11 միլիոն դրամ մաքսավճար: Ներկայումս «Պարիս Արմենիա» ընկերությանը ակցիզային դրոշմանիշեր չեն տրամադրվում, ինչը նշանակում է, որ դեռեւս բավականին ժամանակ ծխախոտների նոր խմբաքանակ Հայաստան չի ներկրվի:
Ինչ վերաբերում է նրան, թե ինչո՞ւ «Adidas» սպորտային հագուստի եւ կոշիկի խմբաքանակը չի մաքսազերծվում, մաքսայինն այստեղ որեւէ արտառոց բան չի տեսնում ու այս անգամ էլ հարցի «տակից դուրս եկավ»՝ ինչ-որ անհասկանալի պատճառաբանություններով. «Ընկերության ներկայացուցիչները դիմել են մեզ, որպեսզի մենք իրենց ապրանքը մաքսազերծենք Մաքսային օրենսգրքի 87 հոդվածի համաձայն, այսինքն՝ որպեսզի խմբաքանակը ձեւակերպվի գործարքի գնով: Սակայն այդ ձեւակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերի պակաս կա: Արտառոց բացարձակապես ոչինչ չկա, գոյություն ունեն մաքսազերծման այլ մեթոդներ, 1-2 օրվա ընթացքում դրանցից մեկը կառաջարկվի ընկերության ներկայացուցիչներին եւ համապատասխան մեթոդով կձեւակերպվի գործարքը»:
Իրենց հանդեպ կիրառվող ապօրինի գործողությունների առնչությամբ «Սպորտթայմը» նախորդ շաբաթ դիմել է դատարան:
Նկատենք, որ «Սիլ կոնցեռնի» գործունեությանը խոչընդոտելն առաջին հերթին վնաս է մեր պետությանն ու հասարակությանը: Նախ կոնցեռնը բավականին խոշոր հարկատու է եւ պետբյուջե է վճարում տարեկան ավելի քան 10 միլիարդ 500 միլիոն դրամ, ունի ավելի քան 8 հազար 5 հարյուր աշխատատեղ եւ, բացի այդ, ընկերության ապրանքների արտադրմանը, ներմուծմանն ու վաճառքին խոչընդոտելով՝ առաջին հերթին ոտնահարվում են հազարավոր սպառողների շահերը, քանի որ մարդիկ շաբաթներ շարունակ խանութներից չէին կարողանում «Նոյ», «Բջնի» կամ էլ, ասենք, իրենց նախընտրած ծխախոտը գնել: Այս ամենի հետ մեկտեղ, սպառողները ստիպված էին նաեւ ծխախոտի 1 տուփի համար 50-100 դրամ ավելի վճարել, քանի որ դեֆիցիտի պատճառով խանութներում դեռեւս մնացած «Պարես Արմենիայի» ներկրած ծխախոտները թանկացել էին:
Նշենք, որ սա իշխանությունների կողմից առաջին ոտնձգությունը չէ «Սիլ կոնցեռնին» պատկանող ընկերությունների հանդեպ: Դեռեւս նախորդ տարի նոյեմբերին կասեցվեց 13 տարի շարունակ մաքսային պահեստի գործառույթներ իրականացնող «Տրանս-Սերվիս» ՍՊԸ-ի լիցենզիան, գրեթե նույն ժամանակ Հարկային պետական ծառայության եւ ոստիկանության աշխատակիցները ներխուժեցին «Պիցցա դի Ռոմա»՝ հարկային պարտավորությունների կատարման ճշտությունը ստուգելու պատրվակով: Արդյունքում՝ ձերբակալվեց ընկերության տնօրեն Գեւորգ Սաֆարյանը, ավելի ուշ՝ նաեւ «Պիցցա դի Ռոմայի» 2 գանձապահները: Այնուհետեւ ստուգումներ սկսվեցին «Բջնի» հանքային ջրերի գործարանում, «Նարեկ» ՍՊԸ-ում, «Երեւանի ալրաղացում» եւ «Սիլ կոնցեռնին» պատկանող այլ ընկերություններում:
Հարկային, մաքսային ու ոստիկանական համակարգերի ցուցաբերած հատուկ ուշադրությունը Սուքիասյանների ընտանիքին պատկանող «Սիլ կոնցեռնի» ձեռնարկությունների հանդեպ պայմանավորված է միայն նրանով, որ կոնցեռնի նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը նախընտրական շրջանում «համարձակվեց» հայտնել իր քաղաքական դիրքորոշման, այսինքն՝ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարելու մասին: Սակայն այսօր, ընտրություններից 2 ամիս անց էլ, իշխանության ներկայացուցիչների հետաքրքրությունը «Սիլ կոնցեռնի» հանդեպ չի նվազում եւ անընդմեջ փորձ է արվում կոնցեռնին հնարավորինս ֆինանսական եւ բարոյական վնասներ պատճառելու միջոցով խանգարել նրանց բնականոն աշխատանքն ու գործունեությունը:
Ի դեպ, քաղաքական 4 ուժերի կողմից նախորդ ամիս ստորագրված կոալիցիոն համաձայնագրի կարեւորագույն կետերից մեկը ազատ տնտեսական մրցակցության լիարժեք պայմանների ապահովումն ու արտահանման խրախուսումն է, մինչդեռ մեր հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաները, ըստ որոշ լուրերի, արտերկրի գործարարներին խորհուրդ են տալիս չնպաստել «Սիլ կոնցեռնի» ընկերություններում արտադրվող արտադրանքի իրացմանը: