Խստանում է նոր վարչապետը
«Ես հետեւելու եմ, որ նախարարներն անշեղորեն կատարեն իրենց պարտականությունները, այլապես հրապարակային ձեւով գնահատական կտրվի նրանց գործունեությանը»,- երեկ կազմակերպված «Բանկային եւ ֆինանսական ոլորտի աշխատանքի տոնավաճառի» ժամանակ ի պատասխան լրագրողների հարցին, թե անկուսակցական վարչապետն ինչպե՞ս է ղեկավարելու մեր կուսակցական նախարարներին՝ այսպես պատասխանեց ՀՀ նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա նաեւ հայտարարեց, որ առայժմ կուսակցական դառնալու մտադրություն չունի եւ հավելեց. «Չնայած, երբեք մի ասեք երբեք»: Հիշեցնենք, որ նախօրեին «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը մտահոգություն էր հայտնել, որ Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարությունը «անպատասխանատու» կլինի, քանի որ նա չի կարողանա կարգի հրավիրել իրեն ենթակա նախարարներին: Տիգրան Սարգսյանն այդպես չի կարծում: Որպես ապացույց, նա երեկ բոլոր նախարարներին զգուշացրեց, որ այսուհետեւ ավելի աչալուրջ աշխատեն, քանի որ նրանց պարտականությունները հստակեցվելու են: Նորընտիր վարչապետը խոստանում է վերջ դնել զոռբայությանն ու լկտիությանը եւ տեղ տալ միայն դաստիարակությանն ու ինտելեկտին: Իսկ թե ինչպես է վարչապետը պատրաստվում պայքարելու օլիգարխների զոռբայության եւ ստվերային տնտեսության դեմ, նա պատասխանեց. «Նույն երեւույթների դեմ պայքարել ենք բանկային ոլորտում, հիմա ասպարեզն ընդլայնվել է եւ մենք պետք է այդ նույն ճանապարհն անցնենք»:
Թե որն է իշխանության եւ ընդդիմության միջեւ երկխոսության հասնելու ճանապարհը, վարչապետն այնքան էլ լավ չի պատկերացնում: Կառավարության հնարավոր փոփոխությունների մասին հարցին ի պատասխան՝ Տ. Սարգսյանը խորհուրդ տվեց համբերություն ունենալ, մի քանի օր սպասել ու ամեն ինչ պարզ կլինի: Նրա խոսքերով՝ «Այժմ բանակցություններ ու քննարկումներ են ընթանում եւ ցանկացած մեկնաբանություն կարող է խանգարել այդ գործընթացին»:
Ի պատասխան լրագրողների այլ հարցերին, Տիգրան Սարգսյանը խնդրեց նկատի ունենալ, որ ինքը պաշտոնավարում է ընդամենը 2 օր եւ հարցախեղդ չանել. «Մի քիչ խնայեք ինձ, էլի»:
Ինչ վերաբերում է բանկային ոլորտի աշխատանքի առաջին տոնավաճառին, մասնակից տասից ավելի ֆինանսավարկային կազմակերպություններ այցելուներին առաջարկում էին իրենց թափուր աշխատատեղերն ու ներկայացնում դրանց համար պահանջվող պայմանները: Կազմակերպիչների կարծիքով, այս տոնավաճառի շնորհիվ, գործազուրկ մասնագետները հնարավորություն կունենան գտնել բարձր վարձատրվող աշխատանք, իսկ չգտնելու դեպքում էլ գոնե կգրանցվեն մասնակից կազմակերպությունների տվյալների բազայում: ԿԲ նախկին ղեկավարի դիտարկմամբ՝ «Այսօր ուսանողության շրջանում գիտելիք ձեռք բերելու ձգտում չկա, քանի որ նրանք տեսնում են, որ հարստանալու համար գիտելիքն այնքան էլ կարեւոր չէ: Հայաստանում տասնյակ բուհեր կան, որոնց «պրոդուկտը» որակյալ չէ, եւ այդ բուհերի կադրերը Կենտրոնական բանկում նույնիսկ չեն կարողանում քննություն հանձնել, այդ պատճառով էլ ԿԲ-ն, որպես ռազմավարական գործընկեր, իր համար ընտրել է միայն ԵՊՀ-ն եւ Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանը, միայն նրանք են, որ բանկային ոլորտի որակյալ մասնագետներ են կրթում»:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հարցազրուցը կարացեք