Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երկրապահները սպառնում են հացադուլ հայտարարել ընտանիքներով

Ապրիլ 12,2008 00:00

\"\"Երեկ Շիրակի մարզի թվով 62 ազատամարտիկներ հանդես եկան «իշխանություններին խելքի գալու, իրենց հանգիստ թողնելու ու բանտարկված ընկերներին ազատ արձակելու» պահանջով:

«Երկրապահ կամավորական միությունը» երբեք քաղաքական կառույց չի եղել, ազատամարտիկը երբեք ու երբեք իշխանամետ չի եղել, եղել է պետականամետ, մենք չենք կարող անմասն մնալ ժողովրդի ունեցած արդարացի պահանջներին, մենք կազմում ենք մեր ժողովրդի մի մասը, ուստիեւ չի կարելի ազատամարտիկին իր քաղաքացիական, ոչ թե քաղաքական հայացքների համար հանիրավի ձերբակալել, տեսնես՝ էս պետությանը մենք էլ պետք չե՞նք գալու»,- երեկ Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում այսպես սկսեցին իրենց ելույթը մարզի ազատամարտիկները, որոնք այդպես էլ չեն հասկանում, թե ո՞ր մեղքի համար են իրենց հետ նման «սադիզմով» վարվում՝ հալածում, անարգում… Նրանց պատմելով՝ հայրենի իշխանությունները գրեթե բոլորի տները «դեսանտ» են իջեցրել՝ տակնուվրա արել, խուզարկել ու փորձել պարտադիր նրանց մեջ հանցագործներ փնտրել:

Մի խոսքով, վերջիններս այնքան են ազատամարտիկներին զզվեցրել, որ նրանք երեկ հայտարարություն են տարածել, ուր մասնավորապես ասված է. «Շիրակի մարզի թվով 62 ազատամարտիկներս ՀՀ իշխանություններին հայտնում ենք մեր մտահոգությունն ու անհանգստությունը մեր մարտական ընկերներին իրենց քաղաքական հայացքների համար մինչեւ օրս անազատության մեջ պահելու վերաբերյալ: Հիշեցնում ենք, որ Շիրակի մարզից այժմ անազատության մեջ են գտնվում ազատամարտի հրամանատարներ Աշոտ Զաքարյանը, Մուշեղ Սաղաթելյանը եւ ազատամարտիկներ Հարություն Ուռուտյանն ու Գեւորգ Ղազարյանը: Նրանք անմիջականորեն կանգնած են եղել ՀՀ անկախ պետականության ստեղծման ակունքներում եւ իրենց մեծագույն ավանդն են ներդրել ՀՀ սահմանների պաշտպանության, ԼՂՀ ինքնապաշտպանության գործողությունների ընթացքում: Այս ամենը հայտնի է թե ՀՀ ազգաբնակչությանը, թե ԼՂՀ ժողովրդին, թե իշխանություններին: Այս բողոքի հայտարարությամբ մենք արտահայտում ենք մեր խորը հիասթափությունն ու ափսոսանքը, որ ազատամարտիկները իրենց արյան գնով ստեղծած եւ պահպանած հայրենիքում ենթարկվում են բազմաբնույթ ճնշումների, ապա հայտնվում բանտերում՝ քաղաքական բանտարկյալների կարգավիճակով: ՀՀ իշխանություններին զգուշացնում ենք, որ նմանատիպ քայլերով իրենք վտանգում են նաեւ մատաղ սերնդի ռազմահայրենասիրական ոգին, որում մենք տեսնում ենք Հայաստանի պաշտպանվածության ապագան: Սույն հայտարարությամբ մենք սթափվելու եւ խոհեմության կոչ ենք անում ՀՀ իշխանություններին՝ փոխել ազատամարտիկների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը եւ ազատ արձակել մեր մարտական ընկերներին: Միաժամանակ պարտավոր ենք զգուշացնել, որ ազատամարտիկների քաղաքական հալածանքների շարունակականությունը, մեր եւ հանրության հորդորների նկատմամբ արհամարհանքը առավել են սրում երկրում ստեղծված իրադրությունը: Քաղաքական հայացքների համար ազատամարտիկների նկատմամբ տարվող աննահանջ հալածանքի հետեւանքների ամբողջ պատասխանատվությունը ընկնում է Հայաստանի իշխանությունների վրա»: Ու չնայած երկրապահների հետ այսքան վատ են վարվում, նույնիսկ կառույցը «գլխատում են», այդուհանդերձ երկրապահների վստահեցմամբ՝ իրենց ջլատել հնարավոր չէ. իրենք եղել են, կան ու կլինեն: «Թող գրասենյակները փակեն, հո մեր տներն էլ չե՞ն փակի»,- ասում են նրանք՝ խոստանալով բողոքի բոլոր օրինական միջոցներին դիմել հանուն ընկերության:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել