Լրահոս
Օրվա լրահոսը

Նունե Եսայանը քննադատեց Լեւոն Տեր-Պետրոսյանին

Ապրիլ 15,2008 00:00

Եվ փառաբանեց նորընտիր նախագահին

«Հայելի» ակումբի երեկվա հյուրերը «Արամ Խաչատրյան» տուն-թանգարանի տնօրեն, դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանն ու երգչուհի Նունե Եսայանն էին, թեման՝ Հայաստանի երաժշտական կյանքը:

Ն. Եսայանի խոսքերով, այսօր մեր երկրում կան շատ մեծահարուստներ, փող եւ բազմաթիվ տաղանդավոր երգիչ-երգչուհիներ ու արվեստագետներ. «Սակայն ամեն մեկը չէ, որ կարողանում է իրեն ճիշտ ներկայացնել: Օրինակ, եթե ճիշտ ծրագրով մոտենաս ինչ-որ բիզնեսմենի ու նա հավատա քեզ ու արածդ գործին, հաստատ չի մերժի գումար տրամադրել: Շատերին թվում է՝ պետք է գնան, դուռը ծեծեն, ասեն՝ կլիպ ենք նկարում, փող տվեք: Ախր ուզելու պահը պետք է ճիշտ լինի»:

Ա. Գրիգորյանը, անդրադառնալով դասական երաժշտության ոլորտին, ասաց, որ եղավ մի պահ, երբ լավագույն երաժիշտներից շատերը հեռացան երկրից. «Այսպես շարունակվելու դեպքում կլինի մի անդունդ, որից հետո վերականգնել տարիների ավանդույթները՝ դժվար կլինի: Միայն Երեւանում է աշխույժ մշակութային կյանքը, մարզերում այս առումով խեղճ են: Հիմա այն պահն է, երբ պետք է գոնե երաժշտական դպրոցներին մեծ ուշադրություն դարձնել»: Ն. Եսայանի խոսքերով էլ, այսօր էստրադան շատ ավելի բարվոք վիճակում է. «Չկա երգիչ, որ գործ չունենա, թեկուզ գիշերային ակումբներում, բայց դե էլի գործ է, որովհետեւ տուրիստներ են գալիս-տեսնում են: Այսինքն, ինչ-որ ձեւով արվեստի պրոպագանդում կա, իսկ դասականը, իմ կարծիքով, վատ վիճակում է: Այստեղ մեծ դեր ունի պետությունը, նա պարտավոր է օգնել, որովհետեւ դրսում հյուրախաղեր կազմակերպելն ու աշխարհին մեր արվեստը ցույց տալը՝ հնարավոր կլինի միայն պետական միջոցներով»: Իսկ Ա. Գրիգորյանն ասաց, որ դասականի պրոպագանդման գործում մեծ դեր են խաղում նաեւ TV-ները. «Ծիծաղելի է, որ մեզ մոտ դասական երաժշտության համերգները ցուցադրվում են միայն շատ ուշ ժամերի՝ գիշերը 3-ից հետո: Եվ ողջ եթերը ողողված է ցածրորակ երաժշտությամբ»:

Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք որպես երգչուհի կայացած Ն. Եսայանը, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, փաստեց, որ երգիչ-երգչուհիների մեջ շատ քիչ են ընդդիմադիր հայացք ունեցողները. «Ես գիտեմ, որ շատերն ընտրել են մեր նախագահին: Մենք բոլորս նրա կողքին ենք եղել ու դա մեր անձնական ընտրությունն է: Ես ընտրել եմ, որովհետեւ հավատում եւ ճանաչում եմ այդ մարդուն: Իսկ, այ, Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության պատճառով ես երկու տարի ապրել եմ Սփյուռքում, եղել օտարության մեջ ու չեմ կարող ասել, թե դրանք իմ ուրախ տարիներն էին: Թեկուզ միայն այդ հիշողությունների պատճառով ես չէի կարող այդ մարդուն ընտրել»: Դառնալով մարտի 1-ի հայտնի դեպքերին՝ երգչուհին հավելեց. «Կոտորած չի եղել, իսկ մարդիկ, ովքեր այնտեղ են գտնվել՝ շատ սխալ են արել: Նա՝ ով զոհվել է, պետք է այնտեղ չլիներ»: Հարցին, թե Ն. Եսայանն ու մյուս աստղերը չե՞ն պատրաստվում արդյոք մարտի 1-ի զոհերի հարազատներին ու տուժածներին օգնելու նպատակով բարեգործական համերգ կազմակերպել, երգչուհին պատասխանեց. «Մենք պատրաստ ենք համերգ կազմակերպել, հիշել այդ մարդկանց, բայց չէ՞ որ այդ մարդիկ զոհվել են մեկի պատճառով: Միգուցե հենց այդ մեկն էլ, ով մեղավոր է՝ ինչ-որ բա՞ն կազմակերպի եւ նրանց ծնողների խաթրն առնի»:

Բանախոսներն անդրադարձան նաեւ հայաստանյան պրոդյուսերական դպրոցին: Ըստ նրանց, վերջինս մեզանում համարյա բացակայում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել