Հազվադեպ չեն կարծիքներն այն մասին, որ մեծ չափով կոռումպացված ու բարոյալքված Հայաստանին ակամա օգնում է նաեւ Ադրբեջանի՝ նույնքան կոռումպացված ու բարոյալքված լինելու հանգամանքը: Այս գործոնը, ի լրումն 1994 թ. հայ-ադրբեջանական հակամարտության գոտում ձեւավորված (սակայն ցավոք՝ ներկայումս բավական խախուտացած) ստատուս քվոյի, առայժմ հայկական կողմին զերծ է պահում Ադրբեջանից բխող պատերազմի վտանգից: Բայց տեսնենք, թե ինչ է ստացվում, երբ կշեռքի նժարների վրա ենք դնում այս փուխր խաղաղությունն ապահովող մնացյալ գործոնները:
Երկու նժարների վրա դրված բարոյալքումները փոխադարձաբար հավասարակշռում են միմյանց: Այժմ այդ նույն նժարների վրա հավելենք պատերազմ սանձազերծելու, կամ հակառակը՝ սանձազերծված պատերազմին ընդդիմանալու կարողությունները: Գաղտնիք չէ, որ դրա համար նախեւառաջ անհրաժեշտ ԵՆողջ բնակչության համախմբվածությունը, նպատակի կարեւորության հստակ գիտակցումն ու մարտական ոգին: Ցավով պետք է խոստովանենք, որ այս տեսակետից «հայկական» նժարի վրա այսօր դնելու քիչ բան ունենք: Թերեւս առանց չափազանցելու կարելի է պնդել, որ հայ հանրությունը երբեք այնքան պառակտված չի եղել, որքան հիմա: Ինչ վերաբերում է մարտական ոգուն, ապա դժվար չէ կռահել, թե ինչպիսի վիճակում է այն այսօր, երբ Հայաստանի ողջ պետական մեքենան, բան ու գործը թողած, աշխատում է քաղաքականապես ակտիվ (եւ ոչ միայն) ազատամարտիկներին ու առհասարակ՝ ազատատենչ երիտասարդներին հալածելով ու նվաստացնելով: Իհարկե, դժվար է գնահատել, թե այս առումով ինչ իրադրություն է այժմ Ադրբեջանում, սակայն մի բան կարելի է պնդել առանց երկմտելու. ադրբեջանական հասարակության պառակտվածությունը, եթե այն իրոք գոյություն ունի, բոլորովին համեմատելի չէ իր «հայկական համարժեքի» հետ: Իսկ եթե անգամ նման համեմատության ինչ-ինչ եզրեր կան, ապա լավագույն դեպքում՝ կարող ենք համարել, որ այս գործոնները եւս փոխհամակշռվում են:
Վերջապես՝ նժարների վրա արդեն դրված «կշռաքարերին» երկուստեք հավելենք կարեւորագույն մի գործոն եւս՝ ֆինանսական կարողությունները: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նախօրեին հայտարարել է, որ ընթացիկ տարում պատրաստվում է 53 %-ով ավելացնել երկրի ռազմական ծախսերը՝ դրանք հասցնելով $2 մլրդ-ի: «Վերջին 4-5 տարիներին մեր երկրի ռազմական բյուջեն $150 մլն-ից արդեն իսկ հասել է $1 մլրդ 300 հազարի: Նույն ժամանակահատվածում Ադրբեջանի պետբյուջեն տասնապատկվել է»,- ըստ «Ռոյթերզի», հավելել է Ալիեւը: Համեմատության համար նշենք, որ ՀՀ 2008թ. ընդհանուր բյուջեն կազմում է մոտ $2,5 մլրդ: Ակնհայտ է, որ Ադրբեջանի միայն ռազմական ծախսերի չափն ընդհուպ մոտեցել է Հայաստանի ողջ պետբյուջեին: Լրացուցիչ բացատրությունների կարիք չկա, թե այս «լաբորատոր» փորձի ավարտին ինչ կկատարվի «հայկական» նժարի հետ: Մնում է, որ դա նկատի նաեւ, ասենք՝ ՀՀ Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղարը: