Լրահոս
Օրվա լրահոսը

Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ

Ապրիլ 16,2008 00:00

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հունվարի 25-ից շրջանառության մեջ է դրել երաշխավորության նախագիծ, որին իրենց ստորագրություններով միացել են ԵԽԽՎ 26 պատվիրակներ, այդ թվում՝ Մաթիաս Յորշին եւ Անդրեաս Գրոսսը: «Թուրքիայում հայկական մշակութային գանձերի ներկա վիճակը» վերնագրված այս փաստաթղթում հիշատակված է Հայոց ցեղասպանությունը եւ նշված, թե 1915-ից ի վեր՝ հազարավոր հայկական եկեղեցիներ եւ «այլ հոգեւոր ու աշխարհիկ գանձեր, որոնք պատկանում են եվրոպական մշակութային ժառանգությանը՝ լիովին ավերվեցին կամ վնասվելով՝ հայտնվեցին վերացման եզրին»: Ըստ փաստաթղթի հեղինակների՝ Թուրքիան ի վիճակի չէ հայկական մշակութային հուշարձանների մասով կատարել այն պարտավորությունները, որոնք ստանձնել է՝ միանալով եվրոպական մշակութային կոնվենցիային եւ Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պահպանման վերաբերյալ համաձայնագրին: Եվ այդ պատճառով, ըստ այս նախագծի, ԵԽԽՎ-ն պիտի երաշխավորի Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին՝ դիմել Թուրքիայի կառավարությանը, որպես ԵԽ անդամ երկրի, որը միացել է վերոհիշյալ համաձայնագրերին՝ հարգել եւ լիովին իրականացնել իր միջազգային պարտավորությունները՝ հատկապես մշակութային ժառանգությունը պահպանելու վերաբերյալ: ԵԽ նախարարների կոմիտեն նաեւ պիտի հորդորի Թուրքիայի կառավարությանը՝ անցկացնել հայկական մշակութային ժառանգության «բարեխիղճ ու համակողմանի գույքագրում», որպեսզի հետո ռազմավարություն մշակվի վերականգնելու հայկական հին եւ միջնադարյան մայրաքաղաքները, վանքերը, ամրոցները եւ այլ գանձերը. «Եվ որպեսզի ԵԽ քարտուղարության հետ միջոցներ ձեռնարկեն անհապաղ կազմակերպելու ԵԽ փորձագիտական առաքելություն՝ հայկական մշակութային ժառանգության ներկա վիճակը գնահատելու նպատակով»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել