«Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը դատապարտում է այս գործելաոճը
Երեկ «Անի» հյուրանոցում պետք է կայանար հայ-թուրքական հարաբերությունների թեմայով կոնֆերանս՝ նվիրված Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցին: Միջոցառումը, որը նախաձեռնել էր ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը, այդպես էլ չկայացավ: «Ապրիլի 24-ին լրանում է Հայոց մեծ եղեռնի 93-րդ տարելիցը եւ մենք՝ որպես եղեռն վերապրած կուսակցության երիտասարդական-ուսանողական միության անդամներ, ցանկանում էինք հավաքել ամբողջ երիտասարդական դաշտը, ծավալել քննարկում, լսել մարդկանց, ովքեր բավական մասնագիտացել են այս ոլորտում: Հրավիրել էինք ոչ միայն ընդդիմադիր կուսակցությունների ուսանողական-երիտասարդական միությունների ներկայացուցիչներին, այլեւ, ասենք, ՀՅԴ-ի, ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի երիտասարդական կառույցներին, նաեւ բանախոսների, որոնք ցեղասպանության խնդրի շուրջ արմատական, հակադիր դիրքորոշումներ ունեն: Օրինակ, ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի դիրքորոշումը, բնականաբար, ավելի կոշտ էր լինելու, քան, ասենք, նախկին արտգործնախարար Վահան Փափազյանինը»,- «Առավոտին» հայտնեց «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության ատենապետ Նարեկ Գալստյանը: Նրա խոսքով, իրենց նպատակը մեկն էր՝ «Հայտարարել, որ հայ երիտասարդներս միակամ ենք ցեղասպանության խնդրում, որ պահանջատեր ենք ու չենք մոռանա այն, ինչ եղել է»:
Երեկ առավոտյան «իրավիճակը» փոխվել է, նախապես պայմանավորված եւ պլանավորված միջոցառումն էլ հանվել: «Մեծ էր մեր զարմանքն ու վրդովմունքը, որ հերթական անգամ, վերջին րոպեներին միայն «Անի պլազայից» մեզ զանգեցին եւ ասացին, որ չեն կարող դահլիճ տրամադրել: Նշեմ, որ դահլիճի համար պայմանավորվել եւ վճարել էինք դեռ մեկ շաբաթ առաջ… Աննորմալ վիճակ է, բայց մեզ համար ամեն ինչ շատ պարզ է. «Անիում» մեղավոր չեն, պատկան մարմիններն են արգելել: Երեւի Հնչակյան անունը լսել ու որոշել են թույլ չտալ: Հասկանալով այս ամենի տակ թաքնված խորը ենթատեքստը՝ մենք դատապարտում ենք պատկան մարմինների այսօրինակ գործելաոճը եւ փաստում, որ ամբողջ աշխարհում Հայոց ցեղասպանությունը դատապարտող խորհրդաժողով մինչ այժմ չէր կարելի անցկացնել միայն Թուրքիայում եւ Ադրբեջանում: Երեկ առավոտյան 10:20-ից էլ Հայաստանի Հանրապետությունում դե ֆակտո արգելվեց նման խորհրդաժողով անցկացնելը,- փաստեց Ն. Գալստյանը՝ հավելելով,- ուշքի՛ եկեք, պարոնայք»: