Լրահոս
Օրվա լրահոսը

Պենդերեցկու անվան սրահ՝ Հայաստանում

Ապրիլ 12,2008 00:00

Այսօր «Ա. Խաչատրյան» համերգասրահում գալա համերգով կավարտվի ապրիլի 7-ին մեկնարկած «Պենդերեցկու օրերը Հայաստանում» նախագիծը, որն իրականացրեց Եվրոպական փառատոնային ասոցիացիայի անդամ «21-ի հեռանկարներ» միջազգային փառատոնը: Հիշեցնենք, որ կայացած 5 համերգների ընթացքում Երեւանում էին ճանաչված երաժիշտներ՝ տասը երկրից: «Առավոտը» ներկայացրել էր հարցազրույց (8.04.208թ.) աշխարհահռչակ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու հետ: Երեկ հրավիրված երկրորդ ասուլիսում կոմպոզիտորը հիացմունքով խոսեց Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի, Հայաստանի պետական ակադեմիական եւ «Հովեր» երգչախմբերի պրոֆեսիոնալիզմի մասին եւ հայտնեց, որ պատրաստվում է հայկական տեքստով գրել հոգեւոր երաժշտություն՝ երգչախմբի համար: Նրան ուրախություն էր պատճառել համերգներին հանդիսատեսի շարքերում մեծաթիվ երիտասարդների ներկայությունը:Ասուլիսին ներկա էր կոմպոզիտորի կինը՝ Էլժպիետա Պենդերեցկին, որը Լեհաստանում շուրջ 15 տարի անցկացվող Բեթհովենի անվան փառատոնի նախագահն է: Մեր հարցին՝ տեղեկացված ենք, որ ձեր երկրում անցնող դասական երաժշտության փառատոները մեծաթիվ են, կուզեինք իմանալ դրանց անցկացման գործում պետության դերի եւ ընդհանրապես միջոցառումների ընթացքում կատարվող աշխատանքների մասին, տիկինն ասաց. «Լեհաստանում այսօր գործում է շուրջ 50 երաժշտական փառատոն: 20-րդ դարի կեսերին, կոմունիստական ռեժիմի ժամանակահատվածում է իմ երկրում սկիզբ առել փառատոնային շարժումը: «Վարշավյան աշունը» առաջին փառատոնն էր, որից հետո ստեղծվեցին այլ փառատոներ ու աշխուժացավ դասական երաժշտության պրոպագանդումը Լեհաստանում: Իմ տնօրինած փառատոնը Եվրոպական փառատոնային ասոցիացիայի անդամ է: Մենք միջոցառումներին հրավիրում ենք բարձրակարգ երաժիշտներ եւ խմբեր՝ նաեւ արտերկրից: Կարծում եմ՝ մոտ ժամանակներս փառատոնի աշխարհագրությունը կընդլայնվի նաեւ Հայաստանով»: Տիկին Պենդերեցկին հավելեց նաեւ, որ իրենք փառատոնի շրջանակներում անցկացնում են գիտաժողովներ, վարպետության դասեր եւ կոմպոզիտորների ձեռագրերի ցուցադրություններ, որոնց ստեղծագործությունները պետք է հնչեն միջոցառումների ժամանակ: Փառատոներին պետության հովանավորությունների մասով էլ հայտնեց, որ կառավարությունը 1/4-րդ կամ 1/5-րդ մասով է աջակցում, իսկ բյուջեի շուրջ 70%-ը հովանավորներն են հոգում, օգնում է նաեւ Վարշավայի քաղաքապետարանը:«21-ի հեռանկարներ» երաժշտական միջազգային փառատոնի նախագահ, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանից էլ հետաքրքրվեցինք, թե ճի՞շտ է այն լուրը, որ Երեւանում հիմնվելու է Քշիշտոֆ Պենդերեցկու տուն-թանգարան: Պարոն Ռոստոմյանը հերքեց, տեղեկացնելով, որ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի հետ ձեռք է բերված համաձայնություն՝ Պենդերեցկու անվան ժամանակակից երաժշտության սրահ կառուցելու մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել