Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

3 ԱՄԻՍ՝ ՈՒՂՂՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Ապրիլ 16,2008 00:00

\"\"Այս ժամկետն է սահմանվել ԵԽԽՎ բանաձեւի այն նախագծով, որը ներկայացվեց երեկ դիտարկման հանձնաժողովի նիստում եւ կընդունվի ապրիլի 17-ի լիագումար նիստում:

Եվրոպայի խորհրդի անդամ երկրների ստանձնած պարտավորությունների դիտարկման հանձնաժողովի երեկվա նիստում ներկայացվեց այն բանաձեւի նախագիծը, որը քննարկվելու է ապրիլի 17-ին՝ Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների գործունեության վերաբերյալ հարցի արտահերթ քննարկման ժամանակ: Դիտարկման հանձնաժողովի փակ նիստին մասնակցում էին Հայաստանի պատվիրակության բոլոր անդամները՝ Դավիթ Հարությունյանը, Արմեն Ռուստամյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Ավետ Ադոնցը: Բանաձեւի նախագիծը դեռեւս չի հրապարակվել: Հայտնի է միայն, որ այստեղ առաջարկվում է երկխոսություն սկսել խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի միջեւ, մեծացնել ընդդիմության դերը՝ քաղաքական գործընթացներում, ազատ արձակել այն անձանց, որոնք չեն կատարել հանցագործություն, իրականացնել մարտի 1-ի դեպքերի անկախ հետաքննություն, եվրոպական չափանիշներին համապատասխանեցնել «ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքում վերջերս կատարված փոփոխությունները: Նախագծում նաեւ նշված է, թե Հայաստանի կողմից այս դրույթների իրականացմանը կանդրադառնան 3 ամիս հետո՝ ԵԽԽՎ ամառային նստաշրջանում:

Մեր հարցին, թե ինչպես ընթացան քննարկումները հանձնաժողովում՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Քննարկումները թեժ չէին: Հայաստանի հարցով համազեկուցողները ներկայացրին իրենց զեկույցի եւ բանաձեւի նախագիծը եւ կից հուշագիրը: Հայաստանի պատվիրակության 3 ներկայացուցիչներն, ըստ երեւույթին, արել են ուղղումների իրենց առաջարկները, որոնք առաջիկա օրերի ընթացքում պետք է քննարկվեն թե հանձնաժողովում, թե ապրիլի 17-ի լիագումար նիստում: Բայց հիմնականում՝ բանաձեւի նախագիծը որպես հիմք ընդունվեց առանց առարկության»:

Իսկ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը մեր հարցին, թե արդյոք դիտարկման հանձնաժողովում քննարկումները նույնչա՞փ բուռն էին, որքան լիագումար նիստում Ջոն Պրեսկոտի զեկույցի կապակցությամբ ելույթները՝ պատասխանեց. «Ներկայացված բանաձեւը դեռեւս նախնական տարբերակում է, եւ հանձնաժողովի անդամներն այն ստացել են միայն այսօր, ուստի եւ՝ թեժ չէր քննարկումը: Այն թեժ կլինի ապրիլի 17-ի առավոտյան, երբ հանձնաժողովն անդրադառնա արդեն բովանդակային փոփոխություններին: Այսօր հանձնաժողովի անդամներն ուղղակի պատրաստ չէին քննարկել այդ հարցերը: Այսօր ուղղակի ներկայացվեցին դիրքորոշումները: Հայկական պատվիրակությունը եւս ներկայացրեց իր դիրքորոշումը, թե մեր նպատակն էլ է գտնել ճիշտ ուղին՝ Հայաստանում ժողովրդավարության հետագա զարգացման համար: Այնպես որ՝ մեր նպատակները նույնն են, եւ խնդիրն ընդամենը հստակ ձեւակերպումներն են՝ գտնել այնպիսի գործիքներ, որոնք առավել արդյունավետորեն կաջակցեն այդ գործընթացին»:

Նրան փոքր-ինչ զգացմունքային հարց ուղղեցինք, թե ինչպես էր զգում ապրիլի 14-ի քննարկման ընթացքում, երբ անգամ Ադրբեջանն էր օգտագործում հնարավորությունը մեր հաշվին միավորներ հավաքելու եւ առիթ ուներ դրա համար: «Ադրբեջանն օգտագործում է միավորներ հավաքելու յուրաքանչյուր առիթ, ինչպես նաեւ՝ առիթի բացակայությունը եւս օգտագործում է: Այսինքն՝ իրենց ելույթների ոճը որեւէ ձեւով չի փոխվում,- պատասխանեց պրն Հարությունյանը:- Բայց եթե հարցը հուզական է՝ քաղաքական գործչին նման բաներով հուզել դժվար է: Հուզական մոտեցումն օգուտ չի տալիս: Սթափ մոտեցումն է օգուտ տալիս, երբ գիտակցում ես՝ ինչ խնդիրներ են ծառացած քո երկրի առջեւ, եւ որոնք են դրանց լուծման առավել արդյունավետ ուղիները»:

«Ժառանգություն» կուսակցության ղեկավարից հետաքրքրվեցինք, թե ո՛րն է պատճառը, որ ապրիլի 14-ին մեր նախագահական ընտրությունների վերաբերյալ զեկույցի քննարկման ընթացքում իր ելույթում ավելի քիչ խոսեց ընտրությունների եւ ավելի շատ՝ այն մասին, թե Ադրբեջանը պիտի խիզախություն ունենա ընդունելու, որ ինքն է սկսել պատերազմը Ղարաբաղում: «4 րոպեի ընթացքում դժվարանում ես ամեն ինչ ասել,- պատասխանեց Րաֆֆի Հովհաննիսյանը:- Պարզապես սա եվրոպական եզակի կառույցն է, իմ կարծիքով, որտեղ թե մարդու իրավունքները, թե ժողովրդավարական ընթացակարգերը եւ չափանիշները, ինչպես նաեւ՝ մարդկության դեմ ոճիրները պետք է շատ բաց, անկեղծ եւ անգամ ինքնամաքրման ճանապարհով ներկայացվեն: Եվ երբ խոսում ենք օրենքի իշխանության մասին՝ այն ենթադրում է, որ հավասար պետք է կիրառվեն բոլոր չափանիշները՝ թե ընտրությունների ընթացքի, թե ժողովրդավարության ու մարդու իրավունքների, թե հարակից այլ մարտահրավերների հարցերով: Տեսաք, թե ադրբեջանցիներն ինչ տրամադրվածությամբ եկան՝ հարեւան երկրի ներքին բացերն ու սխալներն օգտագործելով հօգուտ իրենց ոչ ժողովրդավարական նպատակների: Սա արձանագրելուց հետո անցում կատարեցի մեր հարցերին, իսկ ապրիլի 17-ի հրատապ քննարկման ընթացքում իմ ելույթում կկենտրոնանամ ՀՀ խնդիրների վրա»:

Դավիթ Հարությունյանին ուղղեցինք նաեւ հարց, թե ինչպես է գնահատում մեր իշխանությունների պահվածքը, որ անգամ նման սպասվելիք քննարկումների նախօրեին չդադարեցրին ձերբակալությունները, եւ որեւէ մեղմացում չեղավ դիրքորոշումների մեջ՝ այսպիսով բավական դժվարացնելով ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության վիճակը: «Շատ դժվար է ընդհանուր գնահատական տալ ձերբակալություններին,- ասաց ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավարը:- Ես միշտ այդ առումով եղել եմ շատ զգույշ: Բանն այն է, որ չունենալով պատշաճ տեղեկատվություն, թե որոնք են ձերբակալման հիմքերը՝ իսկապես դժվար է գնահատական տալ: Այնուամենայնիվ, այն, որ մեզանում դեռեւս թե ձերբակալությունը, թե կալանքը չեն համապատասխանում եվրոպական չափանիշներին՝ կարծում եմ, ակնհայտ է, եւ այստեղ մենք անելիք ունենք: Եվ խոսքը չի վերաբերում միայն այս՝ ընտրական ու հետընտրական շրջանին. Ես շատ ավելի լայն եմ տեսնում այս խնդիրը ու շատ ավելի արմատական: Ավելին՝ պետք է ասեմ, թե այն հարցադրումը, որ բազմիցս հնչել է, թե մարդիկ իսկապես անարդարության զգացում ունեն՝ նաեւ պայմանավորված է մասամբ նրանով, որ ձերբակալություններն ու կալանքները դեռեւս չեն համապատասխանում այդ չափանիշներին»: Ուշադրություն հրավիրենք, որ Դավիթ Հարությունյանն այդպես էլ ուղղակի պատասխան չտվեց մեր հարցին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել