Պատճառները դեռ պարզ չեն
Ապրիլի 6-ին Արարատի մարզի Խարբերդ համայնքի թերի զարգացած երեխաների մասնագիտացված մանկատան պատշգամբներից մեկում առավոտյան բռնկված հրդեհը, ըստ մանկատան աշխատակիցների, հաջողվել է արագորեն մարել: Իսկ թե ինչ պատճառով է այն բռնկվել՝ անհայտ է եւ իրավապահների պարզելիքը: Երբ այցելեցինք մանկատուն, հրդեհից վնասված պատուհանն ու պատշգամբն արդեն վերանորոգվել էին, բայց կոլեկտիվը դեռ պատահածից ուշքի չէր եկել:
«Առավոտյան հերթապահությունը ես եմ ընդունել, կերակրել երեխաներին: Հետո նրանք գնացել ենք խաղասենյակ: Երեխաներից մեկին տարա լոգարան, իսկ հագուստը՝ պատշգամբ, եւ դրեցի ընդհանուր լվացքատուն տարվող հագուստների վրա: Մեկ էլ ճաշասենյակում դույլը լվանալու պահին նկատեցի պատշգամբի հրդեհը եւ ծուխը, որ արագորեն լցվում էր ներս: Մեկ դույլ ջրով չհանգավ կրակը, ձայն տվեցի, մյուս աշխատողները եկան, արագ տարհանեցինք երեխաներին ու հանգցրինք կրակը, մինչեւ հրշեջ ծառայությունը կգար»,- «Առավոտին» պատմեց դայակ Գայանե Բադալյանը: Ըստ նրա, հնարավոր չէ, որ երեխաները դա արած լինեն, քանի որ պատշգամբի դուռը փակ էր: «Քանի օր է, չեմ գտնում տեղս, ամեն պահի թվում է՝ ուր որ է հրդեհ է բռնկվելու: Ախր կարող էր ավելի վատ ավարտվել ամեն ինչ: Լավ է, որ երեխաներին որեւէ բան չեղավ»,- հուզված նշեց նա:
Մանկատան փոխտնօրեն Գարեգին Բալասանյանն էլ «Առավոտին» հայտնեց, որ դեպքին նախորդած գիշերը մի պահ անջատվել են մանկատան լույսերը. «Այդ օրվա հերթապահը հայտնել է, որ չնայած հուսանքազրկմանը, նավթով լամպը չեն վառել: Հրդեհի պատճառը պարզելու համար քննիչը լամպն էլ է տարել փորձաքննության… Մինչեւ հիմա ամեն ինչ հանելուկ է բոլորիս համար: Հնարավոր չէ, որ հիվանդ երեխաները դա արած լինեն, որովհետեւ նրանք չեն էլ պատկերացնում, որ լուցկին վառելու համար է: Բացի այդ, խմբում լուցկին փակի տակ է»:
Փոխտնօրենը հայտնեց նաեւ, որ մանկատան հրդեհը հանգցնելու եկած համայնքի բնակիչ Արսեն Աղաջանյանը, որը վնասվածքներ էր ստացել, թունավորվել շմոլ գազից ու տեղափոխվել էր հիվանդանոց, արդեն տանն է:
Մանկատան անվտանգության տեխնիկայի եւ հակահրդեհային պաշտպանության ճարտարագետ Սեդա Մխիթարյանը՝ պատասխանելով մեր հարցին, թե ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում նման միջադեպերը կանխելու համար, պատասխանեց, որ ամեն ինչ անում են, որպեսզի մանկատան աշխատակիցները իրազեկ լինեն անվտանգության բոլոր կանոններին, վտանգավոր իրավիճակներում արագ կողմնորոշվեն, մանավանդ գործ ունեն մտավոր խնդիրներ ունեցող երեխաների հետ. «Նրանց հետ աշխատելը բարդ է: Ամեն վայրկյան հնարավոր են անկանխատեսելի արարքներ: Դրա համար աշխատողներից պահանջում ենք լինել զգոն: Տարին մեկ անգամ էլ փորձնական ուսուցողական միջոցառում-դասընթաց ենք կազմակերպում, արհեստական հրդեհ ստեղծում ու փորձում հնարավորինս արագ տարհանել երեխաներին»: Ինչ վերաբերում է պատահարին, Ս. Մխիթարյանն այն համարեց անուշադրության եւ անփութության արդյունք. «Եթե անգամ երեխաներն արած լինեն, դա արդարացում չէ, քանի որ հիվանդ երեխաների յուրաքանչյուր քայլի համար պատասխանատու է աշխատողը»: