Լրահոս
Օրվա լրահոսը

Դեւիսը կզբաղվի՞ քաղբանտարկյալներով

Ապրիլ 15,2008 00:00

\"\"Այս օրերին Եվրոպայի խորհրդում է ՀՀՇ վարչության անդամ, Լեւոն Տեր-Պետրոսյանի Ավանի նախընտրական շտաբի ղեկավար Հովհաննես Իգիթյանը:

«Ես այստեղ գտնվում եմ որպես ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին ղեկավար,- «Առավոտին» ասաց պրն Իգիթյանը:- Այցիս հիմնական նպատակն է հանդիպումներ ունենալ նախկին գործընկերներիս հետ՝ իրավիճակը նրանց ճիշտ ներկայացնելու համար: Ես հանդիպել եմ թե՛ մեր հարցով զեկուցողների, թե՛ այլ պատվիրակների հետ, որոնք ելույթ ունեցան մեր հարցի քննարկման ընթացքում: 3 հարց եմ արծարծում՝ քաղբանտարկյալների ազատ արձակում ու քաղաքական հետապնդումների դադարեցում, երկրորդը՝ խոսքի ազատություն, 3-րդը՝ մամուլի ազատություն: Անգամ հավաքների ազատության խնդիրը չեմ արծարծում, քանի որ այստեղ բոլորը հասկանում են, որ Հայաստանը «աֆերիստական տրյուկ» է արել եւ 2-3 ամսվա համար է ընդունել օրենքում հայտնի սահմանափակող փոփոխությունները, որ հետագայում հրաժարվի դրանցից: Իշխանությանն ուղղակի հարկավոր է, որ 3-4 ամիս չլինեն հանրահավաքներ: Ամենակարեւոր հանդիպումը երեւի Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի հետ էր (նրա հետ հանդիպել էր ապրիլի 11-ին ու նաեւ՝ 14-ին.- Ա. Ի.): Մենք փորձեցինք քաղաքական հարցերը մի կողմ դնել եւ խոսել Հայաստանում մարդու իրավունքների վիճակի եւ հատկապես՝ քաղբանտարկյալների մասին: Ինձ թվում է, Թերի Դեւիսն անձամբ կզբաղվի այդ հարցով, քանի որ 21-րդ դարում Եվրոպայի խորհրդի անդամ երկրում 150 քաղբանտարկյալ ունենալն անթույլատրելի է: Եվ այն հարյուրավոր մարդիկ, որոնք բերման են ենթարկվել փողոցից, ոստիկանությունում պահվել մի քանի ժամ՝ նույնպես հետապնդվել են քաղաքական դրդապատճառներով»:

Մեր հարցին, թե ի՞նչ տպավորություն է ստացել քննարկումներից՝ հնարավո՞ր է, որ ապրիլի 17-ի արտահերթ քննարկման հետեւանքով կասեցվեն ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության լիազորությունները, Հովհաննես Իգիթյանը պատասխանեց. «Եթե քաղաքական ենթատեքստը եւ ներքին որոշ նրբերանգները թողնենք մի կողմ, այո՛, Հայաստանը չի համապատասխանում ԵԽ անդամ երկիր լինելու չափանիշներին: Պարզ է, որ ինչ-ինչ միջոցներ կիրառելու հարցը կտեղափոխվի հունիս: Սակայն այն, որ այստեղ արդեն պատկերացնում են, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանում ընտրությունների ընթացքում եւ հետո՝ արդեն դրական է: Ես Հայաստանի պատվիրակության անդամների հետ էլ եմ հանդիպել: Առաջին հայացքից թվում է, թե մենք տարբեր խնդիրներ ունենք այստեղ լուծելու. Հովհաննես Իգիթյանն իբր փորձում է կասեցնել Հայաստանի անդամակցությունը, իսկ նրանք հակառակը՝ փորձում են մեր երկրի համբավը բարձր պահել: Այդպես չէ: Հայաստանն իր խնդիրները՝ այդ թվում նաեւ Լեռնային Ղարաբաղի ու տարածաշրջանային, կլուծի միայն այն ժամանակ, երբ մեր երկրում իրոք կլինի ժողովրդավարություն եւ ոչ թե դրա իմիտացիան»:

Հ. Գ. ԵԽ-ին Հայաստանի անդամակցումից ի վեր՝ առաջին անգամ է, որ լրագրողների այսչափ մեծ խումբ է հրավիրվել ԵԽԽՎ: Հայ 9 լրագրողների հետ չորեքշաբթի առանձին հանդիպելու է Թ. Դեւիսը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել