Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՄՆ-Ը ՉԻ ԴԱԴԱՐԵՑՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Ապրիլ 16,2008 00:00

\"\"Վստահ է ԱԺ ՆԳ, ԱԱ եւ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանը

– ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովը այսօր լսումներ է անցկացնելու հետընտրական Հայաստանում ստեղծված իրավիճակի շուրջ: Որքանո՞վ է այս ամենը լուրջ եւ վտանգավոր մեր երկրի համար, մանավանդ՝ մեր երկիրը նաեւ ռազմական օգնություններ է ստանում ԱՄՆ-ից:

– Այո, ձեր նշած ռազմական օգնությունը մի քանի ուղղություն ունի, եթե այդ ուղղությունները բացենք, հետեւյալ պատկերը կստանանք: Առաջինը՝ արտաքին ռազմական ֆինանսավորման FMF ծրագիրն է: Ամերիկյան ռազմական դոկտրինում հստակ նշված է, որ այս ծրագրից օգտվում են բոլոր այն երկրները, որոնք համագործակցության անհրաժեշտությունից ելնելով՝ օգնության կարիք ունեն: Սա ռազմական օգնություն է, որը կարող է լինել կապի միջոցների ձեւով, թիկունքային նշանակության սարքեր, սարքավորումներ, հանդերձանք: Եվ այսօր այդ ծրագրից մեր երկիրն օգտվում է՝ այն ուղղորդելով իր խաղաղապահ առաքելությունը ընդլայնելուն: Հայաստանն այսօր ունի խաղաղապահ գումարտակ եւ հայտարարել է, որ նպատակ ունի ընդլայնել իր խաղաղապահ կարողությունները՝ հասցնելով մինչեւ բրիգադայի: Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության շրջանակներում մեր երկիրը առաքելություն է իրականացնում Կոսովոյում, իսկ հայ-ամերիկյան համագործակցության շրջանակներում առաքելություն ենք իրականացնում Իրաքում: Ռազմական երկրորդ ծրագիրը, որից օգտվում է մեր երկիրը, դա «Միջազգային ռազմական կրթություն եւ վարժանք» ծրագիրն է, որը հիմնականում նպատակ ունի տվյալ երկրի հետ ռազմական համագործակցության շրջանակներում բարձրացնել փոխգործակցելիության աստիճանը՝ սպայական կազմը, սերժանտական կազմի համապատասխան վարժանքներ, դասընթացներ անցկացնելով ԱՄՆ-ում, ընդյալնելով կարողությունները, որպեսզի հետագա գործողությունների ժամանակ կարողանանք լինել փոխգործակցելի: Գործում է նաեւ նահանգային ծրագիը, որը մեր երկիրը իրականացնում է Կանզասի նահանգի հետ, եւ նպատակը նույնն է՝ բարձրացնել փոխգործակցության աստիճանը: Գործում է նաեւ «Վարշավյան նախաձեռնության հիմնադրամը», որից Հայաստանը հիմնականում օգտվել է զորավարժություններին մասնակցելու նպատակով: Եթե նկատի ունենանք թվարկածս օժանդակության բոլոր այս ձեւերը (ես հատուկ շեշտեցի բոլորը), ապա բոլորը ունեն մեկ նպատակ, այն է՝ մեծացնել փոխգործակցության աստիճանը եւ տվյալ երկրին հնարավորություն տալ, որպեսզի ստացած օգնության դիմաց ցուցաբերի համապատասխան օգնություն: Կոնկրետ, այս ամենի դիմաց, հայ-ամերիկյան ռազմական համագործակցության շրջանակներում, այսօր մեր երկիրն առաքելություն է իրականացնում Իրաքում: Եվ, որքան տեղյակ եմ լրատվամիջոցներից, Հայաստանը միակ երկիրն է, որը մասնակցության իր «այո»-ն ասելուց հետո երբեք չի շահարկել այդ մասնակցությունը հայ-ամերիկյան հարաբերություններում: Առնվազն վերջին տարվա ընթացքում, եթե նկատել եք, ընտրություններից հետո հատկապես հնչեցվել են ամերիկյան քաղաքական գործիչների կողմից Կոնգրեսի տարբեր աստիճանի հայտարարություններ, թեկուզ Բրայզայի վերջին հայտարարությունները, ապա կնկատեք, որ այդ ամենին ի պատասխան՝ Հայաստանը երբեք չի հայտարարել, որ կդադարեցնի իր առաքելությունը: Եվ չմոռանանք նաեւ, որ ե՛ւ լեհական, ե՛ւ ամերիկյան հրամանատարությունները բազմիցս հայտարարել են, որ հայկական զորախումբն Իրաքում իր առաքելությունը փայլուն է իրականացնում: Իզուր չէ, որ յուրաքանչյուր ռոտացիայից հետո Հայաստան վերադարձած անձնակազմն առնվազն արժանանում է լեհական դիվիզիայի եւ ամերիկյան հրամանատարության պարգեւներին: Սա խոսում է այն մասին, որ իսկապես Հայաստանը շահագրգռված է մասնակցել միջազգային խաղաղապահ առաքելություններին:

– Այդուհանդերձ, այսօր խոսվում է այն մասին, որ ԱՄՆ-ը կդադարեցնի իր օգնությունները, ի՞նչ է անելու Հայաստանը:

– Եթե դա ուղղված լինի նաեւ նշածս ռազմական օժանդակություններին, ապա դրա հետեւանքը կլինի այն, որ Հայաստանը կարող է վերանայել իր մասնակցության ձեւաչափը: Եկեք չմոռանանք, որ այս մասնակցությունից շահում է ոչ միայն Հայաստանը, այլեւ օժանդակող կողմերը: Քիչ չեն եղել ամերիկյան, այսպես ասած, բարեկամ պետություններ, որոնք ներքաղաքական իրադարձություններից կամ ներքին խնդիրներից ելնելով՝ հայտարարել են, որ կդադարեցնեն իրենց մասնակցությունը այս կամ այն ծրագրին: Օրինակ, Լեհաստանում իշխանության եկած քաղաքական ուժն անընդհատ հայտարարում էր, որ եթե իրեն ընտրեն, անպայման Իրաքից դուրս կբերի լեհական զորախումբը: Արդյունքում՝ ընտրված քաղաքական ուժի վարչապետը անմիջապես հայտարարեց, որ 2008-ին Լեհաստանը իր զորախումբը դուրս է բերելու Իրաքից: Կամ՝ Ադրբեջանը Կոսովոյից դուրս բերեց իր անձնակազմը, օրեր առաջ Կոսովոյից իր անձնակազմը դուրս բերելու մասին որոշում է կայացրել Վրաստանը:

– Սակայն այդ նույն քայլերը Հայաստանը չի անում, քանի որ դա չի բխում Հայաստանի շահերից:

– Համաձայն եմ, բայց ոչ միայն Հայաստանի շահերից, ուզում եմ շեշտել, որ դա բխում է նաեւ այն երկրների շահերից, որոնք խնդրել կամ առաջարկել են, որ Հայաստանը իր մասնակցությունը ունենա թե Կոսովոյում եւ թե Իրաքում: Հայաստանը նման բազմազգ գործողությունների մասնակցում է, որովհետեւ լինում են առաջարկներ, ստորագրվում են պայմանագրեր, եւ եթե առաջիկայում եւս նման առաջարկ լինի, չեմ կարծում, որ Հայաստանը կհրաժարվի: Խոսքս ուզում եմ եզրափակել հետեւյալով՝ միակողմանի օգնություններ չեն լինում, ամեն ինչ փոխադարձ է, եւ վստահ եմ, որ հայ-ամերիկյան ռազմական համագործակցությունը չի տուժելու, եւ ԱՄՆ-ը, վստահ եմ, փորձ չի անելու դադարեցնել ռազմական այն օգնությունը, որը տրամադրում է Հայաստանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել