Ասում է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Աշոտ Մարտիրոսյանը
– Պրն Մարտիրոսյան, մարտի 1-ի դեպքերից հետո քրեակատարողական հիմնարկներում հայտնվեցին 100-ից ավելի կասկածյալներ: ՔԿՀ-ները պատրա՞ստ էին նման «հյուրընկալության», ստեղծված արտակարգ իրավիճակին:
– Մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ կալանավորված անձինք, որոնք գտնվում են քրեակատարողական հիմնարկներում, 145-ն են: Նրանք տեղաբաշխվել են ըստ իրենց ռեժիմի եւ կարգավիճակի: Նախկին պաշտոնատար անձինք, ուժային կառույցների ներկայացուցիչները «Վարդաշենում» են, մյուսները՝ «Նուբարաշեն», «Վանաձոր», «Արթիկ» քրեակատարողական հիմնարկներում: «Երեւան-Կենտրոնում» են գտնվում ԱԺ պատգամավորները (Մյասնիկ Մալխասյանը, Հակոբ Հակոբյանը, Սասուն Միքայելյանը) ու նախկին գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը:
Նշեմ, որ քրեակատարողական համակարգը ոչ թե այդ ժամանակահատվածում պետք է պատրաստ լիներ, այլ մենք պատրաստ էինք ցանկացած իրավիճակում գործելու:
– Պրն Մարտիրոսյան, «Առավոտի» տեղեկություններով, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ցմահ ազատազրկման դատապարտվածների խուց են տարվել մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ կալանավորված անձինք:
– Ոչ, այդ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում: «Մահապատժի խցերում» չի պահվել ոչ մի կալանավոր: Նրանց ռեժիմը չի համապատասխանում ցմահների ռեժիմին:
– Կալանավորվածին ցմահների խուց տեղափոխելը, ըստ մեր աղբյուրի, հոգեբանական գործոն էր:
– Հոգեբանական գործոնների խնդիր չկա ու չունենք: Հոգեբանական ճնշում չկա: Բոլոր պայմաններն առկա են, որպեսզի այդ մարդկանց իրավունքները չսահմանափակվեն, իրենք զրկված չեն եղել տեսակցություններից, հանձնուք ստանալուց:
– Մարտի 1-ի դեպքերի հետ կապված կալանավորվածներից գրավոր դիմումներ, բողոքներ ստացե՞լ եք:
– Հիմնական դիմումները ստացվել են հացադուլի դիմածներից: Ունեցել ենք Պետրոս Մակեյանից մի դիմում՝ ջրադուլի հետ կապված: Վերջինս այսօրվա դրությամբ ջրադուլից դուրս է եկել եւ միակն է 23 հացադուլավորներից, որ շարունակում է իր հացադուլը: Ի դեպ, Մակեյանին «Նուբարաշենից» տեղափոխել ենք Գյումրի՝ դատական նիստերի համար: Հացադուլի ընթացքում զրուցել ենք գրեթե բոլոր կալանավորվածների հետ, ամենօրյա աշխատանք է տարվել սոցիալական բաժինների ու հոգեբանների կողմից, որպեսզի նրանք դուրս գային հացադուլից: Մարդասիրական բոլոր քայլերն արվել են: Անձամբ նախարարն ու ես զրուցել ենք հացադուլավորների հետ:
– Հացադուլի ընթացքում եղե՞լ է կալանավորի վիճակի կտրուկ վատացում:
– Հացադուլի ողջ ընթացքը հսկել են բժիշկները: Բացվել էր առանձին մատյան միայն հացադուլավորների հետ կապված: Արձանագրված որեւէ փաստ չկա: Քրեակատարողական հիմնարկները հացադուլի դիմումից հետո ընդունել են կալանավորներին, փորձել են համոզել, որ ծայրահեղ քայլի չդիմեն: Առանձնացվել էին նրանց առանձին խցերը: Որեւէ դժգոհություն այդ կապակցությամբ չի եղել, պահպանվել են հացադուլի բոլոր կանոնները:
– Պրն Մարտիրոսյան, վերջերս աշխատանքից ազատվեց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետը՝ Վաղինակ Առաքելյանը, եղան այլ ՔԿՀ-ների պետերի փոփոխություններ: Արդյոք այդ տեղափոխությունները կապ ունեի՞ն մարտի 1-ի դեպքերի առնչությամբ կալանավորված անձանց հետ:
– Կոնկրետ «Նուբարաշենում» ծառայողական քննություն էլ է անցկացվել, մի շարք աշխատակիցներ կարգապահական տույժերի են ենթարկվել, բայց պետի փոփոխությունը կապ չունի ակնարկվածի հետ: Ինչ վերաբերում է պետերի փոփոխությանը, դա մեզանում ընդունված կարգ է, որպեսզի անձը չլճանա նույն տեղում: Եթե նկատել եք, ավելի հաճախակի են նման փոխատեղումներ լինում:
– Արդյո՞ք մտավախություն չկար, որ հացադուլը զանգվածային բնույթ կստանար:
– Մտավախություն չունենք եւ տիրապետում ենք վիճակին:
– Մինչ օրս որքա՞ն ծառայողական քննություններ են եղել:
– 8 ծառայողական քննություն է անցկացվել: Մինչ այդ համալիր ստուգումներ էին անցկացվել, մասնավորապես՝ «Վանաձորում», «Վարդաշենում» եւ «Էրեբունիում»՝ ՔԿՀ հանձնաժողովի կողմից:
– Ի՞նչ խնդիրներ ունեք:
– Մենք զբաղված ենք քրեակատարողական հիմնարկների բարեկարգման խնդիրներով: Շուտով շահագործման կհանձնենք Հրազդանի կալանատունը, վերանորոգման աշխատանքներ են կատարվում Արթիկում եւ Կոշում: